ԱՄՆ դեսպանատան տարածքներն «ընդլայնվում» են
Այսօր ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի շրջանակներում Մ. Նահանգների 80 քաղաքացիներ կամավորական աշխատանք են անում Հայաստանում: Ծրագրի համաձայն, Հայաստանում գործող կազմակերպությունները դիմում են Խաղաղության կորպուսին 4 հիմնական ծրագրերովՙ անգլերենի ուսուցման, համայնքի եւ բիզնեսի զարգացման, առողջապահական եւ բնապահպանական, ամերիկացի երիտասարդներին իրենց աշխատանքներում ներգրավելու համար:
Այսօր կամավորական երկու տարվա աշխատանքը մի շարք երիտասարդ ամերիկացիների հետ ավարտում են առողջապահության մասնագետներ Թոնի Քիմը եւ Կիմ Սպիգելմայրը: Նրանցից առաջինն աշխատում եւ ապրում է երեխաների հակաթոքախտային «Դիլիջան» առողջարանում: Այստեղ այսօր 4-18 տարեկան ավելի քան 100 երեխա է պրոֆիլակտիկ բուժում ստանում: 50-100 օր տեւած վերականգնողական բուժումը զուգակցվում է դպրոցական ծրագրով: Թոնին օգնում է երեխաներին պատրաստելու դասերը, ազատ ժամանցը կազմակերպել, հոգալ դպրոցի դասագրքերի հարցը: «Առաջին տարին շատ դժվար էր հարմարվելը, լեզուն լավ չգիտեի, կարծես այլ մոլորակի վրա լինեի: Այսօր արդեն շատ եմ մտերմացել երեխաների հետ», ասում է նա:
Կիմ Սպիգելմայրն աշխատում է Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7 դպրոցում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ անգլերենի ուսուցման դասընթացներ է կազմակերպում: Դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանն աշակերտների անգլերենի իմացության մակարդակը մասամբ պայմանավորում է Կիմի աշխատանքով: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Կիմը հայ աշակերտներից ստացած իր տպավորությունները ներկայացրեց. «Շատ հյուրասեր են, բաց, շփվող: Այս ընթացքում շատ բան եմ սովորել Հայաստանի պատմության, ազգի մասին: Սովորել եմ, որ երբ մի բան դեռ նոր է ինձ համար, չի նշանակում, որ վատն է»:
Անշուշտ վատ չէ անգլերեն իմանալն ու արտասահմանցի հյուրի հետ շփվել կարողանալը, նոր ընկերներ ձեռք բերելը, սակայն ավելի կարեւոր է ազգայինը չկորցնելը: Ինչպե՞ս եղավ, որ երիտասարդ աղջնակըՙ Կիմ Սպիգելմայրը Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրոցում իր ստեղծած լինգաֆոնային դասարանի պատին հավանաբար աշակերտների ուժերով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դրոշներն է պատրաստում եւ փակցնում, իսկ Հայաստանի եռագույնը ողջ դպրոցում ոչ մի տեղ չի երեւում: Այդքան շո՞ւտ ենք բոբիկանում ու վազում, թե անգլերեն իմացող մի մասնագետ երկու տարվա աշխատանքով դպրոցի դասարան է «սեփականաշնորհում»: Եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր պետության մեջ այլ պետության տարածք միայն դեսպանատունն է: Մեր դպրոցնե՞րն էլ են ամերիկյան դեսպանատան վերածվում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ