Բելգրադը դա համարում է դավաճանություն
Շաբաթօրյա համարում «Ազգը» գրեց մայիսի 21-ին Չեռնոգորիայում կայանալիք անկախության հանրաքվեի եւ այն մասին, որ Եվրոմիության պահանջով հանրաքվեի արդյունքը դրական կհամարվի 55 տոկոս «կողմ» քվեների ապահովման դեպքում:
Արդ, Չեռնոգորիայի անկախամետ քաղաքական դաշինքը գլխավորող վարչապետ Միլո Ջուկանովիչը երեկ առավոտյան հայտարարեց, որ հանրաքվեի մասնակիցների 55,4 տոկոսը քվեարկել է Սերբիայից անջատվելու օգտին:
Վարչապետի տվյալներով, առավոտյան արդեն հաշվարկված էր քվեաթերթիկների 99 տոկոսը: Ընդսմին, 650 հազարանոց Չեռնոգորիայի անկախության կողմնակիցների թիվն ընդամենը 45 հազարով է գերազանցում պահպանողականների թվին:
Չեռնոգորիայի անկախացման գլխավոր ջատագովն Արեւմուտքն է, որն այդպիսով ջանում է վերջնականապես մեկուսացնել եւ թուլացնել նախկին Հարավսլավիայի միջուկը հանդիսացող ըմբոստ Սերբիային: Դեպի ծով Սերբիայի ելքը մինչեւ օրս ապահովվել է Չեռնոգորիայի տարածքով: Վերջինս ունի սեփական կառավարություն, մաքսային համակարգ եւ դինարից հրաժարվել է հօգուտ եվրոյի:
Երբ Կոսովոյի դեպքերը պատրվակ դարձնելով ՆԱՏՕ-ն 1999 թ. սկսեց օդային գրոհներ կատարել Հարավսլավիայի վրա, Չեռնոգորիայի ղեկավար Ջուկանովիչը հայտարարեց, որ իր հանրապետությունը մասնակից չէ այդ հակամարտությանը: Նա խզեց կապերը Սերբիայի հետ եւ սկսեց ինքնուրույն քաղաքականություն վարել:
Առաջին աշխարհամարտի վերջում Չեռնոգորիան արդեն եղել էր անկախ պետություն, բայց հետագայում սոցիալիստական Սերբիայի ամենահուսալի դաշնակիցն էր: Այսօր Ջուկանովիչը պնդում է, որ անկախությունը դրականորեն կազդի Չեռնոգորիայի տնտեսության վրա եւ կարագացնի Եվրոմիությանն անդամակցելը: Մայիսի 21-ի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող չեռնոգորցիների 86 տոկոսը, նշում է BBC-ն:
Ֆրանսպրեսն իր հերթին արձանագրում է, որ Սերբիայի եւ Չեռնոգորիայի բնակիչներն ունեն ընդհանուր լեզու (սերբերենը), պատմական, մշակութային եւ կրոնական ընդհանուր արմատներ: Երկրի անկախացման շուրջը վերջին տարիներին ծավալված բանավեճերը չեռնոգորցիներին բաժանել են երկու հակամարտ ճամբարների, որոնց վերահաշտեցումը դժվար է լինելու: Բելգրադում Պոդգորիցայի անկախության ձգտումը բնութագրում են որպես դավաճանություն:
ԵՄ արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Խավիեր Սոլանան երեկ աճապարեց հայտարարել, որ «Եվրոմիությունը կհարգի Չեռնոգորիայի անկախության հանրաքվեի արդյունքները»: