Այո, փոթորիկ, որը ցնցում է, խառնշտկում քաղաքական բոլոր կառույցներն ու խոստանում է մեծ թափ եւ արագություն հաղորդել ոչ միայն 2007 թ. խորհրդարանական, այլեւ հաջորդ տարվա նախագահական նախընտրական պայքարներին:
Զույգ-զույգ իրար հետեւից կորցնելով խորհրդարանում ունեցած իր գործարար պատգամավորներին, զգալով վերահաս վտանգըՙ կորցնելու նաեւ մնացածներից շատերին, «Օրինաց երկրի» առաջնորդ եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին չէր մնում ուրիշ բան, եթե ոչՙ մտածել իր անձի, ավելի ճշգրիտՙ քաղաքական իր հետագա կարիերայի մասին: Եվ տվյալ պահին նա գոնե իր համար կայացրեց ճիշտ որոշումՙ դուրս գալ իշխող կոալիցիայից եւ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից: Մեկ էՙ նա զրկվելու էր երկուսից էլ: Այլ հարց էՙ կկարողանա՞ նա այսուհետեւ ընկալվել որպես ընդդիմադիր եւ ընդունվել արմատական ընդդիմության կողմից: Երկրորդն ավելի հեշտ է թվում, քան առաջինը: Խորհրդարանական առաջիկա ընտրությունների շեմին ընդդիմությանն անհրաժեշտ են նյութական ավելի մեծ միջոցներ, քան նախորդ ընտրություններում: Իսկ եթե Ա. Բաղդասարյանն ունի այդ միջոցները, ապա դժվար չի լինի նրան ընդունելի դառնալ անգամ ամենաթունդ ընդդիմադրի համար: Այսպիսին են բարքերը Հայաստանում: Շատ ավելի դժվար է առաջինըՙ իշխանության դեմ պայքարի առաջամարտիկ ներկայանալը, ավելի շուտՙ որպես այդպիսին ընկալվելը հասարակության ու հատկապես մամուլի կողմից: Պրն Բաղդասարյանը դեռեւս ՀՀ առաջին նախագահի ժամանակներից բնավ չի փայլել, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածքով: Ավելինՙ նա ծանոթ է որպես իշխանամետ, անգամ, իշխանական: Իսկ ինչ վերաբերում է «կառուցողական ընդդիմություն» եւ նման ինքնակոչումներին, ապա վաղուց արդեն դրանք կորցրել են իրենց իմաստը:
Մնում է մեկ ելքՙ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդարտ եւ հանգիստ անցումներով հաջողության հասնել եւ հաջորդ տարի գրոհել... նախագահական աթոռը, որը Ա. Բաղդասարյանի գլխավոր հավակնությունն է, որի ինքնաներշնչման գործում քիչ բան չեն արել եվրոպական մի շարք երկրների դեսպանները Հայաստանում...
Այսուհանդերձ, մեր մտահոգությունը պրն Բաղդասարյանի քաղաքական կարիերան չէ: Այժմ գլխավոր հարցը երկիրն ավելի մեծ ցնցումներից զերծ պահելն է: Այս պահի գլխավոր խնդիրը երկրի թիվ 2 պաշտոնիՙ ԱԺ նախագահի ընտրությունն է: Ո՞վ, ներքաղաքական ի՞նչ վերադասավորումներով եւ ինչպե՞ս է նշանակվելու-ընտրվելու այդ պաշտոնին, որը լինելու է նաեւ, չմոռանանք, երկրի ապագա նախագահի կնքահայրերից մեկը:
Իրազեկները պնդում են, որ Մեծ խաղացողի ծրագիրը վաղուց արդեն, մասնավորեցման կատարողականին դեմ քվեարկելու որոշումից եւ գերմանական թերթին տրված հայտնի հարցազրույցից դեռեւս շատ առաջ, պատրաստ է: Ըստ միեւնույն իրազեկների, սցենարներից մեկի էությունը հետեւյալն է. Արթուր Բաղդասարյանի հրաժարականին հետեւում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանինը: Սակայն քանի որ վերջինս ԱԺ պատգամավոր չէ, հանրապետականներից որեւէ մեկը հոժարակա՜մ ինքնազրկվում է մանդատից եւ այն զիջում կուսակցության ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Ա. Մարգարյանին, որն այնուհետեւ ընտրվում է ԱԺ նախագահ, իսկ վարչապետի թափուր տեղն անմիջապես զբաղեցնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Որքանո՞վ են իրատեսական նման սցենարները, ցույց կտան առաջիկա օրերը: Համենայն դեպս, եթե չլինեն այլ փոթորիկներ, ապա այս կամ նման սցենարները կարող են երկիրը ժամանակավորապես հեռու պահել քաղաքական հետագա երկրաշարժներից: