«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2006-05-19 | #92, 2006-05-20 | #93, 2006-05-23


ԴՐԱՄԸ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է, ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ

Ամանորին հաջորդած փոխարժեքի կայունության շրջանին, երբ 1 դոլարը տատանվում էր 450-455 դրամի շրջակայքում, վերջին 10-15 օրերին փոխարինեց դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման շրջանը: Այդ երեւույթն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, արտաքին եւ ներքին գործոնները, որոնց մասին բազմիցս է խոսվել: Փորձենք անդրադառնալ, թե այդ երեւույթն ինչպիսի ազդեցություն է թողնում մեր տնտեսության, մասնավորապես արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի վրա:

Բնական է, որ դոլարի արժեզրկման տեմպերի ավելացմանը զուգահեռ, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս գործարար աշխարհի ներկայացուցիչները իրենց դժգոհությունը կհայտնեն, պահանջելով Կենտրոնական բանկից իրականացնել դրամավարկային այլՙ ամրագրված փոխարժեքի քաղաքականություն: Մասնավորապես արտահանման ուղղվածության ձեռնարկությունների ղեկավարները նշում են, որ այդ գործընթացից իրենք տուժում են, քանի որ իրենց ընկերությունների ծախսերը կատարվում են դրամով, իսկ եկամուտները ստացվում են դոլարով: Սակայն առավել մանրամասն մեկնաբանություններ տալուց գործնականում բոլորը հրաժարվում են: Օրինակՙ թե շրջանառության կամ շահույթի ո՞ր մասն են կազմում նրանց կորուստները, աշխատավարձերը կամ դրամով մյուս ծախսերը իրենց արտադրանքի ինքնարժեքի ո՞ր մասն են կազմում, որքա՞ն է նվազում եկամտաբերությունը, դոլարով ներմուծվող հումքի պարագայում իրենք չե՞ն շահում եւ այլն:

Դիտարկենք, թե այս հարցերի պատասխաններն արտահանող ընկերություններն ինչու չեն ցանկանում տալ եւ արդյոք նրանց կորուստներն անհրաժեշտությո՞ւն են առաջացնում, որպեսզի պետությունը դրամավարկային քաղաքականության փոփոխության կամ հարկային արտոնությունների դիմի: Հիշեցնենք, որ թռչնագրիպի վտանգի ժամանակ պետությունն աջակցեց թռչնաֆաբրիկաներին եւ թույլատրեց 6 ամսով թռչնակերի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից: Արդյոք այլ ճյուղերի արտադրողները ե՞ւս նման լուրջ կորուստներ են կրում:

Ինչո՞ւ են արտահանողները հրաժարվում հավելյալ մեկնաբանություններից

Արտահանողների հավելյալ բացատրություններ տալուց հրաժարվելու առաջին եւ գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում հազվադեպ են ձեռնարկությունները, որոնք գործում են թափանցիկ, ունեն միջազգային աուդիտի եզրակացություններն այդ մասին եւ ցույց են տալիս իրենց իրական շրջանառությանը մոտ գտնվող տվյալներ: Սա անկախ նրանիցՙ արտահանող են, ներմուծող, թե՞ միայն ներքին շուկայում իրենց արտադրանքը վաճառող:

Հաջորդ խնդիրը դարձյալ առնչվում է հարկային դաշտին: Չմոռանանք, որ արտահանումն ազատված է մեր հիմնականՙ ավելացված արժեքի հարկից: Բացի սոցիալական վճարներից, արտահանողները պետք է վճարեն միայն շահութահարկ: Հետեւաբար, եթե արտահանող ընկերությունը կորուստներ է կրում, ապա նվազում է շահույթը, համապատասխանաբար եւ նրա կողմից վճարվող շահութահարկը: Սակայն չմոռանանք, որ շահութահարկի վճարումներից նույնպես մեր արտահանողների գերակշիռ մասը մինչեւ վերջին մեկ-երկու տարին (մինչեւ օրենսդրական փոփոխություն կատարելը) հաջողությամբ խուսափում էր, իսկ այժմ էլ մեծ մասամբ թաքցնում է: Հետեւաբար պարզել, թե որքան է նվազում նրանց շահույթը, անհնար է, բայց պարզ է, որ այս դեպքում արտահանողները ոչ թե իրենց գործունեությունը վտանգող կորուստներ են կրում, այլ նվազում է միայն նրանց ստվերային շահույթը:

Իրականություն է նաեւ, որ մասնավորապես կոնյակ արտադրողները, բացի կոնյակի հումքից եւ աշխատավարձերից, ինքնարժեքի մեջ ծախսատար մաս կազմող բաղկացուցիչները (շիշ, պիտակ, խցան եւ այլն) ներմուծում են: Ներմուծում են դոլարով, ինչը նշանակում է, որ այդ բաղկացուցիչները նրանք ձեռք են բերում ավելի էժան: Համապատասխանաբար ներմուծվող հումքի համար դրամի վերածվող ավելացված արժեքի հարկն էլ ավելի փոքր գումար է կազմում: Սննդարդյունաբերության ոլորտի մյուս ձեռնարկությունները եւս արտադրանքի հումքը (քաղցրավենիքներ արտադրողները) եւ բաղկացուցիչները (պահածոներ, բնական հյութեր արտադրողները) ներմուծում են: Արտահանման այս ճյուղում ներմուծվող բաղկացուցիչները մեծ բաժին են կազմում: Հետեւաբար, դրամի արժեւորումն այս դեպքում նվազեցնում է ապրանքի ինքնարժեքը:

Գրեթե ամբողջությամբ տեղական հումքն է օգտագործում մեր արտահանման միայն մետաղների հանքարդյունաբերությունը: Սակայն այստեղ էլ վերջին մեկ-երկու տարիներին միջազգային շուկայում ոսկու, պղնձի, մոլիբդենի գների աճը չեզոքացնում է դրամի արժեւորման գործած բացասական ազդեցությունը, ինչը վկայակոչում են նաեւ այս ոլորտի ներկայացուցիչները:

Ի դեպ, այս տարի ընդհանրապես արտադրողների եւ այդ թվում նաեւ արտահանողների համար եւս մեկ նպաստավոր քայլ արվեցՙ գազի գների բարձրացումը զսպելը: Դրա շնորհիվ մեր ընկերությունների էներգետիկ ծախսերը մնացին անփոփոխ, եւ նրանք առավելություն ստացան արտերկրի իրենց գործընկերների նկատմամբ:

Վնասներ կրում են, բայց ոչ ճակատագրական

Դատելով վերոնշյալից, կարելի է եզրակացնել, որ արտահանող ընկերություններն ընդհանուր առմամբ, անշուշտ, որոշակի վնասներ են կրում դրամի արժեւորումից, բայց դրանք ճակատագրական չեն մի քանի հիմնական պատճառներով: Մասնավորապեսՙ 1. արտահանող ընկերությունները հարկային արտոնություն ունենալով հանդերձ, խուսափում են վճարել կամ մասամբ են վճարում շահութահարկն ու սոցվճարները, այսինքն, ստանում են ստվերային շահույթ, 2. օգտագործում են ներմուծվող հումք եւ բաղկացուցիչներ, որի դեպքում արդեն դրամի արժեւորումից շահում են, 3. միջազգային բարենպաստ գները (մասնավորապես հանքարդյունաբերության համար) չեզոքացնում են ազգային արժույթի արժեւորման առաջացրած վնասը, 4. գազի, հետեւաբար եւ էլեկտարէներգիայի գների աճի զսպումը փաստորեն սուբսիդավորեցին նաեւ արտահանող ընկերություններին, որի շնորհիվ բարձրացավ նրանց մրցունակությունը:

Այն, որ դոլարի արժեզրկումը եւ դրամի արժեւորումը մեծ վնասներ չեն պատճառում մեր արտահանմանը, վկայում են նաեւ վիճակագրական ցուցանիշները: Եթե ամբողջ անցյալ տարվա ընթացքում, երբ ընթանում էր դեռ նախորդՙ 2004 թ.-ից սկսված դրամի արժեւորումը, արտահանումն աճել էր 31,5 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում, երբ փոխարժեքը կայուն էր եւ դոլարը ոչ միայն չէր արժեզրկվում, այլեւ ընդհակառակը, որոշակիորեն արժեւորվում էրՙ արտահանման ծավալները նվազել են 6 տոկոսով: Այսինքն արտահանման նվազման պատճառները չի կարելի պայմանավորել փոխարժեքի փոփոխությամբ: Դրանք պետք է փնտրել այլ տեղ:

Ինչպե՞ս պետք է պետությունն աջակցի արտահանողներին, ինչպե՞ս արտահանողներնՙ իրենք իրենց

Պետությունը իրեն ազատ չպետք է զգա արտահանողներին աջակցելու պարտավորությունից: Ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է, որ առանց արտահանման զարգացման Հայաստանի տնտեսությունը դատապարտված է: Արտաքին շուկաներում մարկետինգային աջակցություն եւ մեր ընկերություններին անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանություն, առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպում եւ միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներկայացման հնարավորությունների ստեղծում, մեր արտադրանքի համար արտոնյալ ռեժիմների ձեռքբերմանը, հարեւան երկրներով մեր ապրանքների տարանցման գների նվազեցմանն ու կոմունիկացիոն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլեր: Սրանք պետք է լինեն Հայաստանի կառավարությանՙ արտահանմանն աջակցելուն ուղղված քայլերը, այլ ոչ թե փոխարժեքի արհեստական ամրագրումը, որն անխուսափելիորեն կբերի բնակչության գերակշիռ մասի առանց այն էլ լարված սոցիալական վիճակի վատթարացմանը:

Ինչ մնում է իրենցՙ արտահանողներին, ապա նրանք, դրամի արժեւորումից դժգոհելու փոխարեն, նույնպես պետք է իրենց մրցունակությունը բարձրացնող քայլեր ձեռնարկեն: Որո՞նք են դրանք: Նախ եւ առաջ ճկուն գնային քաղաքականության իրականացումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի սպառման շուկաներ պահպանելը: Դրանից, ճիշտ է, նրանց շահույթը որոշակիորեն կնվազի: Սակայն ժամանակն է գիտակցելու, որ նախընտրելի է եւ քաղաքակիրթ բիզնեսի տեսանկյունից տրամաբանական, որ շահույթը լինի փոքր-ինչ նվազ, բայց կայուն, քան բարձր եւ ժամանակավոր:

Հաջորդը արտադրության կառավարման եւ ծախսերի նվազեցման ուղղությամբ անընդհատ աշխատելն է, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Ի դեպ, դրամի արժեւորումից կարելի է նաեւ շահել, եթե այդ առիթն օգտագործվի նոր սարքավորումներ ներմուծելու համար: Արտադրության վերազինումը անընդհատ գործընթաց է եւ ինչ-որ պահի դա պետք է արվի: Նոր սարքավորումներով թողարկած արտադրանքն էլ իր հերթին ավելի որակյալ կլինի եւ ավելի մրցունակ արտաքին շուկայում:

Այլ երկրներից Հայաստան ապրանք արտահանողները դոլարի արժեզրկման պատճառով հաստատապես չեն կորցնում մեր շուկան եւ նույնպես իրականացնում են վերը հիշատակած միջոցառումներն իրենց տեղը մեր շուկայում պահպանելու ուղղությամբ:

Եվ ի վերջո, ֆինանսական շուկայում ցնցումներից ոչ ոք ապահովագրված չէ: Հարկ է, որ այս հանգամանքը մշտապես նկատի ունենան մեր գործարարները, լինեն ավելի պատրաստված կամ ձեռք բերեն ավելի լավ մասնագետներ, որոնք կառաջարկեն այն ուղիներն ու քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն վնասներից խուսափելու եւ իրացման շուկաները չկորցնելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4