«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


«ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները չպատասխանեցին որեւէ հարցի

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի փոխնախարարական մակարդակի ներկայացուցիչները համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի հետ, ըստ սեփական հանձնարարության, իրականացրին համատեղ դիվանագիտական առաքելությունՙ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի անհրաժեշտությունը եւ այն, որ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջը կողմերի համաձայնության գալու ժամանակն է:

Նախորդ օրը Բաքու, իսկ երեկ արդեն Երեւան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների պատվիրակություննՙ ի դեմս ՄԽ համանախագահներ Սթվեն Մանի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ, դեսպան Պիեռ Մորելի, հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ադրբեջանում եւ Հայաստանում նմանօրինակ եւ նույնամակարդակ հանդիպումներից հետո պատվիրակության հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն աշխատել են նախադրյալներ ձեւավորել առաջիկայում երկու նախագահների հանդիպման համար:

«Մենք շեշտադրել ենք մեր ժողովուրդների եւ առավել լայն իմաստով միջազգային հանրության համոզվածությունը, որ հակամարտությունը չի կարող ունենալ որեւէ այլ լուծում, քան խաղաղ տարբերակը: Ավելին, երկու երկրները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի», նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում:

Այս համատեղ առաքելությունը, ներկայացուցիչների գնահատմամբ, բացառիկ դեպք է: «Դա պետք է մատնացույց անի լրջությունը, որով մենք վերաբերվում ենք այս հարցին եւ մասնավորապես այն համոզմունքը, որ մենք այնպիսի կետում ենք, երբ փոխշահավետ համաձայնության կայացումն իրագործելի է: Թե ինչ տեղի կունենա հիմա, կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք մեկնում ենք առաջընթացի հույսով եւ սպասումներով»:

Ըստ էության, նախ նման ներկայացուցչական պատվիրակության տարածաշրջան այցելությունը, ապա նաեւ համատեղ նմանօրինակ հայտարարությունը վկայում են, որ հունիսի 4-5-ը Բուխարեստում Երկխոսության եւ գործընկերության սեւծովյան համաժողովի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հանդիպումը զգալի սպասումների տեղիք է տալիս, ավելինՙ կարծես որոշակի առումով պարտադրանք-ճնշում է գործադրվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասնակից երկու երկրների վրա: Հատկապես երբ համանախագահող երկրների ներկայացուցիչները խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության եւ ոչ թե պատերազմի նախապատրաստելու անհրաժեշտության մասին:

Այն, որ տարբեր աղբյուրներ խոսում են Բուխարեստում Քոչարյանի եւ Ալիեւի ներկայացնելիք ինչ-որ փաստաթղթի մասին, որն իրականում չի կարող պարունակել դետալային դրույթներ, փաստում է համանախագահող երկրների նախատրամադրվածությունն այս տարի արդեն երկրորդՙ Քոչարյան-Ալիեւի հանդիպումից որոշակի լուրջ արդյունքներ գրանցելու առումով: Թեեւ տվյալ դեպքում էլ հստակ չէ, թե ինչ ասել է լուրջ, առավել եւսՙ արդյունք հասկացությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4