«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2006-05-20 | #93, 2006-05-23 | #94, 2006-05-24


ՆՈՐԻՑ ԱՌԱՋ Է ՄՂՎՈՒՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՐԿԱԾԸ

Երկրորդ արկղի հայտնաբերման լուրը չհաստատվեց

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«A-320 ինքնաթիռի վթարի ամենահավանական պատճառը վառելիքի անբավարար քանակն է», տեղեկացնում է Newsru-ն` վկայակոչելով Ինտերֆաքսի հաղորդագրությունը: Ըստ աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովին մոտ մի աղբյուրի, օդանավի վառելիքը ծայրահեղ քիչ է եղել: Ինքնաթիռը թռել է մեծ անկյունով, այնպես որ վառելիքամուղի մեջ կարող էր առաջանալ օդային խցան եւ խոչընդոտել շարժիչներին վառելիքի մատակարարմանը:

Նույն աղբյուրը հաղորդել է, որ թռիչքի վերջին փուլը ինքնաթիռը կատարել է վառելիքի նվազագույն մնացորդով: Վայրէջքն սկսվելուց առաջ մանեւրելու ընթացքում վառելիքի մակարդակն ավելի է իջել: Նրա ասելով, նման իրավիճակներում հայտնվել են տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ոչ մեկ անգամ: Վստահություն է հայտնվել, որ վարկածը կարող է հաստատվել արդեն ծովի հատակից հանված սեւ արկղի ձայնագրությունների գաղտնազերծումից հետո:

Առաջին պլան մղված այս վարկածի հավանականության մասին նորից փորձեցինք տեղեկանալ ճանաչված օդագնաց, Հայկական ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանից: Ահա թե ինչ ասաց նա. «Այդ վարկածը վթարի հենց առաջին օրն է հայտնվել, դրան դժվար է հավատալ, չնայած նաեւ հնարավոր է , որ այդպես եղած լինի: Ես էլ այս կարգի լուրեր լսել եմ, բայց այդ վարկածի ե՛ւ դեմ, ե՛ւ կողմ տեղեկատվություն գոյություն ունի: Վարկածին դեմ խոսում է այն իրողությունը, որ օդաչուն ու անձնակազմը նավթի քիչ լինելուն տեղյակ չլինել չէին կարող: Բայց եթե նրանք, այդուհանդերձ, որոշել են երկրորդ պտույտի գնալ, ուրեմն ինքնասպաններ են:

Դիսպետչերն իրավունք չունի նրանց երկրորդ պտույտի ուղարկելու, եթե տեսնում է, որ նավթը պակաս է, եղանակն էլ անբարենպաստ է: Նա ուղղակի խորհուրդ տալու իրավունք ունի, որ եղանակը վատ է, իրենք պիտի որոշեն ի՞նչ անել: Բայց եթե նույնիսկ դիսպետչերը սխալվել եւ երկրորդ պտույտի է ուղարկել օդանավը, վերջին որոշումը անձնակազմինն է»:

Առաջ մղված վարկածին կողմ փաստարկը Դմիտրի Ադբաշյանը համարում է ինքնաթիռի անկառավարելի անկումը: «Ինչո՞ւ ինքնաթիռը ծովն ընկավ: Ինչո՞ւ այդ օրը տասնյակ ինքնաթիռներ իջան, իսկ այդ մեկն ընկավ: Հնարավոր է, որ ինքնաթիռի մեջ նավթ լցնեին այնքան, որ իրենց կարծիքով կբավարարեր թռիչքին, բայց հաշվի չի առնվել, որ եղանակը կարող էր վատանալ»:

Հիշեցնենք, որ ոչ շատ առաջ «Արմավիա»-ի տնօրեն Միքայել Բաղդասարովը կոչ է արել չշտապել ավիավթարի պատճառների վերաբերյալ եզրակացություններ անելիս: Նա վստահություն է հայտնել, որ որոշ կառույցների (ինչպես A-320 արտադրող Airbus-ի կոնսորցիումը) շահագրգռվածությանը հակառակ, օբյեկտիվ հետաքննություն կանցկացվի:

Երեկ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին 2-րդ սեւ արկղի հայտնաբերման, ինչը չհաստատվեց:

Երեկոյան Սոչիում նախատեսվում էր աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովի նիստը, որին պիտի մասնակցեր նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքների անվտանգության վարչության տեսուչ Գագիկ Գալստյանը: Հանձնաժողովը պիտի որոշեր նաեւ սեւ արկղը որտեղ գաղտազերծելու խնդիրը. Մոսկվայո՞ւմ, թե Փարիզում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4