Այն էլՙ «Գորշ գայլերի» երբեմնի խոսափող «Զաման» թերթում
Նախորդ համարում «Ազգը», հիմք ընդունելով թուրքական աղբյուրները, տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «1915 թ. ցեղասպանության ժխտումը» պատժելի հանցանք համարող օրենքի նախագիծը: Նույն աղբյուրներն այնուհետեւ նշեցին, որ օրինագիծն իրականում դրվել է իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում եւ մերժվել առանց քննարկումների:
Հանձնաժողովի որոշումը պարտավորեցնող չէ, հետեւաբար անկախ մերժումից օրինագիծը մայիսի 18-ին կքննարկվի եւ քվեարկության կդրվի Ֆրանսիայի խորհրդարանում: Թերեւս դա է պատճառը, որ չեն դադարում օրինագծին հակազդելու թուրքական դրսեւորումները:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Փարիզ գործուղված Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակության բանակցություններին, Թուրքիայում գործող ֆրանսիական որոշ ֆիրմաների համար վարչապետ Էրդողանի կազմակերպած ընդունելությանը, «Լիբերասիոն» թերթում 9 մտավորականների հրապարակած բաց նամակին, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում Թուրքիայի դեսպաններին խորհրդակցելու նպատակով Անկարա կանչելու արտգործնախարարության գործելակերպին:
Երեկ դեսպանները վերադարձել են իրենց պաշտոնավարման վայրը: Դրան է նախորդել Թուրքիայի նախագահ Սեզերի նամակը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին: Ըստ «Հյուրիեթի», նամակում Սեզերը գոհունակությամբ է արձանագրել Շիրակի նպաստը թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, ընդգծել է պատմական խնդիրները պատմաբանների հայեցողությանը թողնելու անհրաժեշտությունը, ապա նշել, որ օրինագիծը հակասում է մտքի ազատության Ֆրանսիայի կարեւորած սկզբունքին:
Նախագահ Սեզերը Ֆրանսիայի նախագահին հիշեցրել է «ցեղասպանության պնդումների առնչությամբ համատեղ հանձնաժողով ստեղծելու» Հայաստանին Թուրքիայի արած առաջարկի մասին: Անկախ բովանդակությունից նամակում Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, օգտագործում է «ցեղասպանություն» բառը: Ի տարբերություն նրան, Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հակումներով հայտնի թուրք մտավորականները, որոնց միացել են նաեւ Հրանտ Դինքն ու Էթիեն Մահճուպյանը, «Լիբերասիոնին» հղած նամակում, որի թուրքերեն տարբերակը հրապարակել է նաեւ «Ռադիկալ» թերթը, ոչ մի կերպ չեն հիշատակում ցեղասպանության մասին, նախընտրելով 1915 թ. իրադարձությունները բնութագրել վայրագություն:
Այս նամակը մասնավոր մոտեցման կարիք ունի: Պարզապես ասենք, որ եթե վերոհիշյալ օրինագիծը դատապարտելու առումով Դինքն ու Մահճուպյանը միացել են թուրք մտավորականներին, ապա Պոլսո մեր հայրենակիցներին էլ միացել է Լոնդոնում գործող «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Այլ կերպ` օրինագիծը թուրք գիտնականների հետ դատապարտել է նաեւ լոնդոնաբնակ մեր հայրենակիցը, ընդ որում դատապարտելու համար նախընտրել է «գորշ գայլերի» երբեմնի խոսափող «Զաման» թերթը, պատասխանելով ապրիլի 11-ին Բրյուսելում դրա հարցերին:
Մինչ պատասխաններին անդրադառնալը, «Զամանը» նշում է, որ Սարաֆյանը բուռն հակազդեցություն է ցուցաբերել ֆրանսիական օրինագծին: Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ օրինագծի ընդունումը վերջ կտա Թուրքիայում (հայկական խնդիրների շուրջը) ծավալվող բանավեճերին, եւ ինքը սկզբունքորեն դեմ չէր լինի ստորագրել թուրք մտավորականների հրապարակած նամակը:
Սարաֆյանը նշել է, որ օրինագիծը Ֆրանսիայում օրենքի ուժ ստանալու դեպքում լուրջ վնաս կհասցնի Եվրոմիության հետ Թուրքիայի հարաբերություններին, դա կհանգեցնի ազգայնականության վերելքին, ինչի հետեւանքով մեծապես կտուժի ժողովրդավարացման գործընթացը երկրում: Ըստ Սարաֆյանի, ինչպես հայ, այնպես էլ թուրք ազգայնականների շահերից բխող այդ իրավիճակը հարցի լուծմանը նպաստելու փոխարեն դա կդարձնի հարատեւ:
Սարաֆյանը պաշտոնական Փարիզից պահանջել է նախ հաշտվել իր անցյալի հետ եւ տարօրինակ է համարել օրինագծին առնչվող Ֆրանսիայի քայլը, պատճառաբանելով, թե այս երկիրը դեռեւս Ալժիրի եւ Ռուանդայի խնդիրներ ունի: Նա Ֆրանսիային մեղադրել է Ալժիրում իրագործած ցեղասպանության համար ներողություն չխնդրելու եւ Ռուանդայի ցեղասպանությանն անմիջականորեն մասնակցելու մեջ:
Սարաֆյանը քննադատել է նաեւ հայկական սփյուռքին եւ Թուրքիային: Նա ընդգծել է, որ թուրքական կառավարությունները, մերժելով հայկական հարցի գոյությունը, «նպաստել են արմատական ազգայնականների հայկական ճակատի հզորացմանը»: Այնուհետեւ Սարաֆյանը ավելացրել է. «Բուն ողբերգությունն այն է, որ ներկայիս թուրքական կառավարությունը հայկական հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում եւ գրաքննության չի ենթարկում հայկական խնդիրների շուրջը երկրում ծավալվող բանավեճերը»:
Լոնդոնաբնակ մեր հայրենակից Արա Սարաֆյանի պատասխանները միանգամայն համընկնում են վերոհիշյալ նամակում թուրք մտավորականների արտահայտած տեսակետներին: Խնդիրը սակայն մտավորականներով չի սահմանափակվում, որովհետեւ «Լիբերասիոնում» հրապարակված նրանց նամակն էլ բովանդակային առումով գրեթե չի տարբերվում Ժակ Շիրակին Թուրքիայի նախագահի հղած նամակից: Սա նշանակում է, որ թուրք մտավորականների նամակը ստորագրելու պատրաստակամությամբ Սարաֆյանը մեծապես բավարարում է նաեւ թուրքական պաշտոնական շրջանակների պահանջները:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Սարաֆյանը հայկական ազգայնականությունը նույնացնում է «գորշ գայլերի» նեոֆաշիստական ազգայնամոլության հետ, հավասարության նշան է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող սփյուռքի եւ ցեղասպանության փաստը համառորեն ժխտող Թուրքիայի միջեւ, ճանաչման նախաձեռնությունները դիտարկում է որպես խոչընդոտ ինչպես Թուրքիայում հայկական հարցի լուծման, այնպես էլ երկրի հետագա ժողովրդավարացման համար եւ վերջապես ճանաչման նախաձեռնությունների հետ դատապարտում է նաեւ նախաձեռնության հեղինակներին, թերեւս դրանով էլ դրական ազդանշաններ է հաղորդում պաշտոնական Անկարային եւ շահագրգիռ միջազգային ուժերին:
Ի դեպ, «Զամանը» վերջում նշում է, որ թուրքական արխիվներում աշխատելու Սարաֆյանի թույլտվությունը չեղյալ էր հայտարարվել: Նա, ըստ թուրքական թերթի, «չնայած սփյուռքի բուռն հակազդեցությանը, մասնակցեց Ստամբուլի համալսարանի կազմակերպած «հայկական գիտաժողովին» եւ վերջերս ստացավ «առանց նախապայմանի» արխիվներում աշխատելու իրավունք»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ