Հիպերտոնիկ եւ սրտանոթային հիվանդները պետք է առանձնապես զգույշ լինեն
Երեկվանից Երկիր մոլորակի վրա գրոհում են մագնիսական փոքր փոթորիկների մեծ ալիքները: Ինչպես տեղեկանում ենք «Նյուսռու»-ից, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Երկրային մագնիսականության, իոնոսֆերային եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի գիտնական Անատոլի Բելովը: Նրա ասելով, գեոմագնիսական գրգռվածության շրջանը կշարունակվի մինչեւ մայիսի 20-ը: Ընդ որում, այս ընթացքում մագնիսական փոթորիկները պարբերաբար կարող են ուժգնանալ կամ նվազել: Գեոմագնիսական ակտիվության նոր բռնկումները, գիտնականի համոզմամբ, վաղուց չեն արձանագրվել արեգակի վրա եւ մթնոլորտում նոր պսակաձեւ անցքերի առաջացման պատճառ են դարձել: Փոքր մագնիսական փոթորիկների բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ավելի ուժեղ է, քան ուժեղ փոթորիկներինը, որոնք ազդում են նույնիսկ էլեկտրական սարքերի վրա: Դրանց ազդեցությունը սովորաբար արտահայտվում է քնի խանգարմամբ, աշխատունակության անկմամբ, շուտ հոգնածությամբ, քնկոտությամբ: Նյարդայնություն ու գերզգայնություն կզգան նույնիսկ առողջ մարդիկ:
Բժիշկներն այդ օրերին խորհուրդ են տալիս հստակ պահպանել օրվա ռեժիմը, շատ չծանրաբեռնվել ֆիզիկապես ու հոգեպես եւ հանգստին ավելի շատ ժամանակ տրամադրել: Առավելապես պետք է զգույշ լինեն հիպերտոնիկ եւ սրտանոթային պրոբլեմներ ունեցողները: Հայաստանում գրեթե ամեն 5-րդ մարդ բողոքում է արյան բարձր կամ ցածր ճնշումից: Հիպերտոնիան սովորաբար ուղեկից հիվանդություն է, օրգանիզմի որեւէ այլ կենսական օրգանի գործունեության խախտման հետեւանք եւ բավական լայն տարածում ունի:
Գեոմագնիսական փոքր փոթորիկների ակտիվությունը բացատրվում է ոչ միայն արեգակնային բռնկումներով, այլեւ թունավոր արտանետումների քանակի ավելացմամբ: Ընդ որում, այս տարիՙ 2006-ի 5 ամիսների ընթացքում սա մագնիսական փոթորիկների արդեն 9-րդ ալիքն է, որ հարվածում է երկրին: Ամենաուժգին հարվածն արձանագրվել է ապրիլի կեսերին:
Մենք այժմ մեծ արագությամբ բնորոշվող արեւային քամու ներգործության տակ ենք: Միակ մխիթարությունն այն է, որ արեւային քամու արագությունը նվազում է:
Ինչպես տեղեկացանք «Շտապ բուժօգնություն ՊՓԲԸ» ընկերության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանից, իրենց ծառայությունն օրական միջին հաշվով 450 կանչ է ստանում, որոնց 30 տոկոսը հիպերտոնիկ եւ սրտանոթային հիվանդներն են: Ըստ Ժամկոչյանի, այս ընթացքում էլ կանչերը շատացել են, բայց իրենք դրանք կապում են նաեւ A-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով առաջացած ստրեսային իրավիճակների հետ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ