Արդյունավետ գործիչներ
Երեկ Ազգային ժողովի միջանցքներում նույնքան աշխույժ էր, որքան նիստերի դահլիճում: Ի դեպ` ԱԺ նախագահի հրաժարականով սկսված շրջանը, թերեւս մի քսան օր, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողների հետ զրույցում գնահատեց մի փորձաշրջան-փորձություն, որի ընթացքում Հայաստանի քաղաքական կուսակցությունները կարող են ցույց տալ` հասունացե՞լ են, թե ոչ: Ըստ նրա` խորհրդարանական ճգնաժամի կամ ԱԺ լուծարման համար պատճառ չկա, այդպիսի իրավիճակ չէ, իսկ կանոնակարգը խախտող ելույթներ եւ ճգնաժամի մասին կարծիքները թատերականացված ներկայացում էին: Մինչդեռ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը եւ Ա. Բաղդասարյանի հրաժարականը, ըստ նրա, տրամաբանական եւ արժանապատիվ քայլեր են, տեղի ունեցածն էլ քաղաքական սովորական գործընթաց է: Կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն Տ. Թորոսյանը չի տեսնում: Ովքե՞ր կլինեն կոալիցիայի նոր գործընկերները, այս հարցին նա պատասխան կունենա 5 օր հետո: «ՕԵԿ-ին փոխարինո՞ւմ եք ՄԱԿ-ով», մեր այս հարցին հնչեց այսպիսի պատասխան. «Ոչ մեկին ոչ մեկով չենք փոխարինում, ամեն ինչի հիմքը պետք է լինի համագործակցությունը: Ինչ որ կատարվում է, մեկ նպատակ պետք է ունենա` խորհրդարանի բնականոն աշխատանքը»: Ըստ Տ. Թորոսյանի` «Ժողպատգամավոր» խմբի հետ եւս կոալիցիան համագործակցելու է:
Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտություն չէր տեսնում նաեւ ԱԺ մյուս փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. «Եթե հարկ լինի հայտարարությամբ մեկ այլ ուժի հետ միավորվել կամ վերանայել հուշագիրը, դա դեռ քննարկման առարկա է, հրաժարականը միայն մեկ ժամ առաջ հրապարակվեց», ասաց նա նկատելով, թե կոալիցիան փակ ակումբ չէ, եւ մնացող ուժերը դեռ կքննարկեն հետագա գործելակերպը: Այն հարցին, թե ինչ է մտածում 70 տոկոսանոց վախի մթնոլորտի մասին, Վ. Հովհաննիսյանը կատակեց. «Ինձ համար դժվար է պատասխանել, ես մյուս 30 տոկոսի մեջ եմ»:
«Ժողպատգամավոր» խմբից Հակոբ Հակոբյանը մամուլում քննարկել էր Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու հարցը: Անդրադառնալով այս թեմային ՀՀԿ-ից Սամվել Միկոյանը նկատեց, թե Գ. Սահակյանի թեկնածությունը որեւիցե տեղում չի քննարկվել, եւ երեկ, խմբակցության նիստին Գ. Սահակյանը դա սադրանք եւ ինչ-որ տեղից ուղղորդվող խնդիր է անվանել:
Հակոբ Հակոբյանը երեկ «Ժողպատգամավորի» անունից ասում էր, որ իրենց առաջարկել են պաշտոններ, բայց խումբը հրաժարվել է, քանի որ կարճ ժամանակ է մնացել այս կառավարությանն ու Ազգային ժողովին, մի քանի ամսվա ընթացքում աշխատանքի գնահատական ստանալը ճիշտ չէ: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ու քարտուղար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, այդ տեսակետը չհաստատեցին: Նրանք միայն ասում էին, որ խմբի հետագա գործելակերպը դեռ քննարկման առարկա է, որոշում կկայացվի եւ այդ մասին տեղյակ կպահվի այսօր:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ կոալիցիայի երկու կուսակցություններում խոսք է գնացել «Ժողպատգամավորի» թիկունքում քաղաքական ուժ չլինելու մասին, այդ իմաստով անհասկանալի կլինի, թե ով է ստանձնելու պատասխանատվությունը, եթե «Ժողպատգամավորի» հովանու տակ պաշտոններ տրվեն:
Երեկ տեսանելի էր, որ «հազար» է 17 պատգամավոր ունեցող ՄԱԿ-ի տրամադրությունը: Խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին տեղյակ պահեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն որոշումների մասին, որոնցով երկու ՄԱԿ-ական (Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Պետրոսյանը եւ Վանաձորի տարածքային կառույցի վարչության անդամ Աղվան Վարդերեսյանը) նշանակվել են Շիրակի եւ Լոռու փոխմարզպետներ, իսկ երկար ժամանակ Արսենյանի օգնական աշխատած Թամար Գեւորգյանը դարձել է աշխատանքի եւ սոցապ փոխնախարար: Իսկ ՄԱԿ-ի կողմից առաջադրվող Հասմիկ Պողոսյանը, որը արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահն է, կփոխարինի մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանին: Նաեւ ԱԺ հանձնաժողովներից մեկը գուցե նախագահի ՄԱԿ անդամ:
Գ. Արսենյանը եւս գրավոր հուշագրի անհրաժեշտություն չէր տեսնում: Պաշտոնների ընդունումը նա բացատրեց նրանով, որ իրենք 3 տարի պաշտպանել են երկրի նախագահի նախընտրական ծրագիրը, բայց գտել են, որ այն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով. «Երեք տարի էս ենք քննադատում, էն ենք քննադատում... ավելի արդյունավետ էդ ծրագիրը նպատակին հասցնելու համար այժմ դրա համար գործիքներ ենք վերցնում: Մենք ստիպված էինք վերցնել ընդդիմության դաշտում հասարակության շահերի որոշակի մասի սպասարկումը, չուզենալով», հիմնավորում է նա:
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները միայն երեք օր հետո են թափուր դառնում` երեկ հնչած ՕԵԿ-ական նախագահների հրաժարականներից հետո: Ովքեր կդառնան նոր նախագահներ` էլի երեք օր հետոյի խոսակցություն է:
Առայժմ հայտնի է միայն, որ Գեղարքունիքի մարզպետությունը կտրվի ՀՅԴ-ին, իսկ Գեղամ Մանուկյանի պատգամավորական մանդատը ԿԸՀ-ն արդեն հաստատել է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ