Հայհոյանքներն ու անպարկեշտ արտահայտությունները երեկ պատգամավորները միմյանց ուղղելով չսահմանափակվեցին եւ դրանք հնչեցրեցին ոչ միայն դահլիճում: Պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն ի ցույց լրագրողների եւ այլոց, խորհրդարանի միջանցքում հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հասցեագրել «Իրավունք» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանին: Պատգամավորի խոսքը նաեւ սպառնալիք էր. «Վերջը լավ չի լինի: Դուք կեղտ եք, զիբիլ եք, դուք ի՞նչ թերթ եք, որ ձեզ հերքում տամ: Դու գիտե՞ս ես ով եմ, աղջիկ ջան»: Պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի սպառնալիքի պատճառը լրագրողի հրապարակած տեղեկությունն է մայիսի 3-ին մի թաղային հեղինակության ծննդյան տոնին «Շանթ» ռեստորանում մասնակցելու եւ այդ ընթացքում մեծ գումարների առնչությամբ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված ռեստորանի բակում գինովցած «ռազբորկայի» մասին: Սպառնալիքի նպատակը տեղեկատվության աղբյուրը պարզելն է եղել, որ ուղեկցվել է «Եթե դու չասես ով ա տվել էդ ինֆորմացիան քեզ, դու պրոբլեմներ կունենաս, դու գիտես, չէ՞, ես ով եմ» Ալեքսանդր Սարգսյանի հեղինակած այս նախադասությամբ:
Միջադեպին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի միջամտության կարիքն է եղել: Նա գործընկերոջը հիշեցրել է, որ խնդիրը պետք է լուծել լրատվամիջոցի եւ ոչ լրագրողի հետ: Սակայն Ալեքսանդր Սարգսյանի տեսանկյունից խնդիրն այլ է. «Ըտենց եք անում, ձեր պրոբլեմն էն ա, որ դուք աղջիկների եք դեմ տալի»:
Ն. Պ.