«Խորան իմացության»-ը հարցեր է ստանում հաշմանդամ մարդկանց նկատմամբ եկեղեցու վերաբերմունքի մասին: Այս մասին է հարցուպատասխանը հոգեւորականի հետ, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ընթերցողների հարցերին պատասխանում է Տ. Եսայի քհն. Արթենյանը` Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու լուսարար:
- Ժամանակին մարդիկ անիծյալ են համարել հաշմանդամ նորածիններին, համարել են, որ նրանք վատ ժամանակների մասին են գուժում: Եկեղեցականների կարծիքը եւ վերաբերմունքն այս հարցի մասին չգիտեմ: (Էլզա Հովհաննիսյան, 21 տ.)
- Այո, նման դեպքեր հայտնի են մեզ ինկվիզիցիայի շրջանից, որ հայ եկեղեցու հետ ոչ մի կապ չունի, քանի որ նման ծայրահեղ մտածելակերպը մեզ հարիր չէ: Այսօրվա քրիստոնյա աշխարհը միանշանակ խոտելի է համարում այս տեսակ մտածումը եւ հաշմանդամին ընդունում է որպես հասարակության լիարժեք անդամի: Հիշենք միայն ավետարանական այն դրվագը, երբ Հիսուսը բուժեց ի ծնե կույր մի մարդու: Նրան հարցրեցին, թե ո՞ւմ մեղքի պատճառով է նա կույր` ի՞ր, թե՞ ծնողների: Քրիստոսը պատասխանում է, ոչ իր եւ ոչ ծնողների, այլ Աստծու փառքի համար: Ուղղակի պատասխան չտալով` Քրիստոսը մեզ սովորեցնում է փնտրել ոչ թե պատճառը, այլ ելքը: Այս հարցում կարեւոր է նաեւ հասկանալ, որ Աստված չի պատժել հաշմանդամին մտավոր կամ ֆիզիկական անկարությամբ: Նկատի ունենանք, որ ֆիզիկապես առողջ մարդը կարող է ավելի դժբախտ լինել, քան հաշմանդամը:
- Լսել եմ, որ հաշմանդամների` հատկապես խուլերի եւ համրերի շրջանում մեծ տարածում ունեն աղանդավորները: Ի՞նչ աշխատանքներ է տանում Հայ առաքելական եկեղեցին նրանց աղանդավորական ցանցերից զերծ պահելու համար: (Պետրոս, 32 տ., Երեւան)
- Ցավոք, այդպես է: Օգտվելով այն հանգամանքից, որ խուլերը մարդկանց հետ շփման եւ մանավանդ հոգեւոր աշխարհի հետ առնչվելու մեծ քաղց ունեն, աղանդավորները վարձում են ժեստերի լեզվի թարգմանիչներ եւ հոգեորսությունն իրականացնում այդ կերպ: Լսողական խնդիրներ ունեցողներն էլ գնում են այդ հավաքներին, քանի որ իրենց համար էական չէ, թե ո՞վ եւ որքան հավաստի է քարոզում, կարեւորվում է այն, որ ասելիքը հասկանալի լեզվով է ասվում` ժեստերի լեզվով: Ի՞նչ է անում եկեղեցին: Միայն այս մարդկանց հասկանալի լինելու համար ես` որպես հոգեւորական սովորել եմ ժեստերի լեզուն եւ այցելում եմ լսողական խնդիրներ ունեցող մարդկանց շաբաթական երկու անգամ, իրենց մշակույթի պալատում: Այնտեղ կազմակերպում ենք հոգեւոր քարոզի ժամեր, որ անցկացնում եմ նրանց հասկանալի լեզվով: Բացի այդ, շուտով մենք կտպագրենք հոգեւոր ժեստերի բառարան: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում Վանաձորում կիրականացվի մի ծրագիր, որի շնորհիվ հոգեւորականները Վանաձորում կսովորեն ժեստերի լեզուն:
- Հետաքրքրական է, ինչպե՞ս են շփվում հոգեւորականները հոգեկան հիվանդների հետ: Դրա համար նրանք համապատասխան հոգեբանական եւ հոգեբուժական պատրաստվածություն ստանո՞ւմ են: (Օլյա, Լեւոն)
- Ո՛չ, սակայն վստահ եմ, որ Ավետարանն արդեն ինքնին, որպես համապարփակ գիտելիքների աղբյուր, տալիս է բանալին, որով կարելի է բացել նույնիսկ խաթարված հոգեկան հուզաշխարհ ունեցող մարդկանց սրտի դռները: Իհարկե, փորձառությունն էլ նշանակություն ունի, սակայն չմոռանանք, որ Ավետարանն ընդհանրապես մեզ տալիս է մեր նմանի հետ վարվելու կանոնները: Ավետարանը մեզ սովորեցնում է սիրել, որ այս մարդկանց հետ շփվելու նախապայման է: Հոգեւորականի հարաբերություններում կարեւորվում է աղոթքն այդ մարդու համար, նրա հետ շփումն ու զրույցը` առանց շտապողականության ու ձանձրույթի: Ամենակարեւորը` ժամանակը չխնայել ու քրիստոնեական սիրով շփվել:
- Հոգեւորականները պետք է որ ամենակարեկցողն ու հոգատարը լինեն ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցողների նկատմամբ: Կարո՞ղ եք նշել գեթ մի ակցիա, որ կատարում են հայ եկեղեցու սպասավորները նրանց համար: (Արփինե, Վանաձոր)
- Կարեկցանքի մասին եկեք վերապահումով խոսենք, քանի որ եթե այն չափազանց է, կարող է նույնիսկ վիրավորել հաշմանդամին, իսկ հոգատարութունը կարեւոր է թե՛ հաշմանդամների, թե՛ առողջների համար: Իմ կարծիքով, հաշմանդամների հետ պետք է հարաբերվել որպես հավասարը հավասարի հետ, որ նա լիարժեքության զգացումով ապրի իր կյանքը:
Իսկ թե ինչ են անում հոգեւորականները... Ես այցելում եմ Խուլերի միություն, «Փյունիկ» ՀԿ, Սբ. Սարգիս եկեղեցուց տեր Հակոբ քհն. Խաչատրյանը հանդիպում է կույրերի հետ, Հայ առաքելական եկեղեցուն կից գործում է «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամը, որ աշխատում է մահամերձ հիվանդների հետ, Սբ. Երրորդություն եկեղեցու ծխականները, Երիտասարդաց ու տիկնանց միության անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Հաղթանակ գյուղի ծերանոց, ոմանք այցելում են կույր ընտանիքների, որոնց բերում են եկեղեցի պատարագին մասանկցելու: Առայժմ այսքանը կարող եմ ասել:
- Հարեւանուհիս արհեստական ընդհատմամբ հեռացրեց իր ապագա երեխային, քանի որ բժիշկները զգուշացրել էին, թե նա կարող է հաշմանդամ լինել: Ինչպե՞ս եք գնահատում: (Լիլյա, 54 տ.)
- Մարդասպանություն է: Անկախ նրանից, թե երեխան ինչպիսին է, նա իրավունք ունի ծնվելու, քանի որ նա հոգի է արդեն մոր արգանդում: Անկախ ամեն ինչից հղիության արհեստական ընդհատումը մեղք է:
- Եթե երեխան ծնվել է շրթունքի կամ ականջների արատով, նրա պլաստիկ վիրահատությունը մե՞ղք է, թե ընդունելի գործողություն: (Արամ, բժիշկ)
- Եթե երեխան այնպիսի արատով է ծնվել, որ խանգարում է նրան հասարակության մեջ կայանալու, սոցիալականացվելու, մեղք չէ, այլ անհրաժեշտություն: Ուրիշ բան է, եթե մեկը պլաստիկ վիրահատության է դիմում «վերաձեւելով» Աստծուց եւ իր ծնողներից իրեն բաժին ընկած արտաքինը: Սա ցանկալի չէ եւ համարվում է մեղք: Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է, որ գեղեցկության չափանիշը ոչ թե մարդու արտաքինն է, այլ հոգին: Իհարկե, այսօրվա շատ երիտասարդների համար սա կարող է խորթ եւ անընկալելի լինել, սակայն դա է ճշմարիտ քրիստոնյային հարիր մոտեցումը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ձեր հարցերը հոգեւորականին կարող եք ուղղել հետեւյալ հասցեներովՙ Երեւան, Հանրապետության 47 կամ` column@azg.am :