Ընտրություններից ընդամենը օրեր առաջ խորհրդի կազմից դուրս են եկել 7 անդամներ
Երեւանի պետական համալսարանում երեկ կայացած ռեկտորի ընտրություններում 41 ձայնով ռեկտոր ընտրվեց համալսարանի պրոռեկտոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արամ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին համալսարանի ռեկտորի անարդյունք կայացած ընտրություններից հետո վերջինս ռեկտորի պաշտոնակատարն էր: Մինչեւ մայիսի 5-ը հայտարարված ժամկետը ռեկտորի պաշտոնում իրենց թեկնածությունն էին առաջադրել պրոռեկտոր Արամ Սիմոնյանը եւ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որոնք էլ երեկ ռեկտորի պաշտոնի համար պայքարում էին: Ընտրություններին մասնակցում էին համալսարանի խորհրդի 72 անդամներից 71-ը, բացակայում էր ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Նորայր Առաքելյանը, որը, ինչպես հայտնեցին, բացակայում էր քաղաքից: Արամ Սիմոնյանի օգտին քվեարկեցին խորհրդի անդամներից 41-ը, իսկ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի օգտին` 24-ը, 4 հոգի դեմ էին 2 թեկնածուների, իսկ երկու քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Նկատենք, որ մարտի 22-ին կայացած ընտրությունների ժամանակ երեկվա ընտրություններում պարտված Գագիկ Ղազինյանին 1 ձայն էր պակասում հաղթանակի համար, իսկ Արամ Սիմոնյանը հավաքել էր ընդամենը 20 ձայն: Թե ինչպես եղավ, որ առաջին ընտրություններում 20 ձայն հավաքած Արամ Սիմոնյանը այս անգամ հատեց անգամ անհրաժեշտ 37-ի սահմանը, դժվար է ասել: Միայն նշենք, որ վարչապետի մայիսի 11-ի որոշմամբ համալսարանի խորհրդի կազմում եղել է յոթ անդամների փոփոխություն: Խորհրդի կազմից դուրս են եկել Դավիթ Հարությունյանը, Լեւոն Անանյանը, Ալեքսան Հարությունյանը, Արշակ եպս. Խաչատրյանը, Գեւորգ Պողոսյանը, Վիկտոր Մարտիրոսյանը եւ մեկ ուսանողՙ Ստեփան Ենոքյանը, որը զորակոչվել է բանակ: Իհարկե, նրանց տեղերը լրացվել են այլ անդամներով: Կարելի՞ է ենթադրել, որ նրանք նախորդ անգամ Գագիկ Ղազինյանի օգտին քվեարկած խորհրդի անդամներն էին: Պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց քանի որ հնարավոր չեղավ ճշտել խորհրդի անդամների փոփոխությունների իրական պատճառը (խորհրդի քարտուղարն ասաց, որ դա կարելի է ճշտել միայն վարչապետից), դժվար է վստահ լինել:
Օրինակ, համալսարանի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մեկնաբանմամբ, հիսուն օրը բավական ժամանակ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց վերաբերմունքը: Ինչ վերաբերում է հենց այս օրերին խորհրդի հիշյալ ուսանող անդամի զորակոչելուն, Սերժ Սարգսյանը ասաց, որ թեեւ 3 փորձաքննություններից պարզվել է, որ նա սահմանափակ առողջություն ունի, բայց դա պատճառ չէ բանակ չգնալու համար: Ընդհանուր առմամբ խորհրդի նախագահն ընտրությունները գնահատեց շատ լավ. «Ես կարծում եմ, որ ռեկտորի ընտրություններն անցել են շատ լավ` պահպանելով օրենքի տառը եւ բարյացակամ վերաբերմունքը»: Համալսարանի խորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ խորհրդի կազմում ընտրություններից օրեր առաջ եղած փոփոխությունները կարող են ունենալ հիմնավոր պատճառներ: Իսկ ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ, քանի որ որեւէ կասկածելի բան չի տեսել:
Նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում շատ լավ, ընկերական եւ հանգիստ գնահատեց ընտրությունների ընթացքը: Իսկ իր նոր պաշտոնի առնչությամբ նշեց, որ տրամադրված է եւ հասկանում է, թե ինչ բեռ է ընկել իր ուսերին: Խորհրդի կազմից նշյալ յոթ անդամների դուրս գալու եւ իր հաղթանակի պատճառները նորընտիր ռեկտորի խոսքերով կարող են կապված լինել թեկնածուների հանդեպ վերաբերմունքի փոփոխմամբ, քիչ թեկնածուների առկայությամբ, մամուլի կողմնորոշմամբ: Արամ Սիմոնյանը հայտնեց, որ փոփոխություններ իր թիմում անշուշտ կլինեն, բայց պարտադիր չէ, որ կազմն ամբողջովին նորացվի: Նա կարծում է, որ ինքը որոշ բաներ ունի սովորելու, բայց փորձելու է ամեն ինչ անել ի բարօրություն համալսարանի, որը պատրաստվում է պետական ավարտական, հետո նաեւ ընդունելության քննություններին: Կրթության նախարարի հավանական փոփոխության դեպքում ռեկտորը նշեց, որ ինքը պատրաստ է աշխատելու հիշյալ պաշտոնում հայտնված յուրաքանչյուրի հետ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ