Պետական լիազոր մարմինը դրական է արձագանքել Գյումրու 67 հասարակական կազմակերպությունների դիմումին
Այս տարվա փաստագրման տվյալներով Գյումրիում երկրաշարժից անօթեւան դեռ 4275 ընտանիք է հաշվվում: Անցյալ տարվանից առաջարկվող կառավարական միակՙ բնակարանի գնման վկայագրերի ծրագրով նրանց խնդրի լուծումն անիրատեսական է, դրա համար հարկավոր է վերսկսել արդեն երրորդ տարին դադարեցված պետական բնակարանաշինությունը: Գյումրու հասարակական կազմակերպությունների «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» աշխատանքային խումբը փետրվար ամսին այսպիսի հարցադրմամբ, քաղաքի 67 ՀԿ-ների ներկայացուցիչների ստորագրություններով բաց նամակ էր հղել ՀՀ նախագահինՙ խնդրի լուծմանն աջակցության խնդրանքով, ինչպես նաեւ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանինՙ խնդրելով հնարավորության սահմաններում մեկ անգամ եւս բարեգործություն կատարել եւ «Լինսի» հիմնադրամին միջոցներ հատկացնել շինարարության համար:
Աշխատանքային խումբը հանրապետության նախագահին ուղղված նամակի կապակցությամբ վերջերս պաշտոնական պատասխան է ստացել ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, որին վերահասցեագրված է եղել նամակը: Նախարարի տեղակալ Կ. Գեւորգյանի ստորագրությամբ, ապրիլի 19-ով թվագրված պատասխանում նշվում է, թե հիշյալ դիմումում առաջ քաշվածՙ Գյումրի քաղաքի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը քննարկվել եւ ներառվել են նախարարությանՙ ՀՀ 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ֆինանսավորման հայտը շարադրող փաստաթղթում: «Մասնավորապես առաջարկվել է 2007-2009 թվականներին երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծել բնակարանային շինարարության միջոցով եւ կարգավորել Գյումրի քաղաքի թվով 88 երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները», ասվում է փոխնախարարի պատասխանում: Այսպիսով խոսքն արդեն ոչ թե ԲԳՎ ծրագրի, այլ հենց շինարարության մասին է: Ու թեեւ խնդիրը դեռ քննարկման փուլում է, պետական լիազոր մարմնի դիրքորոշման այս դրական փոփոխությունն արդեն իսկ հուսադրող է եւ սկզբունքորեն կարեւոր:
«Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» խմբի պատասխանատուները լավատես են նաեւ Քըրք Քըրքորյանին ուղղված նամակի պատասխանի հարցում ու կարծում են, որ եթե բարերարի գրասենյակի պատասխանը մերժողական լիներ, ապա մինչեւ հիմա երեւի ստացված կլիներ...
Գ. Մ.