«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2006-05-07 | #85, 2006-05-11 | #86, 2006-05-12


ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Մայրաքաղաքի թատերասերները օրերս հյուրընկալեցին վրաց հռչակավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային, որը օպերային թատրոնում ներկայացրեց նշանավոր երգահան Գիա Կանչելիի «Ստիքս» երաժշտական միստերիան:

Ռ. Ստուրուայի անունը տարածվեց անցյալ դարի 70-ական թվականներին, երբ նա Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում թատերական վառ պայմանականությամբ բեմադրեց Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» թատերգությունը: Արդեն քանի տասնամյակ թատերական աշխարհում իր տեղը գրաված ռեժիսորն առաջ է տանում ինքնատիպ, խորապես թատերական իր կերպը: Նա համառորեն պահպանում է նաեւ իր համեստ արտաքին կերպարը` աշխարհի բազմազգ հանդիսատեսին (նաեւ ծիսակարգերից երբեք չշեղվող անգլիացիներին) հիշեցնելով, որ մարդու տիեզերքը մարդու ներսում պետք է փնտրել:

Հին հունական առասպելներում Ստիքս էր կոչվում ստորերկրյա գետը, որով Քարոնն իր մակույկով երկրից անդրաշխարհ էր փոխադրում մեռյալների հոգիները:

Գիա Կանչելիի ռեքվիեմը նվիրված է մտերիմների եւ հարազատների հիշատակին: Երաժշտական այդ կտավը ստեղծվել է 1999-ին թավջութակի, երգչախմբի եւ նվագախմբի համար: Առանց հատուկ գրական տեքստի Ստուրուան ստեղծել է մեղեդիներից, շարժումներից, լույսի տարբեր տոներից կազմված թատերական մի իմպրովիզացիա, որը հանդիսատեսի միտքը տանում է դեպի հին առասպելները, դեպի կյանքի ու մահվան առեղծվածը, շատ հին եւ բոլորովին նոր ժամանակները: Ստուրուայի եւ Կանչելիի ստեղծագործությունը կոչվում է «ներկայացում առանց խոսքի», բայց խոսքն ու ասելիքն այս անգամ բավականաչափ են, եթե չասենք շատ, որովհետեւ խոսում են դերասանների շարժումը, սպիտակ աթոռների տեղափոխությունը, ձայնը, երաժշտությունը, երաժշտության դադարը, լույսի զանազան տատանումները, ամբողջ ներկայացման ընթացքը:

Արվեստաբան Մարտին Միքայելյանը, որը դեռեւս 1970-ականներին Թբիլիսիում տեսել է Ստուրուայի ներկայացումները, նաեւ ռեժիսորի փորձերը, երեւանյան այս ներկայացման առիթով ասաց. «Երեւի աշխարհի թատերական ռեժիսորների մեջ Ստուրուան «ամենաերաժշտական» բեմադրիչն է: Մինչ համաշխարհային մշակույթի հեղինակությունները հանդիսատեսի վրա «հարձակվում» են իրենց ջղաձիգ, իբր թե ողբերգություն արտահայտող շեշտերով, մեր հրաշալի բարեկամը` Ռոբերտ Ստուրուա կրտսերը հմայում է իր թատերական լեզվի նրբությամբ, գեղեցկությամբ ու վեհությամբ»:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4