Պարզաբանում է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին լուծում տվողը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Հայաստանը: Կողմերից մեկն անհնար է համարում Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի կազմում գտնվելը, հակառակն էլ անընդունելի է հայկական կողմի համար: Ադրբեջանի որեւէ քաղաքական ուժ ինքնակամ չի գնա Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելունՙ հօգուտ ինքնորոշման: Այնպես որ խնդիրը գերտերությունների ձեռքին է, որոնք որոշումը կարող են ներկայացնել տՐՏՑՌՉ սՏՎՈ վպՑ տՐՌպՎՈ սկզբունքով, եւ մեծապես կախված է տարածաշրջանում ԱՄՆ շահերից: Իսկ Ադրբեջանը, որ տասը տարի առաջ չէր էլ կարող երազել լոբբիի մասին, այսօր ամենամեծ լոբբին ունի նավթային հզոր ընկերությունների տեսքով: Այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում: Հայաստանի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի երկրների ճակատագիրն էլ, քաղաքագետի տեսանկյունից, որոշվելու է Ռուսաստանի Դաշնություն-Միացյալ Նահանգներ փոխհամաձայնությունների համատեքստում: Այս լույսի տակ էլ Վրաստանի վարած քաղաքականությունը եւ փորձը Վաշինգտոնին Մոսկվայի դեմ օգտագործելուՙ հակավրացական է եւ միամիտ, իսկ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Վաշինգտոնի հետ նորմալ հարաբերությունների զարգացման հնարավորություն է տալիս:
Ցեղասպանության հարցը փակուղում է
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը օրեր առաջ Երեւանում հայտարարեց ցեղասպանության հարցը միջազգային դատարան հասցնելու կոնգրեսի մտադրության մասին: Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտում լուծելու տարբերակն, Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, քաղաքակիրթ է եւ չի կարող վնասնել գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերություններին. «Մի՞թե դատարան դիմելը որեւէ իմաստով կարող է վատացնել որեւէ հարաբերություն, այն դեպքում, երբ նույնիսկ չկա որեւէ հարաբերություն»: Առաջարկը հնարավոր քաղաքակիրթ տարբերակ լինելուց զատ, նաեւ ցեղասպանության հարցը փակուղուց դուրս բերելու ուղի է: Իսկ հարցն Անդրանիկ Միհրանյանը փակուղում է տեսնում, քանի որ իրողությունը ճանաչելու պատրաստակամություն դրսեւորող երկրների քանակը սահմանափակ է եւ այդ ուղղությամբ գրեթե սպառված: Առաջարկը, Միհրանյանի տեղեկացմամբ, ՀՀ նախագահին եւ ԱԳ նախարարին հետաքրքրել է, բնականաբար, որոշում կայացնելու մենաշնորհն էլ նրանցն է:
Քոչարյանն ու Օսկանյանը զիջել են ՀՅԴ ճնշումներին
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքների մասին, Անդրանիկ Միհրանյանի գնահատականով, միտումնավոր խեղաթյուրված տեղեկություններ են տարածել Հայաստանումՙ պնդելով, թե «ծախու մարդիկ ինչ-որ անհասկանալի հարցերով են զբաղված եւ ամենեւին էլ չեն քննարկում ցեղասպանության հարցը»: Հանձնաժողովի կազմում աշխատած քաղաքագետի պնդմամբՙ եղել է ուղիղ հակառակը եւ ցեղասպանություն բառը չի օգտագործվել որեւէ փաստաթղթում, քանի որ թուրքահպատակ ոչ մի անձ այդ բառը ներառող փաստաթուղթ չի կարող ստորագրելՙ ելնելով այդ քայլի սեփական երկրում քրեորեն պատժելի լինելուց: Իսկ հայ հասարակությանը մոլորեցնողները, Միհրանյանի խոսքի ենթատեքստի համաձայն, եղել են Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ: Հենց ՀՅԴ ճնշմամբ էլ տեղի են տվել Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները կարեւորելու ու շարունակելու հարցում. «Կոալիցիայի մեջ է ՀՅԴ-ն, որը կատեգորիկ դեմ է նման շփումներին: Ինձ թվում էՙ նրանց ճնշմամբ գործադիր մարմինը հեռու դիրք գրավեց հանձնաժողովի աշխատանքից: Նույնիսկ Հրայր Հովնանյանը հետ կանգնեցՙ հիմնական ոգեւորողներից լինելով: Վան Գրիգորյանին հանեցին Ամերիկայի հայկական համագումարից»:
Ներկայացվածը փաստելովՙ Անդրանիկ Միհրանյանն ընդգծեց, որ Հայ դատի հարցում ՀՅԴ կատարածին մեծ հարգանքով է վերաբերվում, «բայց դա չի նշանակում, որ ողջ ժողովրդին վերաբերող հարցը կարող է դառնալ որեւէ մեկի մենաշնորհը»: