Սեւ ծովում երեկ վերսկսվել են «Արմավիա» ընկերության կործանված A-320 օդանավի սեւ արկղերի որոնման աշխատանքները: Սոչիից աղետի վայր է եկել «Նավիգատոր» նավը, որի վրա ֆրանսիացի մասնագետները տեղադրել են հավելյալ սարքավորումներ:
Միաժամանակ հաղորդվում է, որ աղետի օրն Ադլերի օդանավակայանում A-320-ի վայրէջքից առաջ օդանավին երկրորդ պտույտը կատարել տված թռիչքավարն անհետացել է:
ՌԴ օդային աղետների քննության միջպետական ավիացիոն հանձնախմբի ղեկավար Ալեքսեյ Մորոզովը երեկ հաստատել է, որ այդ թռիչքավարն իրոք A-320-ի օդաչուին կարգադրել է «դադարեցնել վայրէջքը եւ աջ թեքվելով բարձրանալ վատ եղանակի պատճառով»:
A-320-ի հետ վերջին խոսակցությունն արձանագրված է Մոսկվայի ժամանակով 2-ն անց 12 րոպեին: Տեղորոշիչ սարքի վրա վերջին նշումը թողնված է 2-ն անց 13-ին: Մորոզովի խոսքերով, ներկայումս «վերծանվում են վերգետնյա օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալները, որպեսզի ճշգրտվի A-320-ի բարձրությունը»:
Չի բացառվում, որ չարաբաստիկ թռիչքավարին թաքցրած լինեն ապահովության նկատառումներով: Նրա գործընկերներից մեկը «Նովիե իզվեստիա» թերթի թղթակցին ասել է, թե աղետից հետո զոհերից մեկի հարազատներն իբր սպառնացել են մորթել թռիչքավարին եւ նրա ընտանիքին:
Այս տեղեկատվությանը երեկ հաջորդեց վթարի ուսումնասիրման միջպետական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Մորոզովի պարզաբանումը. «Ինքնաթիռը սկսել է աջ շրջապտույտը բարձրություն հավաքելով, այդուհետեւ անցել է վայրէջքի եւ բախվել ջրի մակերեսին»: Սրանում, թերեւս, թռիչքավարի մեղավորության հավանականությունը մերժելու միտում կա:
Երեկ «Արմավիայի» մամլո ծառայությունից տեղեկացանք, որ «Մարդկային գործոնի առնչությամբ Մ. Բաղդասարովի դիրքորոշումը անփոփոխ է մնումՙ ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկինՙ լինի ինքնաթիռի անձնակազմի անդամ, թե թռիչքավարը, դատապարտել կամ մեղադրել պատահածի համար: Այդ թեմայով բոլոր շահարկումներն անթույլատրելի են»: Սակայն նախօրեին, հիմք ընդունելով թռիչքավարի եւ օդանավի անձնակազմի զրույցի վերծանմամբ պարզված փաստերը, «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովը հայտարարել էր, որ թռիչքավարի սխալ հրահանգներից է իրավիճակը վատթարացել:
Դատելով վթարի ենթարկված A-320-ի ընկած տեղանքի բարդությունից եւ Սեւ ծովի հատակում քայքայիչ նյութերի մեծաքանակ առկայությունից, մասնագետները վստահեցնում են, որ ինքնաթիռի սեւ արկղերը կարող են պահպանվել առավելագույնը մեկ ամիս: Բացի դրանից արկղերի ռադիոհաղորդիչների մարտկոցները ունեն 30 օրվա սնուցում եւ ազդանշաններ կուղարկեն այդ տեւողությամբ: Համաձայն դրաՙ արկղերի հայտնաբերման եւ բարձրացման համար մնացել է 21 օր: Բայց հավանական է համարվում սեւ արկղերի հայտնաբերումն ու Սեւ ծովի հատակից դուրս բերելը առաջիկա մի քանի օրերին: Երեկ մասնագետները արկղերի տեղը պարզել են 5 մետրի մոտավորությամբ: Այսօր հույս ունեն հաստատապես պարզել սեւ արկղերի տեղը: