«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ

Երեկ Մոսկվայում աշխատանքն սկսեց Ռուսաստանի հայերի միության երրորդ համագումարը մոտ 200 պատվիրակների մասնակցությամբ: Համագումարին ողջույնի խոսք էին ուղղել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարը: «Հայերն էապես հարստացնում են Ռուսաստանի ժամանակակից կյանքի ներկապնակը», ասված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում: «Դարեր շարունակ հայերը կազմել են Ռուսաստանի հանրության զգալի մասը: Կարեւորն այն է, որ բարեկամության, վստահության եւ փոխօգնության բազմադարյա ավանդույթները բազմապատկվեն», նշել է Վլադիմիր Պուտինը:

Թերեւս ամենախոշոր հայ համայնքը, որ գտնվում է Ռուսաստանում, ի դեմս Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով, ամենահաջող գործող հայկական կազմակերպությունն է:

Համագումարում ՌՀՄ աշխատանքը 2002-2006 թթ. ներկայացրել է նախագահ Արա Աբրահամյանը: Նա դրական է գնահատել ՌՀՄ աշխատանքը եւ ավելացրել, որ կազմակերպությունը պատրաստ է անել առավելագույնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ: Համագումարի աշխատանքներին մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, որ Ռուսաստանի հայերին կոչ է արել համախմբել ջանքերն Արցախի հերոսական ժողովրդին բարոյական, ինտելեկտուալ եւ տնտեսական աջակցություն ցուցաբերելու համար:

Համագումարում, ինչպես եւ նախատեսված էր, տեղի է ունեցել ՌՀՄ նախագահի ընտրություն, այդ պաշտոնում վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ Աբրահամյանի, ՌՀՄ գլխավոր խնդիրը ռուսական պետության, ազգամիջյան խաղաղության եւ համաձայնության ամրապնդումն է: Ուստի եւ երկուսուկես միլիոն հայերի շահերը ներկայացնող Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է ակտիվորեն մասնակցել Ռուսաստանի հասարակական կայնքին:

ՌՀՄ-ն ծրագրում է նաեւ հակազդել էթնիկ ծայրահեղականության, քսենոֆոբիայի, ռասայական եւ ազգային անհանդուրժողականության, ահաբեկչության դրսեւորումներին: «Մեր խնդիրն է հանդուրժողականություն դաստիարակել աճող երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ ամրապնդել հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ավանդույթները», Ինտերֆաքսը փոխանցում է Արա Աբրահամյանի խոսքերը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4