Աշխատանք գտնելը հաշմանդամների համար լուրջ խնդիր է
22-ամյա հաշմանդամ Ռոման Խմբոյանը, որ 2002 թ.-ից հաշմանդամների «Փյունիկ» միության անդամ է, ավարտել է Երեւանի արդյունաբերական քոլեջը եւ մինչ այսօր չի կարողանում աշխատանք գտնել: Ռադիոէլեկտրասարքերի ոլորտում մասնագիտացում ստացած տղան թեեւ ի վիճակի է աշխատելու, սակայն դա նրան չի հաջողվում: Այժմ նա միության աջակցությամբ հանրահաշիվ է պարապում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար, որից հետո հույս ունի աշխատանք գտնել: Մինչ այժմ ուր դիմել է, մատնանշել են տեղ չունենալը կամ նրա գիտելիքների պակասը: Ռոմանը հասկանում է, որ աշխատանք չգտնելու խնդիրը երկրով է եւ անգամ իր ընտանիքի անդամները չունեն աշխատանք` բացառությամբ հոր: Երիտասարդի համար աշխատանքից բացի կարեւոր այլ հարցեր էլ կան: «Ես կասեի, որ գնալով մարդկանց վերաբերմունքը վատանում է` հատկապես մեր հասակակիցների հետ շփվելիս: Իսկ մեծերի հետ շփվելն ավելի լավ է, նրանք ոչ միայն հանդուրժող են, այլեւ սիրալիր», պատմում է Ռոմանը:
17 տարվա պատմություն ունեցող հաշմանդամների «Փյունիկ» միությունը նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հասարակության հանդուրժողականությունը եւ երիտասարդ հաշմանդամների ինտեգրացիան հասարակության մեջ» ծրագիրը: Երեկ ծրագրի փակման ժամանակ միության նախագահ Հակոբ Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք եղել են հանրապետության մի շարք մարզերում եւ Արցախում, հանդիպել են հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ փորձել են գտնել հաշմանդամների կյանքը լավացնելու տարբերակներ: Նախագահը, ինչպես նաեւ քննարկման մյուս մասնակիցները հաշմանդամների թիվ մեկ խնդիրը համարում են խորհրդային կարգերից ժառանգություն մնացած չհարմարեցված միջավայրը, որը հաշմանդամների տեղաշարժվելու եւ հասարակության մեջ ինտեգրվելու հիմնական խոչընդոտն է: Միության մարզիչ Օնիկ Հովակիմյանը եղած խնդիրներին ավելացնում է բազային քիչ թոշակը` 4200 դրամ, հասարակության վերաբերմունքը, աշխատանքի բացակայությունը: «Փյունիկի» նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ պետությունը հաշմանդամներին կարողանում է օգնել իր հնարավորության սահմաններում` անվճար բուժում, տեխնիկայի եւ պրոթեզավորման սարքավորումների տրամադրում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնախնդիրների բաժնի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի տվյալներով, 2006 թ. հունվարի դրությամբ մեր հանրապետությունում գրանցված են եղել 141 հազար հաշմանդամներ: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենք զբաղվում են հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու հարցով, բայց թե քանիսին են ապահովել աշխատանքով, դժվարացավ ասել. «Նրանց թիվը շատ քիչ է»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ