Փարիզի «Յառաջ» օրաթերթը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը Հայ կաթոլիկների Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքին հայտնել է, որ մտադիր է այցելել Հայաստան:
Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, մայիսի 15-ին, Արեւելյան կաթոլիկ եկեղեցիների պետերի «Լ՛Էովրը դ՛Օրիանի» հիմնադրության 150-ամյակի առթիվ հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել են 7 պատրիարքներ, որոնց շարքումՙ Հայ կաթոլիկների պատրիարքը: Ընդունելով պատրիարքներին, նախագահ Ժակ Շիրակն ասել է, որ «Արեւելքի քրիստոնյաները դեպի Եվրոպա կամուրջ են եղել եւ աջակցել են մշակույթների երկխոսությանը դեռեւս ավելի վաղՙ քան երկխոսության սկզբունքի որդեգրումը եվրոպական արժեքների համատեքստում»: Հանդիպման ընթացքում Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը նախագահ Շիրակին հիշեցրել է ղարաբաղյան հիմնահարցի մասին եւ վստահություն հայտնել, որ Ֆրանսիայի նախագահի ջանքերով Լեռնային Ղարաբաղը խաղաղ կյանք կունենա: Ժակ Շիրակը պատասխանել է, որ կարելի բոլոր ջանքերն ի գործ է դրել այդ ուղղությամբ եւ մտադիր է առաջիկա սեպտեմբերին Հայաստան այցելել: