«Ախալցխայի ազատագրության բրիգադ» կազմակերպության ստորագրությամբ 2 օր առաջ հակահայ բովանդակությամբ թռուցիկներ են տարածվել Ախալքալաքում: Դրանց վրա մահիկ ու աստղի նշաններ են եղել: «Մեր ստորացումների համար հատուցման ժամը եկել է: Հիշեք 1915 թվականը: Գեւորգյանը սատկեց, հաջորդը Ռաստակյանն է», գրված է թռուցիկներում:
Այս մասին «Ա-ինֆո»-ին վկայակոչելով գրում է «Ա1 պլյուս» էլեկտրոնային թերթը: Դավիթ Ռստակյանը, որի անունը աղավաղված հիշատակվում է թռուցիկներում, «Վիրք» կուսակցության համանախագահն է: «Եթե Վրաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբերման կապակցությամբ հայտարարում է իրավիճակը Ջավախքում իր կողմից վերահսկելու մասին, պարտավոր է հայտնաբերել թռուցիկները տարածողներին», հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ թռուցիկում հիշատակված մյուս անունը մարտ ամսին Ծալկայում սպանված Գեւորգ Գեւորգյանն է, որին սպանողներին պատժելու ուղղությամբ Վրաստանի իրավապահները դեռ ոչինչ չեն արել:
Նման բովանդակությամբ թռուցիկներ տարածվել են նաեւ անցած տարվա հոկտեմբերին: Վրաստանի ազգային անվտանգության ծառայություններն այս ուղղությամբ եւս ոչինչ չեն ձեռնարկել: «Մնում է ջավախահայության անվտանգության խնդիրը բարձրացնել միջազգային հանրության առջեւ», ասում է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը:
Կ.Դ.