Մայիսի 28-ին հայկական «Կիլիկիա» առագաստանավը կբռնի տունդարձի ճանապարհը: Հարավային Անգլիայի ափերին ժամանակավոր դադար առած «Կիլիկիան» կանցնի Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի ջրերով, օգոստոսին կհասնի Սանկտ Պետերբուրգ, որտեղիցՙ դեպի Սեւ ծով, դեպի Փոթիի նավահանգիստ: Փոթիից «Կիլիկիան» Հայաստան կբերվի ցամաքային ճանապարհովՙ քարշակով, իսկ մյուս գարնանից կլողա Սեւանի ջրերում: «Ազգի» հետ զրույցում նավապետ Կարեն Բալայանը տեղեկացրեց, որ նավի հիմնական անձնակազմը Երեւանից կմեկնի մայիսի 14-ին: Մինչ նավարկությունը, մոտ մեկ շաբաթ «Կիլիկիան» կպատրաստվի ճամփորդությանը:
Երեկ նավաստիներին ընդունել են ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ինչպես նավարկության նախորդ փուլերում, այս անգամ եւս կառավարությունը հնարավորինս կաջակցի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու նավարկության ընթացքում ծագող խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը «Կիլիկիայի» անձնակազմին պարգեւատրել է ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալովՙ հայկական ծովագնացության եւ նավաշինության միջնադարյան ավանդույթների վերականգնման, Հայաստան-սփյուռք համազգային միասնության ամրապնդման համար: Այսօր հայ նավաստիներին կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նավի անձնակազմի անդամներ, ռեժիսոր Արեգ Նազարյանը եւ օպերատոր Սամվել Բաբասյանը մայիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսին կներկայացնեն «Կիլիկիայի» ճամփորդության երկրորդ փուլի մասին պատմող վավերագրական ֆիլմը:
Թ. Մ.