Ձեռքերդ հեռու «Օրինաց երկրից» ու նրա նախագահից: Այս նախադասությունն արդեն թեւավոր խոսք դառնալու հեռանկար ունի եւ հաճախ է բարձրաձայնվում ընդդիմություն-«Օրինաց երկիր» լեզվակռիվներում: Դրանցում հանրապետականներն ու դաշնակցականները դիտորդի կարգավիճակ են ստանձնել եւ շարունակաբար պնդում են, որ կատարվածը նորմալ քաղաքական ընթացքի արտացոլք է: Նրանք պարզապես հաճույք են զգում: Խորհրդարանական երեկվա զարգացումները դրսեւորվեցին հայտարարությունների ժամանակ, երբ շուրջ 3 տասնյակ պատգամավորներ հարկ համարեցին երկու խմբի բաժանված անդրադառնալ ներքաղաքական իրավիճակին, իսկ ավելի ստույգՙ ՕԵԿ հետագա գտնվելու վայրին: «Ազգային միաբանությունը» դեմ է ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում տարածք տրամադրելուն, դափնիները կիսելուն, ՕԵԿ-ը վստահ է ընդդիմադիր դաշտի անծայրածիրությանը եւ համարյա տիրազուրկ լինելուն:
Թերեւս նորմալ դիտվեր ՕԵԿ տեղակայման մտահոգությունը, եթե արտահայտչամիջոցը չլիներ հայհոյաբերանությունը, այն էլ ոչ գլոբալ, այլ խիստ նեղ, անձնավորված բնույթի: Մտաբերեցին ու բարձրաձայնեցին եղածն ու չեղածը, հայհոյախառն խոսքի կրակին տվեցին չորն ու թացը ու չհանգստացան, քանի որ մեղադրանքները փոխադարձ էին, ձգտումն էլ իշխանությանՙ անհագուրդ: Բանը հասավ այնտեղ, որ սկսեցին մեկի փռշտոցը մյուսի գոյությունից վեր դասել: Չափորոշիչների հեղինակը Ալեքսան Կարապետյանն էր, Արտաշես Գեղամյանի փռշտոցին ստորադասվածըՙ Հովհաննես Մարգարյանը ու նրա «քաղաքական պապաները»: Դե, քանի որ ներկայացվածը մյուս հայտարարությունների համեմատությամբ կարելի է մեծ ջանքերով տեղավորել կոռեկտության սահմաններում, ապա մյուսներին անդրադառնալուց զերծ կմնանք: Հատկապես որ պատգամավորներից ում որ հարթությունում դրսեւորվելը հասարակությունը կորոշի հայտարարությունների հեռարձակումը դիտելով: Չնայած գուցե ընդունվի «ժողովրդին ավելորդ անգամ չհիասթափեցնելու մտահոգությամբ» հայտարարությունները չհեռարձակելու պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի առաջարկը: Ընդունելու դեպքում էլ եթերում խնդիր չի առաջանաՙ չէ՞ որ Երեւան-Սոչի չարաբաստիկ չվերթի ողբերգական աղետը կանխել էր նախորդ հայտարարությունների հեռարձակումը:
ՕԵԿ ինքնահռչակ «հուշարար», կրակին յուղ լցնելով եւ ձեռքերը շփելու քաղաքականությամբ առաջնորդվող քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այս անգամ ՕԵԿ-ին խորհուրդ տվեց հետ վերցնել հրաժարականները երկիրը միասին ոտքի կանգնեցնելու հորդորով եւ հայոց քաղաքական անդաստանի վերաբերյալ «գլոբալ» արտահայտվեց, պնդելով. «Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է կատարյալ ախոռի, իսկ քաղաքական գործոն են դարձել մտրակն ու կերակրատաշտը»: Իրեն, սակայն, քաղաքագետն այդ «ախոռից» դուրս է տեսնում եւ ամենադժբախտը համարում, քանի որ կատարվածում լրագրողների հետ փորձում է գտնել քաղաքական օրինաչափություններ: Դրանք փնտրելու անհրաժեշտությունը չի տեսնում Արամ Սարգսյանը, քանի որ վստահ է, որ մի քանի անձինք կատարվածի սցենարը հեղինակել ու այժմ էլ ձեռքերը շփելով հետեւում են ի կատար ածման որակին: Այս եւ սթափեցման ու մարդավայել բառապաշարին վերադառնալու ամենաուղիղ հորդորներն էլ դերակատարում չունեցան միմյանց մեղադրելու եւ ծախվածություն վերագրելու եւ այն չափելու խորհրդարանում մեկնարկած գործընթացում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ