Պորտուգալական Էշտորիլ քաղաքն իրոք կարելի է երջանկաբեր համարել Դավիթ Նալբանդյանի համար: Պրոֆեսիոնալ թենիսիստի իր կենսագրությունում առաջին տիտղոսը Դավիթը նվաճել էր հենց այս քաղաքում: Եվ ահա արգենտինահայ թենիսիստը երկրորդ անգամ հաջողության հասավ Էշտորիլի մրցաշարում, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 650 հազար եվրո էր: Կիսաեզրափակիչում հաղթելով իսպանացի Ալբերտ Պորտասին (7-5, 6-1), Նալբանդյանը մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ: Վերջինս կիսաեզրափակիչում առավելության էր հասել իսպանացի մեկ այլ թենիսիստի` Կառլոս Մոյայի նկատմամբ (3-6, 6-2, 6-2):
Եզրափակիչ հանդիպումը մրցակիցների 5-րդ մրցախաղն էր: Մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը 2-ական հաղթանակ էր տոնել: Այս անգամ, հենց խաղասկզբից, Նալբանդյանը տիրեց նախաձեռնությանը եւ վստահ խաղի շնորհիվ առավելության հասավ երկու խաղափուլերում էլ (6-3, 6-4)` դառնալով մրցաշարի հաղթող:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ