«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2006-05-07 | #85, 2006-05-11 | #86, 2006-05-12


ԵՐԵՎԱՆԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԾԱՂԿԱՆՈՑՆԵՐ, ԹԵ՞ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑՆԵՐ

Ամեն ինչ կախված է չգործող քաղաքաշինական խիստ օրենքներից

Գորիսի կարմիր տանիքները վերեւից հիացնում են, իսկ Երեւանի խայտաբղետ, ոչ դիտարժան տանիքները վանող տպավորություն թողնում: Հայնախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի ասելով, «Երեւանում անհրաժեշտություն կա ոչ միայն տանիքները կարգի բերելու, այլեւ դրանք վերածելու կանաչ տարածքների եւ փոխհատուցելու գետնի վրա պակասած տարածքները»: Տանիքները ծաղկանոց դարձնելու գաղափարն իրոք հրաշալի է, բայց, ինչպես արդեն նկատելի է, ոչ մեզանում, այն էլՙ լայն թափով կառուցապատվող Երեւանի կենտրոնում: Կանաչ տարածքների կառուցապատումը մոլախոտի պես բարձրացավ մինչեւ թամանյանական շենքերի տանիքներՙ վերածվելով դրանց արտաքին տեսքն այլանդակող երկհարկանի շինությունների: Մինչ Երեւանի գլխավոր ճարտարապետը կհայտարարի, թե «Երեւանի տանիքների ճարտարապետությունը պետք է փոխվի ե՛ւ նյութի, ե՛ւ կառուցվածքի առումով, որովհետեւ ժողովրդի խոսքով ասած, տանիք ենք կապել», առանձին շենքերում նոր «տանիք գցողներն» իրենց գործն արդեն անում են: Օրինակ, «Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող նախագծային ինստիտուտի շենքի տանիքին ներկա պահին նոր հարկ է բարձրանում: Գլխավոր ճարտարապետը միանգամայն նորմալ է համարում Հանրապետության հրապարակից աչք ծակող այս շինության կառուցումը, եւ չի նկատում ընդհանուր համայնապատկերում դրա ավելորդ լինելը: «Ճաշակի հարց է», այս պատասխանը ստացանք նրանից: «Մասարդը քմահաճույք չէ, Երեւանի բնակիչների համար այն լրացուցիչ մակերես է: Շատ ընտանիքներ իրենց բնակարաններն ընդարձակելու կարիք ունեն, եւ այդպիսի հարց առաջանալու դեպքում մենք պարտավոր ենք դրական կամ բացասական պատասխան տալ», «Հայելի» ակումբում երեկ անցկացվող քննարկման ժամանակ ասաց նա:

Ներդրումային քաղաքականության պարագայում, նրա դիտարկմամբ, յուրաքանչյուր երեւանցի դարձել է կառուցապատող: Նրան այլ բան չի մնում, քան համաձայնել, որ կանաչ տարածքների մեծ հատվածներում 2000 թ.-ից պետք է արգելվեին կառուցապատումները: «Եթե այն ժամանակ մենք ավելի փորձառու լինեինք, կանաչ տարածքները պետք է հատկացնեինք ոչ թե փոքր հատվածներով, այլ մեծ մակերեսներով, այդ դեպքում այսօր կունենայինք կառույցներ կանաչի մեջ, այլ ոչ թեՙ կանաչ կառույցի մեջ: Նույնը նաեւ Զանգվի կիրճի պարագայում: Ամեն ինչը չափի զգացման մեջ է, հունարի, վարպետության ու չափի խնդիր է»:

Մուշեղյանի պնդմամբ, Երեւանը պատրաստ չի եղել նոր քաղաք դառնալու, պլանային տնտեսությունից կտրուկ անցել է շուկայականի: «Ամբողջ հարցն այն է, որ մոտ 10 տարի քաղաքաշինական որեւէ փաստաթուղթ չի հաստատվել, խնդիրները լուծվել են չափազանց հապճեպ»: Երեւանի ճարտարապետական տեսքի վերաբերյալ մասնագետները ծայրահեղ կարծիքներ չունեն, դրանք կապված են զուտ ճաշակի ու լուծման նրբությունների հետ:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քաղաքի կենտրոնը պետք է կառուցապատվի այնպես, որ յուրաքանչյուր ոք իրեն լավ զգա, եթե թեկուզ մի մարդու ինչ-որ բան խանգարում է, չի կարելի լավ համարել: «Պարտադիր չէ, որ բոլոր նոր շենքերը լինեն ճաշակավոր կառույցներ, բայց եթե դրանցից մեկը թեկուզ մի փոքր դուրս է գալիս սահմանված նորմերից, արդեն իսկ համարվում է քաղաքաշինական սխալ: Ցավոք, այդպիսիք եղել են, կառուցապատվել են մեր կանաչազուրկ քաղաքի հասարակական տարածքները, մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող Զանգվի կիրճից այսօր գրեթե բան չի մնացել, այդ գողտրիկ կանաչ միջավայրը մեր ձեռքով ոչնչացնում ենք»:

Իսկ ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ո՞վ պետք է քաղաքաշինական հստակ նորմեր սահմանի քաղաքում կատարվող հախուռն ու խելագար կառուցապատման աշխատանքների վրա: Գլխավոր ճարտարապետի պնդմամբ, մեղավորները նախ եւ առաջ երեւանցիներն են. «Տպավորություն չլինի, որ քաղաքապետարանում նստածները բոլորին ասում են «էստի համեցեք, մենք ձեզ անօրինականություն անելու թույլտվություն ենք տալիս»: Երկրում օրենքներ կան, պիտի կարողանանք մի քիչ դրանք պահել»:

Իսկ քաղաքաշինական խիստ նորմեր, ըստ Մինասյանի, գուցե կունենանք մոտ 50 տարի հետո, դա միանգամից չի լինի:

Իսկ մինչ այդ երեւանցիներս պիտի դիմանանք ամեն աճպարարության ու չշտապենք զանգել հրշեջ ծառայություն, եթե մեր տանիքներից ծաղիկների փոխարեն խորովածի ծուխ երեւա, ապաՙ հրդեհ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4