Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ (2005թ. ապրիլ, 2006թ. փետրվար եւ 2006թ. մայիսի 16), իր մասնագիտական պարտքը կատարելու համար ահաբեկվում է Լոռու մարզի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Նարինե Ավետիսյանը: Առաջին երկու դեպքերի նկատմամբ տեղական, հատկապես իրավապահ մարմինների անտարբեր վերաբերմունքը ծնեց նոր բռնություն. 2006 թվականի մայիսի 16-ին անհայտ անձինք քարկոծել են լրագրողուհու ավտոմեքենան: Անցել է արդեն մի քանի օր, սակայն, ինչպես հայտնի դարձավ մեզ, հետաքննությունը դեռեւս դոփում է տեղում: Մեզ անհայտ էՙ տեղի իրավապահները չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում բացահայտել գործը: Իսկ գուցե չբացահայտումը ձեռնտու է տեղական իշխանությունների՞ն, որոնց որոշ գործողությունների քննադատություններից հետո են ամեն անգամ կատարվում բռնությունները, այլապեսՙ ինչպես բացատրել նրանց անտարբերությունը, երբ իրենց տարածքում միեւնույն լրագրողը մեկ տարվա մեջ ահաբեկվում է երրորդ անգամ, իսկ ահաբեկիչները չեն հայտնաբերվում: Մենք Լոռու մարզի եւ Վանաձորի ղեկավարությանը հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեական հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 164) եւ պահանջում ենք իրավապահ մարմիններից վարել այս եւ նախորդ փաստերի օբյեկտիվ քննություն, պատժել մեղավորներինՙ դրանով իսկ կանխելով հետագա բռնությունները:
Հայաստանի ժուռնալիստների միություն
Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե