Վերջին տարիներս մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինը խիստ հազվադեպ է հանդես գալիս հրապարակայնորեն: Դժվար է ասել, տարի՞քն է պատճառը, որ օբյեկտիվ գործոն է: Իսկ գուցե նրա համար ծանր է տեսնել, թե ինչի՜ է վերածվել հայրենիքը իր իսկ նզոված տոտալիտար համակարգի ու հզոր գերտերության քայքայումից հետո: Հայտնի չէ: Բոլոր դեպքերում «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված նրա եզակի հարցազրույցը հետաքրքրական է Ռուսաստանի եւ առհասարակ միջազգային ներկա իրողությունների վերաբերյալ արտահայտված մտքերի ու խոհերի առումով: «Ազգի» ընթերցողներին ներկայացնենք Նոբելյան մրցանակի դափնեկրի առավել հրատապ որոշ հայացքները` առանց մեկնաբանության:
Սոլժենիցինի կարծիքով, Գորբաչովի ժամանակ մի կողմ էին նետվել պետականություն հասկացությունն ու դրա գիտակցումը: Ելցինի օրոք ըստ էության շարունակվում էր այդ քայքայիչ գիծը, սակայն այն համակվել է նաեւ գույքային անսանձ թալանով, ազգային արժանապատվության անկումով ու պետական քաոսի ստեղծումով:
Պուտինը փորձում է շտկել իրավիճակը, բայց շատ ծանր է ժառանգությունը, դրական արդյունքները ձեռք են բերված դժվարությամբ, դանդաղորեն:
Ռուսաստանում արեւմտատիպ դեմոկրատիայի հարկադրական հաստատումը Սոլժենիցինը համարում է անմիտ կապկություն, որովհետեւ ներկայիս արեւմտյան դեմոկրատիան լուրջ ճգնաժամի մեջ է եւ դժվար է կանխագուշակել, թե ինչպես դուրս կգա այդ վիճակից: «Համատարած լիբերալիզմը», ընդգծում է նա, համաշխարհային մասշտաբով մաշվել է, սպառվել, նրա ժամկետը լրանում է: Նրան կփոխարինեն հասարակական եւ պետական գիտակցության այլ ձեւեր:
Սակայն ես չեմ համարձակվի կանխատեսել դրանց էությունը, ասում է նա:
Այժմեական են Սոլժենիցինի մտքերը Ռուսաստանում ստեղծված ազգամիջյան լարված հարաբերությունների վերաբերյալ: Նա հիվանդագին է ընդունում ռուսներին նացիոնալիզմի, այլատյացության ու հատկապես ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը: Գտնում է, որ այլատյացությունը պատմականորեն բնորոշ չէ ռուսներին, հակառակ պարագայում չէր կարող գոյատեւել 120 ազգերից կազմավորված կայսրությունը: Իսկ «ֆաշիզմ» բառը անպատասխանատվորեն չարաշահում են, որպեսզի ռուսական ինքնագիտակցությունը ոտքի չկանգնի: Գերմանական նացիոնալ-սոցիալիզմը հենվում էր սեփական ազգի գերազանցության վրա, իսկ կարելի՞ է դրանում մեղադրել նվաստացված ու մեռնող ռուս ժողովրդին, համեմատում է նա: Ռուսաստանցի մյուս ազգերի օգտին ռուսներին ճնշելու մոլուցքը սկիզբ է դրել Լենինը իր «ազգային քաղաքականությամբ», որ շարունակվել է Ստալինի օրոք` նրան հատուկ երկերեսանիությամբ: Տասնամյակների ընթացքում այդ դառնությունը կուտակվել է ռուսական գիտակցության մեջ (նույնիսկ ներկա սահմանադրությունում առհասարակ բացակայում է «ռուսներ» բառը):
Սոլժենիցինը դատապարտում է որպես սոցիալ-քաղաքական ներկա անարդար իրողությունների հետեւանք անիրազեկ երիտասարդության ձեռնարկած ագրեսիվ ելույթները, հարձակումները, սպանությունները: Նա կոչ է անում կանգնեցնել այդ վայրենի գործողությունները, ուսումնասիրել այդ ագրեսիվ տրամադրություններն առաջացնող պատճառները եւ լրջորեն զբաղվել դրանց վերացմամբ:
Ռուսաստանի իսլամացման հավանականության վերաբերյալ հարցին գրողը պատասխանում է, որ ռուս ժողովրդի ֆիզիկական նվազման ներկա պայմաններում հնարավոր է, որ երկրի տարածքում ռուսական մշակույթը փոխարինվի այլ կրոններով ու մշակույթներով (այդ թվով նաեւ չինական): Դա մեզ համար դառը գործընթաց է, բայց տեղի է ունենում, ցավով արձանագրում է նա:
Խոսելով քաղաքակրթությունների եւ մասնավորապես քրիստոնեության ու իսլամի` լայն քննության առարկա դարձած բախման մասին, Սոլժենիցինը դա իրական չի համարում: Նրա կարծիքով, ավելի շուտ կոնֆլիկտ տեղի կունենա Երրորդ աշխարհի ու Ոսկե միլիարդի միջեւ` որպես մոլորակի բնակչության բարեկեցության աղաղակող անհամաչափությունների հետեւանք: Գրողը կասկածամիտ է քրիստոնեական աշխարհի` ամերիկյան, արեւմտաեվրոպական ու արեւելաեվրոպական, միավորման խնդրում: Ավելին, համոզված է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն պատրաստվում են լրիվ շրջապատել Ռուսաստանը, ինչը կհանգեցնի նրա ինքնիշխանության կորստին:
Ընդհանուր առմամբ հարցազրույցն ավելի շատ հոռետեսական բնույթ ունի, քան լավատեսական: Եվ վերնագիրը` որպես գլխավոր միտք, դրա արտացոլումն է. «Ազգը պահպանելը մեր բոլոր պետական խնդիրների մեջ բարձրագույնն է»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա