«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2006-05-16 | #89, 2006-05-17 | #90, 2006-05-18


ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԱՐԳԱՐԵ՞, ԹԵ՞ ԿԱՄԱԿԱՏԱՐ

Հայաստանում մեր աչքի առաջ քաղաքականությունը մեռնում է: Պատճառը քաղաքական եւ տնտեսական էլիտաների սերտ կապի վերջնական եւ անխուսափելի սերտաճումն է: Դրա հետեւանքն էլ հրապարակային քաղաքականության ոչնչացումն է, այսինքնՙ տնտեսական էլիտայի գերակայությունը քաղաքականի նկատմամբ: Այս շրջանը վերջնական փուլին կհասնի գալիք խորհրդարանական ընտրություններով, որոնք կլինեն ապաքաղաքականացված եւ ի շահ տնտեսական էլիտայի: Իսկ այդ երկու էլիտաների համակցմամբ ստեղծված «Օրինաց երկիր» կուսակցությունում ուղղորդողը քաղաքականն էր, առաջնորդն էլ հրապարակային քաղաքական գործչի որակների կրող է: Մինչդեռ կոալիցիայում ՕԵԿ-ի հրաժարականով ստեղծված պարապը լցնելու հավակնություն ունեցող Միավորված աշխատանքային կուսակցությունն ու «Ժողովրդական պատգամավոր» խումբն ուղղակիորեն օլիգարխիկ եղանակներով են ստեղծվել:

Այս մասին տարբեր երկար-բարակ ձեւակերպումներով երեկ «Փակագիծ» ակումբում խոսեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, փաստելով, որ քաղաքագետի իր կենսագրությունում առաջին անգամ սեփական կանխատեսումները լիովին իրականացել են: Բայց արի ու տեսՙ ԱԺ պատգամավոր, քաղաքագետը ամենեւին էլ գոհ չէ, քանի որ զուտ մարդկայնորեն վատ է զգում եւ վստահ է, որ ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից լրջագույն վտանգներ է առաջացրել քաղաքական դաշտում:

Իրեն դուրս դնելով «ընկած եզի շուրջ հավաքված դանակավորների» շարքիցՙ Հովհաննիսյանը փորձեց արեւմտամետ առաջնորդի քաղաքական տեղը գրավելու նկրտումը դրսեւորողներին սթափեցնել, ասելով. «Հայաստանում անհնար է կրկնել Սաակաշվիլու կամ Յուշչենկոյի ճանապարհը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ոչ Շեւարդնաձե է, ոչ էլ Կուչմա: Նա իր քաղաքական ոճով Ելցինին է նման»: Հմայակ Հովհաննիսյանն ավելի հստակ էլ ձեւակերպեց նույն միտքը. «Ռոբերտ Քոչարյանը այնպիսի ավտորիտար ոճի ղեկավար է, որի իշխանության օրոք անհնար է որեւէ մեկը դուրս մղվի իշխանությունից ու դառնա Սաակաշվիլի»: Այնպես որ Արթուր Բաղդասարյանն այսուհետեւ ունի մեկ ընտրությունՙ տեւականորեն ապացույցներ ներկայացնել, որ ոչ թե գործուղվել է ընդդիմադիր դաշտ, այլ արմատական ընդդիմություն դառնալու հաստատուն որոշում է կայացրել եւ «վերջնականապես կտրել է Ռոբերտ Քոչարյանի հետ կապող պորտալարը»:

ՕԵԿ-ի հետ կատարվածը, քաղաքագետի գնահատմամբ, բացի արդեն ասված պատճառներից, բացատրվում է նաեւ Արթուր Բաղդասարյանիՙ կոալիցիոն ընկերներին ներկայացրած իրեն իշխանության ժառանգորդ համարելու պարտադրանքով: Խթանողի դերն էլ ստանձնեց ինքըՙ Հմայակ Հովհաննիսյանը. «Հարցիս պատասխանելով Արթուր Բաղդասարյանը մտավ այնպիսի դատողությունների դաշտ, որը անհնարին դարձրեց իր հետագա ներկայությունը կոալիցիայում», ինչն էլ քաղաքական նախաձեռնության իրավունքն ու սուպերկուսակցություն դառնալու առահավատչյան ընձեռեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Իսկ գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններն ապաքաղաքական կլինեն եւ նոր սահմանադրության ստեղծած հնարավորություններով լիովին կբաշխեն իշխանությունը, ինչով կիմաստազրկեն նախագահական ընտրությունը եւ երկրի ղեկը կհանձնվի ռեալ պատասխանատվությունը կրողինՙ Սերժ Սարգսյանին նաեւ դե յուրե: Այս կանխատեսման 100 %-ով իրականանալը միանշանակ կգոհացնի հեղինակինՙ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4