«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸՙ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանից փորձեցի ճշտել, թե ինչ տեսակետ ունի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի եւ ընդդիմադիր դառնալու հայտարարության մասին: Պրն Գեղամյանը լիաթոք ծիծաղեց ու ասաց. «Միանգամայն ողջունելի եմ համարում Արթուր Բաղդասարյանի վերադարձը ի շրջանս իւր: Աստվածաշնչում հայտնի պատմություն կա` մոլորված զավակի (ուզում է ասելՙ անառակ որդու-խմբ.) վերադարձը, որի առիթով ծնողը խնջույք է կազմակերպում ու երբ իր հավատարիմ զավակը տարակուսում է, թեՙ հայր, ես միշտ եղել եմ քո դավանակիրը, միշտ քո հանձնարարականը կատարողը, բայց դու երբեք նման պատվի չես արժանացրել, հայրը պատասխանում է. նա ինձ համար կորած մարդ էր, նա ինձ համար մահացած մարդ էր: Հիմա այդպես էլ ընդդիմադիր դաշտը Արթուրին պետք է ընդունի որպես մոլորյալ զավակի, որովհետեւ նա մեռած մարդ էր, Հմայակ Հովհաննիսյանի ասածով` «մումիա դառնալու վտանգ կրող մարդ էր»: Անշուշտ կա մեկ բայց... այդ բայցը այն էր, որ Արթուր Բաղդասարյանը ավելի համարձակ ներխուժի ընդդիմադիր դաշտ ու ասի, որ հանցագործություն է կատարել, երբ իմանալով, որ Ռոբերտ Քոչարյանը 2001-03 թթ. սեփականաշնորհման հովանավորն է եղել, վավերացնելով կառավարության որոշումները, եւ նա հանցագործն է եղել այդ ալան-թալանի, որովհետեւ դրանից հետո 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է Ռ. Քոչարյանին, ասեմ ավելին` ՕԵԿ-ի տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները աչքերը փակել են կամ անմիջական մասնակիցն են եղել զանգվածային ընտրակեղծիքների, եւ նույնը կրկնվել է 2003 թ. մայիսինՙ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե նա քավություն աղերսի, եւ այդ աղերսանքը լինի անկեղծ, անշուշտ մենք դա դրական կհամարենք եւ Արթուր Բաղդասարյանի անկեղծության դրսեւորում կնկատենք: Ավելին, եթե նա ասի, որ իր կուսակից Մհեր Շահգելդյանը, որը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պետական կողմը ներկայացնող համակարգողն էր, ու եթե երկուստեք խոստովանեն, որ 250 հազար ձայները դարձրել են 1,5 միլիոն, կատարելով մեծագույն հանցանք ուղղված հայ ժողովրդին, արհամարհել են մեր ժողովրդի համընդհանուր ընտրական կարծիքը, այդ աղերսանքներից հետո, եթե ժողովուրդն ընդունի, բնականաբար, մենք ճիզվիտներ չենք, քրիստոնյաներ ենք եւ անպայման «մոլորված զավակներին» կընդգրկենք ոչ թե ընդդիմադիրների, այլ մոլորյալների դաշտը, եւ եթե այդ դաշտում կարողանան համոզել, որ դարձի են եկել, ապա անշուշտ մենք սրտաբաց կընդունենք մեր «մոլորված զավակներին»:

Պրն Գեղամյանը մեր զրույցի ավարտին ավելացրեց. «ՕԵԿ-ը լրջագույն հանցագործությունների մեղսակիցն է, եւ ես հասկանում եմ, որ Արթուր Բաղդասարյանը գիտակցելով, որ ՀՀ գլխավոր դատախազը այսօր զբաղված է ծառատունկով, ինքը փորձում է ստանձնել գլխավոր դատախազի դերակատարում, մինչդեռ իր գործողությունների արդյունքում ինքն ավելի սազական կլիներ ամբաստանյալի աթոռին: Նա թող քավության ուղին ընտրի, թող իր մեղսակցությունն ընդունի, որից հետո եթե իրավաբանորեն չհետապնդվի, նոր արդեն փորձի գնահատական տալ այն գործողություններին, որոնց անմիջական մասնակիցը եղել է ինքը եւ այսօր, ավաղ, զղջում է. փոխանակ ուրիշի դեմ մեղադրանք հարուցելու, սեփական մեղքերի քավությունը աղերսել»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4