«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ԱՐՄԱՏՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Ապրիլի 24-30-ը Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած Visions du Reel վավերագրական կինոյի 12-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի հաղորդագրության մեջ բացառիկ իրադարձություն է որակվել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի եւ նրա կնոջ` դերասանուհի Արսինե Խանջյանի ներկայությունը «Միջնաբերդ» ֆիլմի պրեմիերայի առթիվ, որը դարձել է փառատոնի բարձրակետերից մեկը: Visions du Reel-ի անցուդարձը լուսաբանող լրագրողներից շատերը Էգոյանի նոր աշխատանքը, որ ցուցադրվել է մրցույթին զուգահեռ «Միտումներ» ծրագրում, համարել են փառատոնի ամենավառ իրադարձությունը: «Միջնաբերդը» ծնունդով լիբանանահայ Արսինե Խանջյանի վերադարձն է իր ծննդավայր Բեյրութ` 28 տարի անց:

Ֆիլմի պրեմիերան, ականատեսների վկայությամբ, մեծ թոհուբոհի տեղիք է տվել: Այն կինոթատրոնը, որտեղ պետք է ցուցադրվեր «Միջնաբերդը», նշանավոր զույգի գործընկեր կինեմատոգրաֆիստներն ու փառատոնի հյուրերը բառացիորեն գրոհել են: Մի լրագրողի համեմատությամբ, «լեփլեցուն, տոթ դահլիճը իսկապես հիշեցնում էր Բեյրութը»:

Էգոյանի նոր ֆիլմը, իր խոսքերով, ծնվել է ընտանեկան ուղեւորությունից եւ որդուն` Արշիլին ուղղված պատմություն է նրա մոր հարազատ քաղաքի մասին: Արսինեի մանկության հուշերը շաղախված են Ատոմի դատողություններով արեւելյան մշակույթի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ողբերգական իրադարձությունների, ինչպես նաեւ զանգվածային հաղորդակցության ներկայիս միջոցների հնարավորությունների մասին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ատոմ Էգոյանը հատկապես կարեւորել է «ազգային ինքնաճանաչման խնդիրը»: Նա ընդունել է, որ «Միջնաբերդը» որոշակիորեն արձագանքում է «Արարատին», ավելին, այս ֆիլմերը ասես երկյակ են կազմում ոչ միայն իբրեւ «ընտանեկան արխիվ», այլեւ որպես սեփական արմատներին վերադառնալու ցանկության հավաստիք: «Էլ ինչի՞ մասին արժե պատմել, եթե ոչ սեփական արմատների», նկատել է Էգոյանը:

Այն հարցին, թե ինչու երկու ֆիլմերում էլ ընդգծված են ողբերգական դեպքերը, «Արարատում»` Հայոց ցեղասպանությունը, իսկ «Միջնաբերդում»` Լիբանանի քաղաքացիական պատերազմը, ռեժիսորը պատասխանել է. «Որովհետեւ հենց այդ դեպքերն են ազդեցություն գործել ամբողջական սերունդների վրա, հենց այդ սարսափների պատճառով են մարդիկ հեռացել իրենց հայրենիքից: Եվ, ըստ էության, այդ դեպքերի մասին պատմող կինոնկարներ չկան: Անհասկանալի է, թե կինոխցիկներն ուր են նայելիս եղել, երբ Բեյրութի փողոցներում հազարավոր մարդիկ էին զոհվում, իսկ Թուրքիայում հայերին էին բնաջնջում: Դրա համար էլ ես ընտանեկան ուղեւորության քրոնիկոնը վերածել եմ մի ամբողջ ֆիլմի»:

«Տեսաօրագրի բավական ձանձրալի ժանրից, գրում է մի քննադատ, Ատոմ Էգոյանին հաջողվել է վավերագրական վառ ֆիլմ ստեղծել, որտեղ հերոսները վերապրում են իրականությունը եւ ոչ թե վերաձեւում դա»:

ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4