«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


1 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐԻՆ

Օծանելիքի շուկան արժանի է ավելի լուրջ վերաբերմունքի

ՀՀ որակի տեսչությունը ուսումնասիրություններ է կատարել օծանելիքի երեւանյան շուկայում: Որակական ստուգումներ են իրականացվել մի քանի հավատարմագրված լաբորատորիաներում: Փորձաքննվել է 14 տնտեսվարող սուբյեկտների վաճառքի ներկայացրած արտադրանքը, որի արդյունքների մասին տեղեկացանք տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանից: 10 անուն օծանելիքի (եղունգի լաք, շրթներկ, ձեռքի կրեմ, շամպուն, օճառներ, ատամի մածուկ, հոտազերծիչներ, հիգիենիկ միջոցներ, հարդարաջուր, մաշկի խնամքի միջոց) անվտանգության ցուցանիշները համապատասխանել են նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին:

Մենք տարակուսանք հայտնեցինք պարոն Գյոզալյանին հետազոտության խիստ լավատեսական արդյունքների առթիվ, քանի որ օծանելիքի շուկայում կասկածելի արտադրանքի առատությունն անզեն աչքով անգամ նկատելի է: Սա ամենաբարձիթողի ասպարեզն է, եւ եթե ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություններ, մոնիտորինգ իրականացվում են, ապա բացառապես սննդամթերքի շուկայում:

Հիշեցնենք, որ ընդամենը մի ամիս առաջ որակի տեսչությունը փորձաքննել էր թուրքական 105 անուն արտադրանք, եւ հայտարարվեց, որ սպառողի առողջության համար դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում (այդ թվում եւ «Սաֆարի» շոկոլադի` ստանդարտներին չհամապատասխանող բաղադրությունը): Կարճ ժամանակ անց իրականացրած կրկնակի փորձաքննության միջոցով Սպառողների իրավունքների պաշտպանության միությունը նույն ապրանքներից 5-ի մեջ բորբոսասնկեր եւ աղիքային ցուպիկներ էր հայտնաբերել: Փորձաքննություն իրականացրած 2 կողմերն էլ այս առթիվ որեւէ բացատրություն դժվարացան տալ, բացի այն, որ դրանք իրականացվել են տարբեր լաբորատորիաներում: Ստացվում է, որ հավաստի տեղեկություններ ստանալու համար նախ պիտի փորձաքննել հավատարմագրված լաբորատորիաները:

Ցածրորակ կոսմետիկական արտադրանքը հիմնականում մաշկային եւ ալերգիկ հիվանդությունների եւ ընդհանրապես բացասական ներգործությունների պատճառ է դառնում: Ճանաչված մաշկաբան Հարություն Տանիելյանը նշեց, որ իրենց դիմող հիվանդների գերակշիռ մասը օգտագործած է լինում էժանագին, ցածրորակ կրեմներ ու հարդարանքի պարագաներ, որոնք իրենց հերթին պատրաստվել են էժանագին նյութերից: Դրանք առաջացնում են կոնտակտային դերմատիտներ, մաշկի գրգռվածություն, մազաթափություն, ալերգիա: Վերջին դեպքում արտադրող ֆիրման կամ արտադրանքը կարող են մեղավոր չլինել, քանի որ այս կամ այն նյութի առաջացրած բացասական երեւույթների պատճառը կարող է լինել եւ օրգանիզմի գերզգայունությունը: Ալերգիկ ռեակցիա կարող է լինել նաեւ ամենահայտնի ֆիրմայի արտադրանքից:

Ավելի հաճախ բժշկին դիմում են արեւապաշտպան, տոնալ կրեմներից, մազի ներկերից տուժածները: Հենց նախորդ օրը բժշկին դիմել էր սովորական արեւապաշտպան կրեմից տուժած մի կին:

Սովորաբար մաշկային գրգռվածություն առաջացնում են բաղադրության մեջ չզտված, ծանր յուղեր, չլուծվող նյութեր պարունակող, տեխնոլոգիական ցածր հնարավորություններով պատրաստված արտադրատեսակները: «Կան ֆիրմաներ, որոնց արտադրատեսակներից շատ-շատերն են առաջացնում անցանկալի ռեակցիաներ»: Թե որոնք են այդ ֆիրմաները, բնականաբար, մաշկաբանը իրեն իրավունք չվերապահեց ասել:

Կոսմետոլոգիական արտադրանքի մեջ արգելվում է դեղորայք օգտագործել, բայց բոլորիս է հայտնի, որ կան արտադրատեսակներ, որոնց մեջ թեկուզ չնչին քանակով հորմոններ կան: Սրանց ազդեցությունը խաբուսիկ է, քանի որ կարճատեւ բարերար ազդեցությունից հետո մաշկն արագ թառամում է:

Օծանելիքի շուկայում ուսումնասիրության ժամանակ հայտնաբերված միակ խախտումը եղել է այն, որ արտադրատեսակների մի մասն իրացվում է առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն տեղեկատվություն չունի: Այս կարգի օրինախախտներին կարգադրագրեր են տրվել այդ արտադրատեսակների իրացումը կասեցնելու վերաբերյալ, իսկ պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել է 1 մլն դրամի չափով վարչական տուգանք: Թե որոնք են այդ տնտեսվարող սուբյեկտները, չիմացանք: Տեսչության պետի տեղակալը գաղտնիություն պահպանեց:

Օծանելիքի շուկան արժանի է ավելի լուրջ վերաբերմունքի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4