«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2006-05-16 | #89, 2006-05-17 | #90, 2006-05-18


ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ

Ամեն անգամ, երբ Հայաստան եմ այցելում, բարեկամներս, ընկերներս առաջին հերթին հրամցնում են նոր անեկդոտները հայոց... օլիգարխների մասին: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ մեծահարուստները, ինչպես ասում են, մարդկանց կոկորդում լռված ձիթապտղի կորիզ են, ոչ կարողանում են կուլ տալ-մարսել, ոչ էլ թքել-դուրս գցել: Ուստի բավարարվում են սրամտություններով: Այդ անեկդոտները չար են, խայթիչ, արհամարհական, բայց ամենատարօրինակն այն է, որ հերոսները փայլում են իրենց... բթամտությամբ, ինչը խիստ կասկածելի է: Բայց, անտարակույս, նրանք արդեն ամուր կերպով մտել են ժողովրդական ֆոլկլորի մեջ եւ կազմել հայ ազգի նորօրյա բանահյուսության անքակտելի մասը:

Ասել, թե Ռուսաստանում օլիգարխներին սիրում են, պատմական անարդարություն կլիներ: Կոմունիստներն ու նացիոնալիստներն ատելով-ատում են, որովհետեւ նրանց մեջ շատ են հրեաները: Լիբերալները նրանց համարում են իրենց «դեմոկրատական» ստեղծագործությունները, եւ եթե իրենք դրամապանակ չունեն, ապա հաճույքով օգտվում են նրանց քսակներից: Իսկ ի՞նչ է մնում հասարակ ժողովրդին` միայն նախանձել:

Այստեղ էլ են օլիգարխներին փնովում, համարում են խարդախ, խաբեբա, ավազակ եւ այլն, բայց ոչ երբեք բթամիտ: Եթե համեմատենք հայ եւ ռուսաստանցի «աֆերիստներին», ապա կտեսնենք, որ, օբյեկտիվորեն, համեմատության եզր չկա: Բնականաբար, դա առաջին հերթին վերաբերում է մասշտաբներին: Ես չգիտեմ, ասենք, ինչքա՞ն է Հայաստանի բյուջեն: Բայց հաստատ 18,3 միլիարդ դոլար չէ. իսկ այդքան է հենց միայն «Ֆորբս» ամսագրի Ռուսաստանի 100 մեծահարուստների վերջին ցուցակի առաջատարի` Չուկոտկայի «պետ» Ռոման Աբրամովիչի հարստությունը: Իսկ գիտե՞ք ինչքան է այդ «ոսկե հարյուրյակի» ամփոփիչ գումարը` 248 միլիարդ դոլար:

Երկու տարի առաջ ակումբի մուտքի «տոմսն» արժեր 280 միլիոն, այսօր «ամենաաղքատ» միլիոնատերը տնօրինում է... 450 միլիոն դոլար: Իսկ առաջին տասնյակին անդամագրվելու համար պետք է ունենալ առնվազն 7,6 միլիարդ դոլար: Երեւի սրանց համեմատ հայ օլիգարխներին չքավոր կարելի է համարել:

Ռուսաստանում ապշեցնում են նաեւ հարստության աճի դինամիկան ու ծավալները: Հազիվ թե հայ օլիգարխները հնարավորություն ունենան կարճ ժամանակահատվածում բազմապատկելու իրենց ունեցվածքը: Իսկ ահա էթնիկ ադրբեջանցի Վագիտ Ալեքպերովը, որը «Ֆորբսի» նախորդ ցուցակում սոսկ 10-րդն էր, այժմ գրավում է պատվավոր 2-րդ տեղը, զիջելով միայն Աբրամովիչին: Նրա գլխավորած «ԼՈԻԿՕՅԼ» նավթային ընկերության կապիտալացումը մեկ տարում աճել է 150 տոկոսով, Ալեքպերովի հարստությունը հասցնելով 12,7 միլիարդ դոլարի:

Բիզնեսի տեսակների առումով էլ, նույնպես օբյեկտիվորեն, մեծ են տարբերությունները: Ռուսաստանում այն կարծիքն է ստեղծվել, որ հայ բիզնեսմենները հեչ «մասնագիտացում» չունեն, նրանց համար կարեւոր չէ, թե ինչով են զբաղվում, գլխավորն այն է, որ գործը եկամուտ բերի: Ռուսաստանում հակառակն է. օլիգարխները ընտրում են որոշակի ուղղություն եւ նոր դրա հիման վրա կարող են զարգացնել որոշ օժանդակ ճյուղեր: Առայժմ նրանք զբաղվում են երկրի բնական հարստությունների վայրենի շահագործմամբ, ֆինանսներով, բանկերով, անշարժ գույքով: Ռուսաստանն առ այսօր այդպես էլ չծնեց իր Բիլլ Գեյթսին. շատ քիչ մարդ է զբաղվում արտադրությամբ, նորագույն տեխնոլոգիաներով:

Ելնելով հիշատակված անեկդոտների «յուրահատկություններից», նույնիսկ անպատեհ է դառնում երկու երկրների մեծահարուստների կրթվածության համադրումը: Ռուսաստանցիները բոլորն էլ հիմնովին կրթություն ունեն, աչքի են ընկնում ինտելեկտուալ բարձր մակարդակով, սկսում են հավասարվել համաշխարհային բիզնեսի ընտրախավին: Հետաքրքրական է, որ նրանցից շատերն անցել են կուսակցական, կոմերիտական, կառավարչական աշխատանքի` այն տարիների համար «մենեջերական» մեծ դպրոց: Ջահելների մեջ շատ են արտասահմանյան հեղինակավոր կրթական հաստատություններ ավարտածները:

Սակայն հերիք է տարբերությունների մասին. իսկ ընդհանրություններ կա՞ն: Ամենաաղաղակողը... ցուցամոլությունն է (Ռջ չՐÿջՌ Չ ՍվÿջՌ): Ռուսների աչքի փուշն են դարձել Աբրամովիչի անգլիական ֆուտբոլային ակումբը, թանկարժեք զբոսանավերն ու ինքնաթիռները: Հա՛, քիչ էր մնում մոռանայինք... դղյակները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4