Այսօր ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական պարգեւների արժանացած արդի հայ կոմպոզիտորների նահապետ համարվող Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է: Անցած 85 տարիների ընթացքում Է. Միրզոյանը 35 տարի եղել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահը եւ Հայաստանի խաղաղության ֆոնդի նախագահը: Մինչեւ այժմ հարգարժան պրոֆեսորը բազմաթիվ աշակերտներ ունի եւ ամեն օր սիրահոժար մտնում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Չնայած որ Միրզոյանի ստեղծագործական ժառանգությունը համեմատաբար «փոքր» է, սակայն մեծապես ներկայանալի, որի նուրբ քնարականությունը միավորվում է ուժեղ դրամատիզմի հետ: Նրա ստեղծագործությունները երաժշտագետները բնորոշում են որպես նոր դասականՙ կառուցվածքի եւ հնչյունային ձեւավորման պատճառով: Կոմպոզիտորի որոշ երկերՙ լարային կվարտետը, թավջութակի համար գրված սոնատը, սիմֆոնիան լարայինների եւ լիտավրների համար, էպիտաֆիան, աչքի ընկնող տեղ են ապահովել միջազգային երաժշտական աշխարհում: Դրա վառ ապացույցն է 1965 թ. Մոսկվայում կայացած Ռոստրոպովիչի հետ համերգի ձայնագրությունը, որը մյուս գործերի հետ դարձել է արխիվային արժեքավոր նմուշ:
Տարին հոբելյանական է Էդվարդ Միրզոյանի եւ երաժշտասերների համար եւ այդ առիթով կազմակերպվող միջոցառումների շարքում է նաեւ մայիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք հոբելյանական համերգը:
ԱՄՆ-ից դաշնակահար Շահան Արծրունու հովանավորությամբ, «Կադանս» երաժշտական կենտրոնի նախագահ Նիկա Բաբայանի աջակցությամբ տոնական համերգին ներածական խոսք կասի պրոֆ. Գեւորգ Բուդաղյանը, ելույթներ կունենան Շահան Արծրունին (ԱՄՆ) դաշնամուր, Աննա Մայիլյանը (մեցցո-սոպրանո) Մեդեա Աբրահամյանը (թավջութակ), Նունե Բադալյանը (սոպրանո), Մարտին Վարդազարյանը (դաշնամուր):
Երեկ նշված անձանց եւ հարգարժան կոմպոզիտոր Էդ. Միրզոյանի հետ հանդիպեցին լրագրողները, լսեցին հետաքրքրական դրվագներ կոմպոզիտորի կյանքից: Իսկ թե ո՞վ է նրա առաջին ուսուցիչը հարցին պրն Միրզոյանը թվարկեցՙ Վարդգես Պալյան, Կոնստանտին Սարաջյան, Հենրի Իջլինցկի... եւ, իհարկե, իր 4 անբաժան ընկերները: Իսկ որպես պաշտամունք պրն Միրզոյանը նշեց մեծն Կոմիտասին ու ավելացրեց. «Եթե չլիներ Բախը, համաշխարհային երաժշտությունը մեծ կորուստ կունենար: Ոչ մի երկրի կոմպոզիտոր իր երկրի երաժշտության համար այնքան բան չի արել, որքան արել է Կոմիտասը...»:
Այսօր անվանի կոմպոզիտորի տուն կայցելի (բարոյական հովանավորությամբ) ՀՀ մշակույթի նախարարը ծաղկեփնջով ու նվերներով: «Ազգը» միանում է բոլոր շնորհավորանքներին եւ Էդվարդ Միրզոյանին մաղթում է քաջառողջություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ