(Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպի շնորհանդեսը Մարսելում)
Մեր օրերում, երբ, ցավոք սրտի, նկատելիորեն նվազել է հետաքրքրությունը հայ գրողի, հայերեն գրքի եւ ընդհանրապես գրքի հանդեպ, հազվադեպ է, որ հայրենիքում լույս տեսած արձակ երկն այսպիսի բուռն հետաքրքրություն առաջացնի Սփյուռքում, ինչպիսին տեսանք ապրիլի 21-ի երեկոյան Մարսելի «Սահակ-Մեսրոպ Մշակութային կենտրոնի» Ա. Ջրբաշյան սրահում: Հրավիրված զույգըՙ գրաքննադատ եւ արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը եւ հանրաճանաչ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը երկու ժամ, բառացիորեն արվեստի եւ գրականության մոգության մեջ պահեցին լեփ-լեցուն սրահը:
Երեկոն բացեց «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի խմբավար եւ Մայր եկեղեցվո երաժշտապետ Խաչիկ Եըլմազյանը: Իր հակիրճ ելույթում նա բարձր գնահատեց Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի կյանքին ու գործունեությանը նվիրված վեպը, հատկապես նշելով, որ գրված է բարձր արվեստով, վարպետ արձակագրի հմտությամբ եւ որ ընթերցվում է լարված հետաքրքրությամբ: Նա մասնավորապես նշեց, որ Ալեքսանդր Թոփչյանի վեպն աշխույժ հետաքրքրություն է հարուցել Հայաստանում եւ սփյուռքում, դրա վկայությունն են Հայաստանի եւ սփյուռքի մամուլում լույս տեսած բազմաթիվ ծանրակշիռ եւ հիացական հոդվածները, որոնցում հեղինակները վեպը որակում են ոչ միայն որպես վերջին տարիների, այլեւ հայ նոր գրականության ուշագրավ երեւույթներից մեկը: Բանասիրական գիտությունների թեկնածու Վահե Արսենը գրում է. «Ալեքսանդր Թոփչյանի վեպն անակնկալ հայտնություն է: Այն զարմացնում է ամեն ինչով, եւ կարող ենք ասել, որ իր տեսակի մեջ եզակի է հայ արձակի պատմության մեջ»: Բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյաննՙ «Ազգ» թերթում տպագրված վերլուծական հոդվածում գտնում է, որ «նման վեպ դժվար է հիշել մեր գրականության պատմության մեջ»: Իսկ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը «Ազդակ» թերթում գրում է. «Պայծառ մտահղացումով, գրողական բարձր հմտությամբ, բարձրարվեստ ճաշակով, ջերմ ու վարակիչ շունչով, բայց մա՛նավանդ պատումին հեղեղային թափը իր ամրակուռ կառույցին մեջ արձանացուցած բազմահորիզոն եւ բազմախավ վեպ մը, որ... իրավամբ կդառնա հեղինակային հասուն վարպետությամբ ամրագրված դասական գործ մը»:
Խաչիկ Եըլմազյանին հաջորդած գրականագետ, լեզվաբան եւ թարգմանիչ Ռոբեր Տեր-Մերկերյանը կարդաց նահատակ բանաստեղծի դստերՙ Շամիրամ Սեւակի նամակը, որտեղ նա ցավ էր հայտնում, որ առողջական պատճառով չի կարող ներկա գտնվել եւ ողջունում էր երեկոյի կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Այնուհետեւ խոսքը տրվեց երեկոյի հիմնական մասնակիցներինՙ Տեր եւ Տիկին Թոփչյաններին: Նրանք երկուսով կարողացան, իսկապես արվեստի մագնիսականության տակ պահել լեցուն հանդիսասրահը: Արձակագրի եւ գրականագետի հագեցած խոսքին հաջորդում էր դերասանուհու բարձրարվեստ ասմունքը: Ռուբեն Սեւակի քերթությունը ներկայանում էր ոչ միայն գրականագիտական խորունկ վերլուծությամբ, այլեւ տողի, հնչյունի եւ հույզի առավել քան համոզիչ մատուցումով: Հիշենք, որ Անահիտ Թոփչյանը 1987թ. ստացել էր հատուկ մրցանակ «Ռուբեն Սեւակի բանաստեղծության բարձրարվեստ մարմնավորման համար»: Այո, դա իսկապես «մարմնավորում» էր, ոչ թե պարզ արտասանություն, երբ շատ հաճախ բանաստեղծի մտքերը, գաղափարները, վերջապես, արվեստը, կորչում է թեկուզ վարժ, բայց միամակարդակ, անմիտ ու անհոգի մատուցման մեջ:
Ալեքսանդր Թոփչյանը հանգամանալից խոսեց վեպի վրա կատարած աշխատանքի, վիպասանին սպասվող որոգայթների եւ վտանգների մասին, նշելով, որ դյուրին բան չէ հորինվածքի հերոս դարձնել Եղեռնի նահատակ բանաստեղծին, ստեղծել նրա սիրո, ստեղծագործության ու նահատակության վավերական պատմությունը, որ նման դեպքերում միշտ «վտանգ կա մի կողմից խրվել գռեհկության ճահիճը կամ ընկնել խրատաբանության գիրկը»: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց «Ռուբեն Սեւակի հիշատակի տուն» հաստատության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Չիլինկիրյանին գրքի գրության եւ տպագրության ընթացքում ցուցաբերած բարոյական եւ նյութական աջակցության համար: Ալ. Թոփչյանը երախտագիտական խոսքեր ասաց նաեւ իր տիկնոջՙ Անահիտ Թոփչյանի հասցեինՙ վեպի ձեռագրի վրա կատարած բազմաթիվ եւ արժեքավոր խմբագրական դիտողությունների համար: «Գրեթե համահեղինակի աշխատանք կատարեց եւ առանց նրա օգնության վեպը ներկա տեսքը չէր ունենա»:
Երեկոյի ընթացքում երկու կարեւոր հայտնություններ եղան. մեկն ուրախալի, մյուսըՙ ցավալի մտորումների առիթ տվող: Երկուսն էլ հայտնեց Խաչիկ Եըլմազյանն իր բացման խոսքում: Ուրախալի լուրն այն էր, որ Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի պատվավոր մրցանակին: Ցավալի լուրըՙ այդպիսի բարձր գնահատությունների արժանացած վեպը մոտ տասը ամիս եղել է «փակի տակ»: Այսինքնՙ գիրքը լույս է տեսել անցյալ տարվա ապրիլին, բայց վաճառքի է հանվել այս տարվա փետրվարին: Ինչո՞ւ այս ուշացումը: Պատասխանելով այս հարցին` Ալեքսանդր Թոփչյանն ասաց, որ նախկինում մի քանի դեպքեր եղան, երբ գրքեր արգելվեցին գաղափարական պատճառներով: «Սոսկալի էր դա, - ասաց արձակագիրը, - բայց գոնե գիտեիր, թե ինչն է պատճառը: Մինչդեռ հիմա ինձ համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու իմ գիրքը տասը ամիս դուրս մնաց գրական-մշակութային շրջանառությունից: Կազմակերպչական անփութությո՞ւն էր, դրամական խնդիրներ կային մեջտեղը, թե՞ սովորական նախանձ... Ինչ որ է, անցավ-գնաց»:
Յ. ԽԱՉԻԿՅԱՆ, Մարսել