Մեր թերթի նախկին աշխատակից, շնորհալի լրագրող Թաթուլ Հակոբյանը «Առավոտ» օրաթերթի մայիսի 5-ի համարում ըստ երեւույթին ներողություն է խնդրել (ասում ենք ըստ երեւույթին, քանզի իր բառերը` «իմ ներողամտությունն եմ հայցում», միայն ենթադրել են տալիս դա) ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանից 2005 թ. աշնանը «Ազգ» օրաթերթում աշխատելիս իր հրապարակումներից մեկում նրա մասին «ոչ կոռեկտ ու վիրավորական մեկ արտահայտություն» թույլ տալու համար: Մի քիչ ուշացած` բայց արդար վարմունք, եթե այդ գրությունը տեղ գտած լիներ ոչ թե մեր պաշտոնակից, այլ մեր թերթում եւ ուղղված լիներ ոչ միայն պրն Արարքցյանին, այլեւ մեր ընթերցողներին: Քանզի Թ. Հակոբյանը իր այդ «մեկ արտահայտությամբ» թյուրիմացության մեջ է գցել առաջին հերթին «Ազգի» ընթերցողներին: Լրագրող Թ. Հակոբյանը, միաժամանակ եւ ազնվաբար, «իր ներողամտությունն է հայցել» նաեւ «բոլոր լրագրողներից», միայն թե, փորձելով նեղացնել վերջիններիս շրջանակը, ավելացրել է` (այն լրագրողներից) «ովքեր պահպանում են լրագրողական էթիկայի կանոնները»: Մեզ մնում է ավելացնել, որ էթիկայի կանոններից առաջ կամ միաժամանակ պետք է սովորել ու հարգել մամուլի օրենքը, որի պարտադիր պահանջն է հերքումը, ճշտումը կամ ուղղումը, իսկ այս պարագայում` ներողամտություն հայցելը (առանց «իմ»-ի) հենց այն թերթում, որտեղ հրապարակված է եղել խնդրո առարկա «մեկ արտահայտությունը»: