Համոզված է Արա Աբրահամյանը
Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի երեկվա նիստից առաջ Արա Աբրահամյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետՙ պատասխանելով Հայաստանի քաղաքական ու տնտեսական խնդիրներին առնչվող մի շարք հարցերի: Ներկա փուլում նա կարեւոր համարեց ազգային ծրագրի ու գաղափարախոսության ստեղծումը, ինչը, ըստ նրա, ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստան-սփյուռք կապի ամրապնդման համար: Դրան հասնելու համար Կոնգրեսը շարունակում է իր կառույցները հիմնել հայկական տարբեր գաղթօջախներում, միաժամանակ ծրագրում է ստեղծել արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմին: Նրա համոզմամբ, միայն այդ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանից արտագաղթածների վերադարձը: «Երկրի պահպանման համար շատ կարեւոր են տնտեսության զարգացումը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ճշտումը, հստակ մեխանիզմների ստեղծումը: Դրա համար պետք է ունենալ տնտեսական մի այնպիսի կառույց, որը կբարելավի մարդկանց տնտեսական վիճակը: Սփյուռքի հետ բոլորս միասին պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ ու աշխատատեղեր, որպեսզի արտասահմանում աշխատանք որոնող մարդիկ կարողանան հետ գալ: Դա պետք է սկսել հիմա, հետո ուշ կլինի նրանց վերադարձնելը, որովհետեւ նրանք արդեն ինտեգրված կլինեն այդ երկրներին», ասաց Արա Աբրահամյանը:
Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունների, մասնավորապես կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու վերաբերյալ նրա գնահատականը հետեւյալն էր. «Որքան տեղյակ եմ իրողությանը, բացասական եմ գնահատում: Սակայն ամեն մի կուսակցություն եւ իշխանություն ինքն է որոշում կայացնում, պետք է հարգենք այդ որոշումն ու սպասենք հետագա զարգացումներին: Մենք պետք է համապատասխան հետեւություններ անենքՙ եթե սա եղավ, երկրորդ քայլն ինչ է լինելու: Եթե կոալիցիան քանդվի, եթե մի կուսակցություն մեկ օրվա մեջ վերանա, ոչ մի լավ բան չկա դրանում, բայց դա իրենց որոշումն է: Ժամանակ է պետք, որ մենք գնահատական տանք: Ամեն մարդ իրավունք ունի իր որոշումը կայացնելու, ժամանակը ցույց կտա, ով է ճիշտ, ովՙ սխալ», ասում է Արա Աբրահամյանը:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր կառույցի մասնակցության մասին խոսելը նա դեռ վաղ է համարում: Մասնակցության ձեւի ու աստիճանի մասին որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի հայերի միությունը` հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրությունը: «Մենք այնպես ենք անում, որ այստեղի օրենքները չխախտենք, որովհետեւ գիտեք, թե ի՞նչ են ընտրությունները, ինչպիսի միջամտություն պետք է ունենանք: Պետք է այնպես անենք, որ այստեղ քաղաքական իրադրությունն ու անդորրը չխախտվի»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ