«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2006-05-20 | #93, 2006-05-23 | #94, 2006-05-24


ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԴԱՐԱՆԱԿԱԼՈՒՄ` «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» «ՊԱՏՎԻՆ»

Մայիսի 20-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության ղեկավար մարմնի անդամները մեկնել էին Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր` հանդիպելու տեղական կառույցի ակտիվիստների հետ: Մինչ այդ ահազանգ է ստացվել Արմավիրից, որ տարածքային ստորաբաժանման գրասենյակի աշխատակից Լեւոն Մարգարյանը բերման է ենթարկվել տեղի ոստիկանություն եւ զգուշացվել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության վարչության անդամների այցելությունը տեղի ունենա, ոստիկանությունն ուժ է գործադրելու: «Արմավիրում կուսակցության ղեկավարությունն ականատես եղավ, որ «Ժառանգության» տարածքային ստորաբաժանման գրասենյակի դիմացի մայթում շարված են ոստիկանները, որոնք այդտեղ էին բերվել վախ սփռելու եւ հանդիպումը ձախողելու նպատակով: Չնայած դրան, կուսակցության ղեկավար կազմի ու համաքաղաքացիների հանդիպումը կայացավ», ասված է հաղորդագրության մեջ:

Միջադեպի առնչությամբ երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` պահանջելով մեկնաբանել ու գնահատական տալ վերոնշյալ ապօրինի եւ հակասահմանադրական գործողություններին:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4