«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2006-05-12 | #87, 2006-05-13 | #88, 2006-05-16


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ՌԻՆԳՈՒՄ

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկ անգամ եւս ապացուցեց, որ IBF-ի վարկածով միջին քաշում առայժմ իրեն հավասարը չունի: Գերմանիայի Ցվիկաու քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ Արթուրի մենամարտը գանացի բռնցքամարտիկ Կոֆի Ջանտուայի հետ կենտրոնական հանդիպումներից մեկն էր: 32-ամյա Ջանտուան մինչ այդ պրոֆեսիոնալ ռինգում 30 հաղթանակ էր տոնել, որից 19` նոկաուտով:

Մենամարտի ընթացքում Արթուր Աբրահամը փորձում էր ընտրել հարմար պահը եւ հուժկու հարվածով գետին տապալել մրցակցին, սակայն աֆրիկացի բռնցքամարտիկը հմտորեն էր պաշտպանվում: Ուստի հաղթողին որոշելու համար հարկ եղավ անցկացնել բոլոր 12 ռաունդները: Յոթերորդ ռաունդում ծոծրակին հարվածի համար Արթուրը մրցավարի կողմից զգուշացում ստացավ, որի պատճառով նրա վաստակած միավորների քանակը նվազեց մեկով: Սակայն մենամարտի ավարտից հետո տեսագրությունը հաստատեց, որ այդ դրվագում Արթուրը ճիշտ էր գործել եւ խախտում թույլ չէր տվել, պարզապես մրցավարներն էին սխալվել:

Բայց մրցավարների սխալն էլ չազդեց մրցակցության ելքի վրա: Նրանք միաձայն հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին (117-109, 116-111, 115-112):

Այսպիսով, Արթուր Աբրահամը եւս մեկ անգամ պաշտպանեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշում: Պրոֆեսիոնալ ռինգում Արթուրն առայժմ անպարտելի է: Նա շահեց իր 21-րդ մենամարտը: Դրանցից 17-ում Արթուրը մրցակիցներին նոկաուտի է ենթարկել: Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա Կոֆի Ջանտուայի բախտը պարզապես բերեց, որ չհայտնվեց ռինգի հատակին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4