Կերի Քահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գիրքը
Մենք մեզ այն վիճակի հասցրինք, որ արդեն ապրում ենք օրվա ուրախություններով ու հոգսերով, որովհետեւ ամենատարրական բանը` օրվա ապրուստը դժվարությամբ ենք վաստակում: Վաղվա օրվա մասին մտածելու ոչ եռանդ եւ ուժ ենք թողել մեզ, ոչ էլ առավել եւս` ցանկություն: Ու, ահա, մեր այս թշվառ վիճակն օգտագործելով, մեր երկիրը (ինչու միայն մերը) կործանողները աշխատում են անել ամեն ինչ` համաշխարհային համահարթեցման, գլոբալիզացիայի հասնելու համար: Հակամարդկային ու սատանայական այս ծրագիրն իրագործելու համար աշխարհի այս կամ այն երկրում հսկայական գումարներ են ծախսվում: Իսկ փողը, նյութականն այսօր, դժբախտաբար, դարձել է մարդկանց որսալու ամենակարճ ճանապարհը, հիմնական գործիքը: Հատկապես` տնտեսական ցածր զարգացածություն ունեցող երկրներում:
Կարճ ժամանակ առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում մտցվեց սոցիալական քարտերի համակարգը, ապա նաեւ պարտադրվեց, Հայաստանի հակագլոբալիստական միավորումը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մարդկության համընդհանուր համարակալումը դեպի գլոբալացումը տանող հիմնական քայլերից մեկն է: Գլոբալացումը դեմ է դեմոկրատիային, ազատամտությանը, ազգային մտածելակերպին եւ հայրենասիրությանը: Դրանց փոխարեն գլոբալացված աշխարհում բոլոր մարդիկ պետք է համարակալվեն եւ լինեն ամբողջական, համապարփակ հսկողության տակ: Համարակալումը կատարվում է հիմնականում Համաշխարհային բանկի գումարներով, որն աշխարհը գլոբալացնող կառույցներից մեկն է: Հայաստանում մարդկանց համարակալումը սկզբում անցկացվում էր կամավոր, իսկ այժմ այն գործնականում կատարվում է պարտադիր կերպով, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու եւ առանց հանրաքվեի: Համարակալման օրենքն ընդունել է չընտրված, գլոբալիստական ուժերի կողմից նշանակված խորհրդարանը: Այն տպավորությունն է, որ խորհրդարանի առաքելությունն է ընդունել ապազգային օրենքներ, այդ թվում` համարակալման վերաբերյալ օրենքը, վաճառել ազգային հարստությունները...»:
Դժբախտաբար, այս կոչին հետեւողներ քիչ եղան: Ոմանք իրենց անձնական խնդիրներն էին փորձում լուծել, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը չէր տեսնում եւ մինչեւ օրս էլ չի տեսնում գլոբալացման տանող այս առաջին քայլի ողբերգական հետեւանքները:
Ինչպես վայել է իրեն քաղաքակիրթ ներկայացնող ամեն մի երկրի, մենք երբեմն հանրաքվեներ ենք անցկացնում: Սակայն այս կարեւոր, հայ ազգի համար բախտորոշ այս հարցի պատասխանն ստանալու համար հանրաքվե չանցկացվեց, ազգի հետագա ճակատագրով մտահոգ կազմակերպություններին ու անձանց հնարավորություն չտրվեց բացատրելու գլոբալացման վտանգները: Ու, ահա, անպատրաստ, անգիտակ, այս համարակալումն էլ անցկացրինք: Աստված վկա, շատ անտարբեր (ժողովրդի լեզվով ասած շատ «բառադի» ազգ ենք դառնում): Ազգային անվտանգության հստակ հայեցակարգը չի երեւում: Մշակութային քաղաքականություն չի մշակված (ՀՀ մշակույթի հերթական նախարարներից մեկը մի օր կարդացել էր այդպիսի հայեցակարգ նշանակող փաստաթղթերից մեկը եւ հպարտորեն հայտարարել, թե մի քանի տասնյակ տառասխալ է գտել): Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:
Կարդացել եք, չէ՞, Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» («Ագարակ») գործը: Շատ բան չե՞ք հիշում: Նորից կարդացեք եւ քննադատաբար, լուրջ ուսումնասիրելով: Մեզ (ոչ միայն հայերիս, ամբողջ աշխարհը) տանում են դեպի անասնաֆերմա:
Այս մտածումներն ունեցա, երբ կարդացի վերջերս հրատարակված Կերի Քահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գիրքը, որը թարգմանել ու հայացրել է այժմ արդեն հանգուցյալ Հակոբ Բոդրումյանը (գիրքը կազմել, խմբագրել եւ հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը, հեղինակային հրատարակություն, Երեւան, 2006 թ., 144 էջ):
Անչափ կարեւոր այս հրատարակությունը սոսկ Կերի Քահի գրքի թարգմանությունը չէ: Գրքում եղած ընդարձակ նախերգանքը (հեղինակ` Հակոբ Բոդրումյան), Գեւորգ Յազըճյանի խմբագրական խոսքը, ինչպես նաեւ ծանոթագրությունները անչափ ընդարձակ տեղեկություններ են հաղորդում գլոբալացման ոչ միայն համաշխարհային, այնպես էլ հայ ազգային վտանգների մասին:
Գիրքը, որը գեղարվեստական արժեք չունի ( գեղարվեստական կողմը իմաստ էլ չունի), հիմնված է պրպտումների, փաստացի տվյալների եւ բացահայտումների վրա: Միացյալ Նահանգները 20-րդ դարի վերջին տասնամյակում ցնցած այս գիրքը ահազանգ պետք է լինի նաեւ հայերիս համար, առաջին հերթին հայերիս համար, որովհետեւ մենք այսօր շատ ավելի ենք վտանգված:
«Կերի Քահը մտահոգված է մարդկության ապագայով,- գրում է Հակոբ Բոդրումյանը «Նախերգանքում»: - Ինչ որ մի գաղտնի ուժ փորձում է մարդկությունն ստրկացնել, ազգերը ջնջել, մարդուն վերածել թվի, համարի: Նա գիտի այդ ուժի անունը, բայց ոչ մի տեղ չի տալիս այն: Երկար գրում է աշխարհի տնտեսության, քաղաքականության մասին, տալիս է հրեաների անուններ, բայց սիոնիզմի մասին` ոչ մի նշում:
Կարծում եմ, որ նա վախենում է սիոնիզմից: Չեմ այպանի: Սիոնիզմը միլիոնգլխանի դեւ է...»:
Բոդրումյանը համոզված հայտարարում է, որ այդ նույն ուժն օգտագործում է մասոնականությունը` մարդկությունը դարձնելու միահավատ կամ անհավատ, այսինքն` ջնջել ամեն բարոյականը, սկզբունքը, հարգանքը, մարդուն վերածել խոտի եւ իշխել:
Քահի գրքի ընթերցմանը հասնելուց առաջ Հակոբ Բոդրումյանը ներկայացնում է իր մտորումները, որոնք վերաբերում են հային, հայությանը, Հայաստանին:
«Ըստ աշխարհը գրավելու ելածների ծրագրի, Հայաստանը մի ուրիշ երկիր կամ տարածաշրջանի մասը պիտի լինի,- գրում է Բոդրումյանը,- հայ ժողովուրդը պիտի ապրի իր գյուղերում եւ քաղաքներում, բայց ինքնորոշման իրավունք չունենա, ներկան եւ մասնավորապես ապագան պիտի որոշի ուրիշը, նա՛ պիտի կառավարի մեզ...»:
Հարկ չկա ճշտելու, որ այդ «ուրիշը», «նա»-ն, ըստ Հակոբ Բոդրումյանի կրկին սիոնիզմն է, որը թափանցել է հայ եւ հայաստանյան իրականության մեջ եւ ամրապնդվել է ցանկանում:
Այս գրքում խիստ մեղադրանքներ կան, որոնք եթե իրավացի են, ապա ես կընդունեմ շատ մեծ ցավով: Սակայն մինչ մեղադրանքների մասին խոսելը, կուզեի շեշտել մեկ հանգամանք. Բոդրումյանը այն հազվագյուտ սփյուռքահայերից է (եւ գուցե հայերից է ընդհանրապես), ով շատ բարձր, ավելին` հիացական գնահատական է տալիս Հայաստանի խորհրդային 70 տարիներին: «Դա ադամանդյա դար էր,- գրում է Բոդրումյանը: -Անկրկնելի. այդպիսի բան դուք ձեր երազների մեջ էլ չեք տեսնի: Սմսեղուկներ թող չբարբաջեն: Ինչ որ Հայաստանում այսօր կա որպես արժեք, այդ յոթանասուն տարիներին ենք պարտական: Որքա՞ն ժամանակ է պետք հասնելու այդ բարձրությանը...»:
Իսկ ա՞յժմ: «Այսօր մենք սփռվել ենք աշխարհի չորս ծագերում, անտեր-անտիրական, կորցրած ազգային հպարտություն, զիջած բոլոր սրբությունները, անգիտակ մեր ազգային հարստություններին, մշակույթին, արվեստին, երաժշտությանը, գրականությանը, որոնք ինչպիսի՜ երկունքներով ստեղծել ենք դարերի ընթացքում...»:
Հակոբ Բոդրումյանը Երեւանը տեսնում է Երեւանը լքող եւ Լոս ճողոպրող երեւանցիներով, թուրքական ապրանքներով լցված, աթոռակռիվներով, հոկտեմբերի 27-ով, «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսով, որը ոչ մի կերպ գործ չի դառնում: Ըստ Բոդրումյանի, վիճակը վատ է նաեւ սփյուռքում: ՍԴՀԿ-ի հովանավորյալները սփյուռքի նախկինում ամենահզոր գաղութում` Լիբանանում սոսկ բասկետբոլ են խաղում, դաշնակցականները` ֆուտբոլ, խաղում են միմյանց ընտիր հայհոյանքներ շպրտելով: Փակվում են հայկական ակումբները եւ դպրոցները: Գրքում բավական թափանցիկ ակնարկվում է սփյուռքի ամենախոշոր հայկական ուսումնական հաստատություններից մեկի` Կիպրոսի «Մելգոնյան» վարժարանի շուրջը կասկածելի գործարքի մասին: Մի՞թե ճիշտ է մեղադրանքը...
Ու այս ամենին, որպես կնիք, գալիս է «Արարատ» շաբաթաթերթում Հայաստանի մասոնական Մեծ օթյակի Մեծ վարպետ, Քրիստափոր Սահակյանի հայտարարությունը. «... Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը վերջապես հնարավորություն ունեցան Հայաստան տեղափոխելու այս ջահը, օծելով Հայաստանի մասոնական Մեծ օթյակը 30 հուլիս 2002-ին... Այսօր հուդա-մասոնական «Լույսը» շողում է Հայաստանի վրա... Մենք բոլորս, որպես անդամներ Հայաստանի հուդա-մասոնական Մեծ օթյակի` հանձնառու ենք կառուցելու «Լույսը»` որպեսզի շողա Հայաստանի վերեւ եւ որպեսզի կիսենք այս «Լույսը» ուրիշների հետ...»:
Անկեղծ ասած, դժվարությամբ կարդացի այս գիրքը, որը մեծ տագնապ է հնչեցնում: Բայց որ պետք էր կարդալ` դա անպայման է:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ