Կարեն Կարապետյանը կարծում է, որ կարճ ժամանակը դրական դերակատարման օգտին չէր աշխատի
Ազգային ժողովում (գործադիր իշխանությունում նույնպես) ՕԵԿ-ի ազատած տեղերը փաստորեն ավելի շատ տրվում են ՄԱԿ-ին, թեեւ նախապես խոսվում էր «Ժողպատգամավոր» խմբի դերակատարության ընդլայնման մասին: Մի օր առաջ էլ «Ժողպատգամավորի» անունից պարզաբանումներ էին հնչել, թե առաջարկվող պաշտոնները խումբը չի ընդունել, քանի որ հարմար չի գտել կարճ ժամանակի մեջ պաշտոններ գրավելով երկար ժամանակի համար պատասխանատվություն կրել: Երեկ «Ժողպատգամավորի» մոտեցումները հստակեցրեց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա հաստատեց, որ կոալիցիայից իրեն ԱԺ ղեկավար կազմում տեղ գրավելու առաջարկներ արել են, բայց դա իր եւ իր ղեկավարած ուժի համար նպատակ չէ (եւ միայն միջոց` նպատակ իրականացնելու համար): Առաջարկները չեն ընդունվել, քանի որ ներկա խորհրդարանին (հետեւաբար` կառավարությանը) մնացած կարճ ժամանակահատվածում որոշակի դրական դերակատարություն դժվար է ունենալ: Եվ ընդհանրապես` այս պահին նման խնդիր դնելը Կ. Կարապետյանը ճիշտ չի համարում, քանի որ նախընտրական շրջան է, բոլոր քաղաքական ուժերը պետք է փորձեն հաճոյանալ ժողովրդին, այդ պարագայում քաղաքական դաշտը ոչ բնական (գուցեեւ` բնական) վիճակում է հայտնվելու, այդ իրավիճակը «Ժողպատգամավորի» ղեկավարը նպաստավոր չի դիտում պաշտոն ստանձնելու դեպքում սեփական պատկերացումներն իրականացնելու համար. «Մեզ համար գերխնդիրը քաղաքական հավասարակշռությունն է, առանց որի այն գումարները, որոնք շրջանառվում են տնտեսության մեջ, դուրս կմղվեն երկրից եւ կվերարտադրվեն այնտեղ, որտեղ ավելի լավ պայմաններ կան»:
Թեեւ քաղաքական ուժերի հաշվեկշռի փոփոխություն է տեղի ունեցել, բայց «Ժողպատգամավորի» համար գերխնդիրը չի փոխվում, խումբը շարունակելու է աջակցել իշխանություններին` երկրում հավասարակշռություն եւ կայունություն պահելու համար. տնտեսությունը չպետք է թուլանա, օտար շահերը չպետք է ներթափանցեն երկիր եւ անկայուն մթնոլորտ ստեղծեն երկրում` փորձելով գտնել այն քաղաքական ուժերին, որոնց հետ համագործակցելով այդ ուժերը մեր երկրում կհրամցնեն իրենց սեփական շահերը եւ կփորձեն կառավարել քաղաքական անցուդարձը:
Կ. Կարապետյանն անկուսակցական է, ընտրություններին դեռ մեկ տարի կա, մինչեւ կողմնորոշվի` կուսակցական դառնա՞, թե՞ անկուսակցական մնա: Իսկ խմբի անդամներն ազատ են ձեւավորելու կուսակցություն կամ որեւէ կուսակցության անդամակցելու: Կ. Կարապետյանը կաջակցի այդպիսի ցանկություն ունեցողներին: Կոնկրետ` «Միավորում Հայաստանի» կուսակցությանը խումբն աջակցելու է գաղափարական հենք ձեւավորելիս եւ մարդկային ներուժով:
Մի խոսքով` այն խոսակցությունը, թե «Ժողպատգամավորին» տորպեդահարել են կոալիցիայի մնացած կողմերը, քանի որ ներկա պահին նրա հետեւում քաղաքական ուժ չի կանգնած, Կ. Կարապետյանը չի հաստատում: Նրան եւ «Ժողպատգամավորին» ավելի շուտ փոքր ժամանակահատվածն է երկմտանքի մատնել, որի ընթացքում նրանք չէին կարողանա դրական դերակատարում ունենալ ընդունած պաշտոններում:
Մ. Խ.