«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՄԵԼԱՆԺԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԵՆ ԵՎ ԿՉԵԶՈՔԱՑՎԵՆ

Մեր երկրի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ ստորագրած համաձայնագրով 2005 թ.-ից Հայաստանում իրականացվում է հրթիռային վառելիքի բաղադրիչիՙ մելանժ հեղուկի վերամշակման եւ չեզոքացման ծրագիր: Ծրագրի իրականացմանը, որում, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքով, ներդրվել է մոտ 1 մլն 200 հազար եվրո, մասնակցում են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Կանադան: Քանի որ մելանժի մշակման համար Հայաստանում տեխնոլոգիաներ չկան, հիշյալ երկրները մասնագիտական եւ տեխնոլոգիական աջակցություն են ցուցաբերել:

Երեկ Լոռու մարզի Ղալթախչի գյուղում բացվեց մելանժի վերամշակման ձեռնարկությունը, ներկա էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի դեսպանները:

Ինչպես ներկայացրին ծրագրի ղեկավարները, ձեռնարկությունը 7 ամսում պետք է վերամշակի երկրում եղած 872 տոննա մելանժը, որը մեր երկրում մնացել է դեռ Խորհրդային Միության տարիներից: Բարձր խտությամբ ազոտական թթվից եւ ազոտի օքսիդներից բաղկացած մելանժ հեղուկը բավական վտանգավոր է ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ բնակչության համար: Սերժ Սարգսյանը նշեց, որ մելանժի հիշյալ քանակության վերամշակումից կստացվի 5 հազար տոննա հեղուկ (հանքանյութ), որը կօգտագործվի գյուղատնտեսության մեջՙ մոտավորապես 1300 հեկտար հողատարածքի մշակման եւ պարարտացման համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ գյուղացիները փաստորեն անվճար 1300 հեկտար պարարտացված հող կստանան:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոյի խոսքերով, ձեռնարկության աշխատանքները կվերահսկեն տեղական եւ միջազգային փորձագետներըՙ գործընթացի անվտանգությունն ապահովելու համար: Ձեռնարկության աշխատանքներն անմիջականորեն կվերահսկի նաեւ Հայաստանի բնապահպանության նախարարությունը: Ի դեպ, վերամշակման ձեռնարկությունում կաշխատեն 35 մասնագետներՙ մեծ մասամբ օտարերկրյա փորձագետներ: Նշենք նաեւ, որ 2002 թ.-ին նույն ԵԱՀԿ-ի աջակցությամբ հրթիռային վառելիքի վնասազերծման ծրագիր հաջողությամբ իրականացվել է Վրաստանում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4