«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՑԵ ՄԱՏՉԵԼԻ Է ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2000 թ. տվյալներով, Հայաստան են այցելել 40 հազար զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, իսկ 2005 թ. նրանց թիվը կազմել է 318-320 հազար: Այս տեղեկությունը երեկ հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը «Խոսող քարերի երկիր» 6-րդ միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի ժամանակ: Փոխնախարարը վստահեցնում էր, որ Հայաստանում զբոսաշրջությունը «անշրջելի» զարգացման ուղու վրա է, սակայն շատ խնդիրներ դեռ լուծված չեն: Պրն Պետրոսյանը նախորդ տարիների հետ համեմատելիս` նշեց, որ առաջ չունեինք այսքան թանգարաններ, հյուրանոցների այսչափ ընտրություն (նրա տվյալներով, մեր երկրում այժմ կան մոտ 50 հյուրանոցներ, միջազգային չափանիշներին քիչ թե շատ մոտ 4 հազար ննջատեղեր եւ բազմաթիվ հանգրվանատներ), սակայն չմոռացավ ընդգծել նաեւ տուրիզմի զարգացման համար մեր անելիքները` հատկապես ենթակառուցվածքների կարգավորման եւ հստակեցման գործում:

Չորսից հինգ օր Հայաստանում լինելու համար, փոխնախարարի խոսքերով, զբոսաշրջիկները ծախսում են 8 հարյուրից հազար դոլար, այդ թվումՙ ավիատոմսերի գումարը: Պաշտոնյան նկատում է, որ ահռելի գումարների շրջապտույտ է լինում, որը չի կարող դրականապես չանդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Մյուս կողմից էլ մենք նկատենք, որ եթե նշված գումարը դրսից եկած զբոսաշրջիկների համար մատչելի է, ապա մեր ազգաբնակչության համար այդ գումարները կիլոմետրերով հեռու են հասանելի լինելուց (բացառությամբ, իհարկե, որոշ շերտի): Իսկ եթե տուրիզմի զարգացման եւ ոլորտի պատասխանատուները նպատակ ունեն զարգացնելու ներքին տուրիզմը, իսկ այդպիսի նպատակ նրանք ունեն, ապա գոնե մեր բնակչության համար պայմանները բարելավելու ուղիներ պիտի փնտրեն: Այսինքն` հյուրանոցներից, զվարճանքներից եւ հանգստի մյուս միջոցներից օգտվելու ավելի համեստ, բայց հարմարավետ հյուրանոցներ կարելի է կառուցել, հակառակ դեպքում ներքին տուրիզմի զարգացման մասին խոսելն ավելորդ կլինի:

Ամերիկյան ճամփորդական գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության եւ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության հետ կազմակերպել էր միջազգային զբոսաշրջության 6-րդ ցուցահանդեսը, որը բացվեց երեկ եւ կտեւի մինչեւ մայիսի 27-ը: Ցուցահանդեսին մասնակցում են 34 ընկերություններ` հյուրանոցային համալիրներ, տրանսպորտային, հասարակական կազմակերպություններ, ճամփորդական գործակալություններ, հրատարակիչներ: Ցուցահանդեսը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել ոլորտի էլիտար ընկերություններին, այլեւ նպաստել ներքին (մարզային), արտագնա եւ տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները ոչ միայն Հայաստանից եւ մարզերից էին, այլեւ Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Աջարիայից, Բելառուսից:

Ամերիկյան ճամփորդական գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանը իրատեսական է համարում տուրիզմի զարգացումը Հայաստանում: Նա եւս համամիտ է մեզ հետ, որ ներքին տուրիզմիՙ մեր ազգաբնակչության համար զբոսաշրջության գնային դաշտը մատչելի չէ: Ներկայացուցչի խոսքերով, Հայաստանը արտերկրի զբոսաշրջիկների համար գրավիչ է պատմամշակութային տեսանկյունից: Ի դեպ, փոխնախարար Արա Պետրոսյանը հայտնեց, որ CNN-ով նախատեսվում է հոլովակներ թողարկել, որոնք գովազդում են մեր երկիրը: Նրա փոխանցմամբ, այժմ 2 հեռուստաընկերություններ պատրաստում են հոլովակները, որոնք հանրահայտ հեռուստաընկերությամբ կհեռարձակվեն շաբաթական 7 անգամ. 30 վայրկյան տեւողությամբ հոլովակի յուրաքանչյուր յուրաքանչյւոր հեռարձակումը կարժենա ըստ նրա, 800-1000 դոլար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4