Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցու (ԱՌՈւԵ) 4-րդ ժողովի պատվիրակները Սան Ֆրանցիսկոյում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձեւ, որով վճռականություն են հայտնում «ապաքինելու հայրենիքում եւ արտերկրում ռուսաց եկեղեցու պառակտման վերքերը»: Ինտերֆաքս գործակալությունը հաղորդում է, որ եկեղեցական ժողովին մասնակցում են արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցու 11 հայրապետներ, 150 կղերական եւ աշխարհիկ գործիչներ, որոնք ներկայացնում են արտերկրի բոլոր թեմերը:
Ընդունված բանաձեւում հույս է հայտնվում, որ «Քրիստոսի ճշմարտության հիմքի վրա կվերահաստատվի ռուսաց եկեղեցու միասնականությունը, ստեղծելով համատեղ ծառայելու եւ քրիստոսական սուրբ գաղտնիքներին հաղորդակցվելու հնարավորություն»:
Ժողովի պատվիրակներն անհրաժեշտ են համարել արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցու կանոնական կարգավիճակը հաստատել որպես արտերկրում ռուսաց եկեղեցու ինքնավար մաս` ԱՌՈւԵ գործող կանոնադրությանը համապատասխան:
Միեւնույն ժամանակ ժողովի մասնակիցները մտահոգություն են արտահայտել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությանը Մոսկվայի պատրիարքի մասնակցության կապակցությամբ:
ԱՌՈւԵ-ն քաղաքացիական պատերազմի տարիներին կազմավորել են տարագիր ռուս հոգեւորականները Տիխոն պատրիարքի հրամանով: Ներկայումս ԱՌՈւԵ-ն արտասահմանյան երեք տասնյակ երկրներում ունի մոտ կես միլիոն հետեւորդներ: 2004 թ. մայիսին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ի եւ ԱՌՈւԵ միտրոպոլիտ Լավրի հանդիպման ժամանակ որոշվել էր հասնել ռուսաց եկեղեցու երկու մասերի վերամիավորմանը: