Պարզվում է, քաղաքական եւ ներկոալիցիոն վերջին զարգացումները 500 երիտասարդի ստիպել են դառնալ ՕԵԿ երիտասարդական միության անդամ, եւս 120-ը պատրաստվում է բռնել նույն ճանապարհը: Երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանն այս հանգամանքը բացատրում է «բնության օրենքով, հարեւանների համեմատ մեր հայրենիքում երիտասարդների երկարակեցությամբ»:
Անգլիայում կրթություն ստացած օրինացերկրական Տիգրան Մկրտչյանն Անգլիայում սովորել է, որ կուսակցության մանդատով Ազգային ժողով մտած պատգամավորը կուսակցությունից դուրս գալով, բարոյական կլինի, որ վայր դնի նաեւ պատգամավորական մանդատը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Տ. Մկրտչյանը հավաստեց, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Եվրոպա կողմնորոշումներում հակադրություններ չկան: ՆԱՏՕ-ին անդամակցությունն ավելի հեռակա ծրագիր է, «այսօր եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար այլընտրանք չունի»:
Մեկ այլ երիտասարդ օեկականիՙ Հովհաննես Հասրաթյանի համար իրենք ընթանում են մի նավով, որի ճանապարհին «քամիներ, անձրեւներ կլինեն, ոմանք ափ կհասնեն, ոմանքՙ ոչ, իրենց ջուրը կնետեն: Մեր նավն այնքան բարձր է, որ ոմանք կթռչեն, բայց չեն հասնի: Արեւը թրջվածներին սկզբում կարմրացնում է, հետոՙ սեւացնում: Մեր նավը մի օր շուտ կհասնի նպատակին», լավատեսական նոտայով իր գեղարվեստական խոսքն ավարտեց երիտասարդը: Նա տհաճություն է զգում այն հանգամանքից, որ ուսուցիչներն իրենց մի բան են քարոզել, այսօր այլ բան են անում:
Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ չնայած ՕԵԿ-ը եղել է կոալիցիայի կազմում, ունեցել մշակույթի նախարարի պաշտոն, չկա օեկական որեւէ կազմակերպություն, որը մշակույթի նախարարության ծրագրով ֆինանսավորված լինի: «Ազգի» հարցին, թե արդյոք պատճառն այն չէ՞, որ օեկական որեւէ կազմակերպություն լավ ծրագիր չի ներկայացրել, Ֆարմանյանը պատասխանեց. «Փորձագիտական հետազոտություն անողի իրավասություն ինձ վրա չէի վերցնի»:
Երիտասարդական միության մարզային կազմակերպությունները մայիսի 14-ի ընդլայնված արտահերթ նիստում հայտարարություն են ընդունել, որի համաձայն, համոզված են կոալիցիայից դուրս գալու մասին ընդունված որոշման իրավացիության մեջ, իրենց աջակցությունն են հայտնում Արթուր Բաղդասարյանին եւ չեն թաքցնում ոգեւորությունը «նրանց սկզբունքային եւ առաքինի գործելակերպից: Մենք վճռական ենք տրամադրված առաջիկա քաղաքական խոշոր հաղթանակները մոտեցնող մեր պայքարում, առավել եւսՙ ընդդիմադիր դաշտում»: «Ազգի» հարցին, թե արդյոք գոհ չէի՞ն իրենց նախկինՙ իշխանական կարգավիճակից, Ֆարմանյանն անկեղծորեն պատասխանեց. «Ողջ աշխարհում ընդդիմադիր դաշտում պատասխանատվությունն ավելի սահմանափակ է: Հիմա ավելի ազատ կարող ենք խնդիրների լուծման մեխանիզմները բաց եւ անկաշկանդ ներկայացնել: Ուզում եմ, որ 2050 թ.-ին Հայաստանի բնակչությունը լինի ոչ թե 3, այլ 4 միլիոն»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ