Մահապարտների երդումն ուրիշ էր: Արթուր Սարուխանյանը 5-րդն էր, որ կարդաց այն: Այդ պահին նա հաստատ գիտերՙ գնալու է Արցախ ու անպայման տուն գալու հաղթանակով: Տիկին Էլմիրան այնքան ուշադիր է կարդում տղայի պատվոգրերը, կարծես սպասում է, որ ինչ-որ նոր բան է իմանալու որդու մասին, բայց իրականում նա կարող է անգիր ասել այն ամենը, ինչ այնտեղ գրված է: Նա ասում է, որ հիշում է ամեն ինչ: Նույնիսկ այն, ինչ գրված էր Արթուրի մասին երազահանում:
1971 թ. Խ. Աբովյանի տուն-թանգարանի բակի տներից մեկում ծնվեց Արթուրը: Ավարտելով Քանաքեռի թիվ 103 միջնակարգ դպրոցը, ընդունվեց Երեւանի պոլիգրաֆ պրոֆտեխուսումնարանը: 1989-ին զորակոչվեց խորհրդային բանակ: Արթուրը ծառայել է Կրեմլի հատուկ պահակախմբում: Անթերի արտաքին տեսքն ու ռուսերենի գերազանց իմացությունը շփոթեցնում էին օտարներին: Արթուրի հետ Մոսկվայում ծառայում էր նաեւ ադրբեջանցի մի տղա: Արթուրը նրան չէր վստահում: Տիկին Էլմիրան ասում է, որ նույնիսկ հրամանատարներն էին անհանգստանում Արթուրի համար: Նա հաճախ այդ ադրբեջանցու մոտ խոսում էր Արցախի մասին ու ասում, որ մի օր անպայման ազատագրվելու է:
1991-ի դեպքերից հետո Արթուրը տուն եկավ, ասաց` գնում է Արցախ: Նրան չհավատացին: Մայրը գիտեր` իր տղան սպանել չի կարող:
Առանց տանը ասելու Արթուրը գնաց զինկոմիսարիատ: Խնդրեց իրեն Արցախ տանել: Ասացին` դեռ չեն կարող: Այդ օրը Արթուրը հանդիպեց Վազգեն Սարգսյանին: Հետո եկավ տուն ու մանկական փայլող աչքերով ասաց. «Մամ, պատկերացնո՞ւմ ես, ես Վազգենի հետ ֆուտբոլ եմ խաղացել»: Բայց եւ այնպես Արթուրը գնաց: 1 շաբաթ հետո տուն եկավ: Համազգեստ չկար նոր զինվորների համար: Մի քանի օր հետո Արթուրը վթարի ենթարկվեց: Վերակենդանացման բաժնում արթնացավ ու ասաց. «Թողեք ես գնամ: Ա՜խր ես Ղարաբաղ պիտի գնամ: Բա ծնողներս: Երեւի հիմա ինձ են փնտրում»: Իսկ ծնողները սպասում էին միջանցքում: Այդ պահին տիկին Էլմիրան Աստծուն փառք էր տալիս, որ իր Արթուրն անվնաս էր, իսկ հիմա նա կգերադասեր, որ որդու ոտքը կոտրվեր ու նա ոչ մի տեղ էլ չգնար:
Սեպտեմբերի 5-ն էր: 8 գյուղ գրավելուց հետո «Արծիվ 1» ջոկատն ընկավ շրջափակման մեջ: Երբ միջանցք բացվեց, եւ ջոկատը սկսեց նահանջել, Արթուրը չգնաց: Թշնամուց ընդամենը 15 մետր հեռավորության վրա նրա ընկերոջ դիակն էր: Ոչ ողջ, ոչ մահացած ընկերոջը Արթուրը ադրբեջանցիներին չէր տա: Նա մոտեցավ ընկերոջն ու փորձեց գրկել: Այդ պահին գնդակներից մեկը դիպավ Արթուրին:
Տիկին Էլմիրան ասում է, որ դեռ 2 տարի առաջ չէր հավատում, որ Արթուրը չկա: Նա չէր տեսել որդու մարմինը, իր համար գերեզմանը դատարկ էր: Միայն 2 տարի առաջ խաչքարի վրա դրվեց Արթուրի նկարը: Հիմա նա գնում է գերեզմանատուն` Արթուրի մոտ: Տարիներ հետո Վազգեն Սարգսյանն ասաց. «Ես քանաքեռցի «սիրուն Արթուրի» հետ ֆուտբոլ եմ խաղացել»:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկը խոստացավ փողոցը վերանվանել Արթուր Սարուխանյանի անունով, բայց ընտրություններից հետո խոստումը մոռացվեց: Տիկին Էլմիրայի կյանքում շուտով հայտնվեց մի նոր լույս: Երբ ծնվեց Արթուրի եղբոր տղան, բոլորը նկատեցին, որ նա հորեղբորը շատ նման է: Հիմա, երբ տատը փորձում է նախատել նրան, ասում է. «Տա՛տ, բա դու չգիտե՞ս, որ ես քո Արթուրն եմ»:
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ