Թեհրանից Վաչիկ Վարդանյանի հայտնած տեղեկությունների համաձայն, բեմադրիչ, թարգմանիչ եւ մշակույթի գործիչ Անդրանիկ Խեչումյանը վերջերս արժանացել է Իրանի «Թատերագիրների միության» պատվաբեր շքանշանին` ոչ միայն թատերական եւ գրական (թարգմանություն) ծառայությունների համար, այլեւ երկու բարեկամ երկրների միջեւ մշակութային կապերին նպաստելու համար: Թատերական արվեստին ցուցաբերած իր նվիրումի համար Խեչումյանը 2004 թ. սեպտեմբերին արժանացել է նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին:
Իրանի թատերական կազմակերպությունները ամեն տարի ապրիլին, հետեւելով միջազգային «Այ թի այ» կազմակերպությանը, նշում են թատրոնի օրը, որի ժամանակ մեծարում են թատրոնի ասպարեզում ներդրում արած գործիչներին: Այս անգամ գնահատանքի արժանացան չորս գործիչներ` մեր հայրենակիցը, ականավոր արվեստագետներ Հուշանգ Հեսամին, Ղոլամհոսեյն Սաեդին եւ Նոսրաթ Նավիդին: Շքանշանի հանձնման ժամանակ միջոցառման ընդհանուր պատասխանատու, Իրանի հռչակավոր բեմադրիչ եւ դերասան Բեհզադ Ֆարահանին իր ելույթում անդրադառնալով հայ արվեստագետին` նշել է. «Անդրանիկ Խեչումյանն իր մյուս աչքառու գործերի կողքին թարգմանելով բազմաթիվ թատերգություններ պարսկերենից հայերեն եւ հակառակը` կարողացել է արժանի կերպով երկու ժողովուրդների թատրոնը ծանոթացնել կողմերի արվեստագետներին, արվեստասերներին եւ հասարակությանը»:
Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ