«Դժվար իրադրություն ես ստեղծում, երբ մի ժողովրդի կամ էթնիկական խմբավորմանը թույլատրում ես իրականացնել իր մտքում եղած որոշակի մի ծրագիր: Այս վայրը նախատեսված չի եղել նման զարգացումների համար եւ եթե հնարավոր է, պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին», ասել է Ռոզ Ֆիցջերալդ Քենեդու անունը կրող Բոստոնի խոշորագույն զբոսայգու պահպանության վարչության անդամ Էդուին Շլոսբերգը, որը Ռոզ Քենեդու թոռնուհի Քերոլայնի ամուսինն է: Այս տողերն է գրում մայիսի 2-ին «Բոստոն գլոբ» թերթի աշխատակից Թոմաս Պալմերը, անդրադառնալով վերոհիշյալ վայրում Մեծ եղեռնի հուշարձան կառուցելու ամերիկահայերի նախաձեռնությանը, որի վերաբերյալ լուրը հրատարակվել է «Ազգի» մայիսի 4-ի համարում:
Զբոսայգու պահպանության վարչությունը նիստ էր գումարել մայիսի 2-ին քննելու նախաձեռնության հարցը, որը պաշտպանում եւ հովանավորում են մոտ 45 ամերիկահայկական մշակութային եւ եկեղեցական միությունները, այդ թվում «Հայկական ժառանգության» եւ «Ցեղասպանության հիշատակի» պահպանության հիմնարկությունները: Նրանք պարտավորվել են 500 հազարական դոլարի երկու նվիրատվական հիմնադրամ ստեղծել, մեկը հուշարձանի պահպանությունը, մյուսը` տարեկան դասախոսությունների շարք կազմակերպելու նպատակով: Նիստի որոշումների մասին առայժմ մանրամասնություններ չկան: Բայց հուշարձանի կառուցման մասին կարծիքները հակասական են: «Հուշարձանը բացի 1,5 միլիոն հայերի հիշատակը խնկարկելուց, նաեւ ավելի համապարփակ, տիեզերական պատգամ է ներառելու», նշել է այդ առթիվ Բոստոնում գործող «Ճարտարապետների եւ ծրագրողների Թելլալյան ասոցիացիայի» տնօրեն Դոնալդ Թելլալյանը:
«Հուշարձանը կարեւոր եւ հրաշալի գաղափար է, բայց հարցը Գրինուեյ զբոսայգու պահպանության նպատակներին համապատասխանեցնելու մեջ է, եւ մենք դա ենք քննարկելու նախաձեռնողների հետ», ասել է պահպանության վարչության նախագահ Պիտեր Միդը:
Քաղաքապետ Թոմաս Մենինոն ձեռնպահ է մնացել որեւէ մեկնաբանություն անելուց:
Ավելացնենք, որ Գրինուեյի ամբողջական շինարարությունը նախատեսված է ավարտել 2007-ին: Իսկ հայկական հուշարձանը, եթե երբեւէ կառուցվի, պետք է ունենա 5 մետր բարձրություն եւ պատմական Հայաստանի 12 նահանգները խորհրդանշող 12 նիստեր: Դրանք, ըստ Դոնալդ Թելլալյանի, հնարավոր է ամեն տարի ապամոնտաժել կամ մասերի բաժանել եւ ապա դարձյալ հավաքել ամբարձիչների միջոցով: «Դա խորհրդանշելու է մեր ժողովրդի ճակատագիրը, որը բաժան-բաժան եղավ եւ հետո կարողացավ ուժ գտնել իր մեջ միավորվելու», բացատրել է նա:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ