Մինչ երեկ քաղաքական համակարգի, պառլամենտի ու պառլամենտարիզմի զարգացման մասին ԵՊՀ-ում դատողություններ էին անում տեսաբան քաղաքագետները, պրակտիկ քաղաքական գործիչները ԱԺ-ում կատարում էին գործողություններ, որոնք ինստիտուցիոնալիզմի դիրքերից անընդունելի են առհասարակ. երեկ կեսօրին ՕԵԿ խմբակցությունից տեղեկացանք, որ արդեն հեռանալու դիմում են գրել համամասնական կարգով ընտրված Արկադի Համբարձումյանը, Սայադ Զախարյանը, «Երեւանի միկրոավտոբուսային ՈւԱԶ» ընկերության բաժնետեր Էդիկ Գաբրիելյանը: Ոչ պաշտոնապես հայտնի դարձավ, որ դիմում գրելու ճանապարհին է Տիգրան Եգանյանը: Վերջինս Գագիկ Եգանյանի եղբորորդին է, Արկադի Համբարձումյանը «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահն է: Ավելի ուշ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն էր հանդիպել լրագրողներին, ասելով, որ ինքն անձամբ կողմ է, որ «Օրինաց երկիրը» դուրս գա կոալիցիայից եւ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա, բայց դա իր անձնական տեսակետն է: Եթե նույնիսկ կուսակցության մեջ կլինեն մարդիկ, ովքեր աթոռները պահելու համար ուզենան ազդել Ա. Բաղդասարյանի վրա` նրանք չեն հասնի իրենց նպատակին:
Միաժամանակ Հ. Բիշարյանը նկատեց. «Օրինաց երկիրը», կմնա 7 հոգի, 13, թե 3, հստակ գործելու եւ աշխատելու է»:
Նա ավելացրեց, որ ՕԵԿ-ը ենթարկվում է լայնածավալ հարձակման, իսկ կուսակցության ղեկավար Ա. Բաղդասարյանին քննադատելը մոդա է դարձել: Տեղի ունեցածից հետո խմբակցության քարտուղարը կարծում է, որ կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի. «ՕԵԿ-ը փողով ձայն հավաքող չէ, եւ մեզ ավելի շատ ձայն են տալիս»:
Հեռացած պատգամավորների մասով էլ Հ. Բիշարյանը ասաց, թե այդ երեւույթը առհասարակ բոլորիս մտորելու տեղիք է տալիս եւ կարող է պատահել ամեն մի քաղաքական ուժի հետ. բիզնեսը եւ քաղաքականությունն այսօր շաղկապված են, բնականաբար գործարարը չի կարող անկախ լինել, դրա հետեւանքով էլ նման վիճակ է առաջացել:
Մ. Խ.