«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ծովային ու գետային փոխադրամիջոցների դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Դավիդենկոն ռուսական լրատվամիջոցներին երեկ հայտնել է, որ A-320 ինքնաթիռի ընկնելու վայրում «Չելեկեն» նավը սկսել է ջրից փորձանմուշներ վերցնել եւ ուսումնասիրել: Նա նաեւ հայտնել է, որ աղետի վայրում աշխատանքները կշարունակի դինամիկ դիրքավորման համակարգ ունեցող «Նավիգատոր» նավը, որի վրա նախատեսվում է «Զալիվ» նավից տեղափոխել խորջրյա սարքավորումները եւ հեռաչափական հետազոտություններով ստույգ տեղեկություն ստանալ ավիաաղետի շրջանում հայտնաբերված ազդանշանների աղբյուրների մասին: Որոնողական աշխատանքների առաջին փուլը մասնագետները համարում են ավարտված: «Ստացված տվյալները Ֆրանսիացի մասնագետների հետ մշակել ենք աղյուսակի տեսքով, ու դրանք բավարար են աշխատանքների երկրորդ փուլը սկսելու համար: Նախատեսում ենք ջրից դուրս բերել ինքնագրերը»: Դավիդենկոն տեղեկացրել է, որ իրենք սեւ արկղերը դուրս բերող խորջրյա սարքեր կփնտրեն աշխարհի բոլոր երկրներում:

Մասնագետները կարծիք են հայտնել, որ չնայած ազդանշանների տեղը ճշգրիտ որոշված է, սակայն Սեւ ծովի հատակից սեւ արկղերը բարձրացնելը մեծ դժվարություններ կառաջացնի, որովհետեւ ինքնագրերը բարձրացնելու համար ռոբոտը ծովի հատակ պիտի իջեցվի ծայրահեղ ճշգրտությամբ, այլապես ոչ մի արդյունք չի ստացվի:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4