«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԻՎՆ ԱՎՍՏՐԻԱՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

Մեր թերթի մի շարք հրատարակումներից ընթերցողը որոշ չափով տեղյակ է ավստրիահայ համայնքում տիրող իրավիճակի մասին: Նախ տեղեկացրել էինք, որ տեղի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ընդհանուր ժողովի գումարումը 2 անգամ հետաձգվել է համայնքի ներսում առկա տարակարծությունների պատճառով, որոնց մասին հետագայում, մայիսի 6-ին, բավականաչափ տեղեկություն տրվել էին վարչության նախկին անդամ պրն Միսաք Գասպարյանի հետ մեր հրապարակած հարցազրույցում, որին կցել էինք, բազմակարծությունը ապահովելու մտահոգությամբ, հակադիր ճակատի ներկայացուցիչներից` վարչության ներկայիս ատենապետ պրն Արման Պարութչուի հետ հեռախոսային հարցազրույցը: Փաստորեն, ավստրիահայ մեր համայնքում ստեղծվել է մի վիճակ, որտեղ մի խումբ ազգայիններ ձգտում են համայնքի ընդհանուր ժողովում ընտրվել վարչության անդամ եւ, իրենց ասելով, կարգուկանոն ու թափանցիկություն ապահովել համայնքի գործերում, մինչ գործող վարչությունը եւ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Մեսրոպ արք. Գրիգորյանը առարկում են տարբեր վայրերից ու հատկապես Հայաստանից վերջերս Ավստրիայում բնակություն հաստատածների հոծ թվով անդամակցմանը, մտավախելով, թե Հայ առաքելական եկեղեցուն նրանց անդամակցումը արհեստական է, ընտրական հաշվարկներ է հետապնդում եւ, հետեւաբար, հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որի պատճառով վարչությունը դիմել է Մայր աթոռ` Վեհափառ հայրապետի իրավախոհությանը եւ ստացել, մեր կարծիքով, արդար կարգադրություն:

Այսպիսով, առաջիկա կիրակի օրը, մայիսի 28-ին, Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցում գումարվելու է ընդհանուր ժողովը, որի արդյունքում, մաղթում ենք, ընտրվի համախոհական վարչություն:

Մինչ այդ հրապարակում ենք, ի պատասխան նախապես մեր հրատարակած նյութերի, վարչության պաշտոնական հաղորդագրությունը, զանց առնելով մի քանի հատվածներ, որոնք մեր կարծիքով խիստ անձնական են եւ վիրավորական բնույթի:

Տողատակին ներկայացնում ենք նաեւ խմբագրության մի քանի նկատառումները:

27 ապրիլ 2005 դկտ. Ազընբաուըր եւ դկտ. Համբարձում Յարութիւնեան հայերէն եւ գերմաներէն լեզուներով շրջաբերական մը հրապարակեցին, որուն մէջ կը բացայայտէին իրենց շարժումը եւ ծրագիրը` «Մենք ենք ժողովուրդը, մենք ենք եկեղեցին» նշանաբանով: Ծրագրի գլխաւոր կէտերն են.

- Ցեղասպանութեան ճանաչումը աւստրիական կառավարութեան մօտ:

- Հայաստանցի գաղթականներու վերադարձը հայրենիք:

- Հայաստանի Հանրապետութեան հետ սերտ համագործակցութիւն մշակութային, ընկերային եւ տնտեսական հարցերու մէջ:

Ինչպէս կ՛երեւայ բացայայտօրէն, շարժման ծրագիրը բացարձակապէս կապ չունի եկեղեցւոյ հետ, այլ առաւելաբար քաղաքական-ընկերային-տնտեսական-մշակութային նկարագիր ունի եւ կրնայ որեւէ ընկերային-քաղաքական կամ տնտեսական միութեան կամ կազմակերպութեան կողմէ հետապնդուիլ եւ իրագործուիլ: Միակ մշակութային կէտը, որ համայնքին հետ կ՛առընչուի, «Յովհաննէս Շիրազ» դպրոցի պարագան է:

Բարեբախտաբար «Յովհաննէս Շիրազ» շաբաթօրեայ դպրոցը շատ լաւ կազմակերպուած եւ փայլուն վիճակ ունի տնօրէնուհի տիկ. Աղաւնի Բարոյանի եւ փոխ-տնօրէնուհի տիկ. Ամիրեանի ղեկավարութեան ներքոյ: Պատահական չի կրնար ըլլալ, որ դպրոցի նախկին տնօրէններէն` պրն Գրիգոր Հալաճեան` Պոլսոյ «Մարմարա» թերթի այս տարուան մարտ 9-ի համարին մէջ կը գովէ «Յովհաննէս Շիրազ» շաբաթօրեայ դպրոցը:

Հետաքրքրական է եւ նշանակալից, որ շրջաբերականի հեղինակներէն դկտ. Համբարձում Յարութիւնեան 15 տարիէ ի վեր եկեղեցի չի յաճախեր, իսկ դկտ. Հայկ Ազընբաուըր նուազագոյնը վերջին 10 տարիներուն հայոց եկեղեցի չէ մտած: Այս անձինք կը յայտարարեն շրջաբերականին մէջ, թէ իրենք են ժողովուրդը, իրենք են եկեղեցին, եւ ոչ հոգեւոր հովիւը կամ եպիսկոպոսը եւ ոչ իսկ կաթողիկոսը: Հարց կը ծագի, թէ ինչպէ՞ս նման մարդիկ պիտի գործեն եկեղեցւոյ մը կամ եկեղեցական համայնքի մը մէջ, որուն գլուխը եւ ընդհանրապէս Հայաստանեայց առաքելական ս. եկեղեցւոյ գլուխը Ամենայն հայոց հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ սրբազնագոյն կաթողիկոսն է: Մեկնաբանութիւնը կը թողունք ընթերցողաց:

«Մենք ենք ժողովուրդը, մենք ենք եկեղեցին» շարժման երրորդ գլխաւոր անձն է` Սիսաք Գասպարեանը, համակարգիչի մասնագէտ, որ ըստ երեւոյթին Երեւանի մէջ եւս գործի ձեռնարկած է վերջին շրջանին. յաճախ Հայաստան կ՛երթայ եւ «Ազգ» թերթին մէջ հարցազրոյցներ կը հրատարակէ: Շուրջ 21 տարիներ առաջ նա Դամասկոսէն գալով մուտք գործած է Մխիթարեանց դպրեվանք` հոգեւորական դառնալու նպատակով: Մի քանի տարիներ թողած է վանքը եւ հետեւած աշխարհիկ կեանքի ու գործի: 2004 թուի յունիս ամսուն, երբ Աւստրիահայ համայնքի ընտրական ընդհ. ժողով կը գումարուէր, Սրբազան հայրը առաջարկեց իրեն որպէսզի մասնակցի վարչութեան եւ ստանձնէ ազգային շէնքերու մատակարարութիւնը` համակարգչային սիստեմով: (1)

Որոշ ժամանակ անց նա ջանքեր ի գործ դրաւ եկեղեցոյ դրամատան հաշիւները իր հսկողութեան ներքոյ առնելու, եւ երբ ձախողեցաւ, գանձապահ եւ փոխատենապետ` պրն Պօղոս Կիրակոսեանի հետ գժտուեցաւ եւ հրաժարեցաւ վարչութեան անդամակցութենէն: Առ ի տեղեկութիւն, պրն Կիրակոսեան ծնած եւ ուսում ստացած է Լիբանան, Հ.Բ.Ը. Միութեան վեթերան անդամ է, 1976 թուին գործով իբր ՄԱԿ-ի պաշտօնեայ փոխադրուած է Աւստրիա, տարիներով համայնքի եկեղեցական վարչութեան գործօն հաշուեքննիչ անդամ եղած է որպէս Ս. Էջմիածնի եկեղեցւոյ հաւատարիմ եւ անձնազոհ անձ: Նմանապէս անձնազոհողութեամբ կ՛աշխատին վարչութեան գործադիր ատենապետ ճարտարագէտ պրն Արման Պարութչու եւ նուիրեալ վարչական պրն Հայրապետ Շարպութեան: Պրն Գասպարեան հրաժարելէ ետք, 2005 թուի ընդհ. ժողովին առաջարկեց ազգային եկեղեցական կալուածներու մատակարարութիւնը վճարումով կամ վարձատրութեամբ կատարել, բայց ժողովականներ միաձայնութեամբ մերժեցին իր առաջարկը եւ զարմանք յայտնեցին Գասպարեանի առաջարկին բացայայտ նպատակին համար: (2)

Պրն Գասպարեան վարչութեան ուղղեալ իր 18 մայիս 2006 թուակիր նամակին մէջ կը խոստովան, թէ Մխիթարեան հայրերու դպրոցները յաճախած, յաճախ անոնց եկեղեցին այցելած եւ սերտ յարաբերութիւն մշակած է եւ կը շարունակէ իր բարեկամութիւնը: Վերջին 21 տարիներուն նա մի քանի անգամ միայն այցելած է Հայոց եկեղեցի եւ շատ քիչ հայրենակիցներու հետ ծանօթութիւն հաստատած: 2004 թուի յունիսին, երբ Սրբազան հօր հրաւէրով մասնակցեցաւ վարչական ընտրութեան, ժողովուրդին մեծամասնութիւնը չէր ճանչնար զինք: Անհասկնալի է, թէ ինչու տղան, այժմ 18-20 տարեկան, նոր բերաւ հայ առաքելական եկեղեցի` մկրտութեան համար: Արդեօք մկրտութիւնները հաւատքի համոզումո՞վ կը կատարուին, թէ ընտրական պայքարի մասնակցելու նպատակաւ: (3)

Վերջին 2005-2006 տարուան ընթացքին դկտ. Հայկ Ազնբաուըր եւ պրն Միսաք Գասպարեան զանգուածային մկրտութիւններ կազմակերպեցին եւ վարչութեան ներկայացուցին աւելի քան 100 նոր մկրտուածներու անուններ, պահանջելով որ անոնք մասնակցին ընտրական ընդհ. ժողովին: Պատահաբար վարչութիւնը ներկայացուած ցանկերու մէջ սխալներ գտաւ եւ այդ պատճառաւ երկիցս յետաձգեց ժողովը, որպէսզի կարողանայ ստուգումներ կատարել: Այսպէս, օրինակ, քոյր-եղբայր զոյգ մը, զաւակները Շուբերտ ընտանիքի, վաղուց մկրտուած են հռոմէական-կաթողիկէ եկեղեցւոյ մէջ, ընտրական ցանկերուն առաջարկուած են` իբր նոր մկրտուած հայ-առաքելական անդամներ: Նմանապէս Հայաստանէն արտագաղթած ամուսնացած զոյգ մը, որոնք 50-60 տարի առաջ մկրտուած են, վարչութեան ներկայացուած են որպէս 2005 թուին մկրտուած անձինք: Աւելին, Ազընբաուըր-Գասպարեան անձնապէս, անոնց համար մէկ տարուան անդամատուրք վճարած են, որպէսզի կարենան ընդհ. ժողովին մասնակցիլ եւ իրենց համար քուէարկել: Բայց իրականութեան մէջ ենթակաները այդ մասին տեղեակ անգամ չեն: (4)

Վարչութիւնը պարտաւորուեցաւ դիմել Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ սրբազնագոյն եւ ընդհանրական կաթողիկոսին` որպէսզի մեկնաբանութիւն եւ որոշում յայտնէ նոր մկրտեալներու քուէարկութեան իրաւունքի մասին, քանի համայնքի անդամակցութեան հիմնական պայմաններն են` երեք տարուան բնակութիւն Աւստրիոյ մէջ-գլխաւոր կամ հիմնական բնակատեղին ունենալով երկրին մէջ, եւ երեք տարուան անդամատուրքի վճարում` ժողովէն 14 օր առաջ: Վեհափառ հայրապետը մայիս 4-ին հարցը քննարկելով Գերագոյն հոգեւոր խորհուրդի մէջ, հետեւեալ պատասխանը ուղարկեց Սրբազան հօր եւ վարչութեան. «Ձեր հարցում-առաջարկը քննարկուելով Գերագոյն հոգեւոր խորհրդում, հաստատուել է` բանաձեւուելով ըստ հետեւեալի. Չափահասների մկրտութեան եւ յարանուանութիւններից կամ եկեղեցիներից Հայ եկեղեցի դարձող անձինք ընդհանուր անդամական ժողովին քուէարկութեան իրաւունքով կարող են մասնակցել` նուազագոյնը երկու տարուայ անդամակցութիւնից յետոյ, իսկ ընտրուել` երեք տարուայ անդամակցութիւնից յետոյ»:

Արդ, այս պատասխանի հիման վրայ վարչութիւնը որոշեց ընտրական ընդհ. ժողովը գումարել մայիս 28-ին, Հայաստանի Ա. հանրապետութեան տարեդարձի օրը: Ազընբաուըր-Գասպարեան խումբի թեկնածուներէն զատ 7-8 անկախ հայրենակիցներ տեղեկագրած են իրենց թեկնածութիւնը: Կը յուսանք խաղաղ պայմաններու մէջ կ՛ընտրուի մի այնպիսի եկեղեցական վարչութիւն, որ անձնուիրութեամբ եւ անշահախնդրութեամբ կ՛աշխատի Աւստրիոյ հայ առաքելական համայնքի եւ Ս. Էջմիածնի հպատակ Ս. Հռիփսիմէ եկեղեցւոյ բարեզարդութեան համար:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԱՒՍՏՐԻՈՅ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Վիեննա, մայիս 2006

1) Չենք կարծում, որ որեւէ մեկի հարցազրույց տալը որեւէ թերթի, այդ թվումՙ «Ազգ» օրաթերթին, հավասար է խարդավանքի:

2) Կարծում ենք, որ որեւէ վարչության որեւէ անդամի իրավունքն է դրամատան հաշիվներին տեղյակ լինելը: Տվյալ անձից ստացած մեր տպավորությամբ, կասկածում ենք, որ նա պահանջել է վարձատրություն կամ վճարում հասարակական գործի դիմաց:

3) Ընտրական նպատակներով թե այլապես, համենայն դեպս լավ է, որ 18-20 տարեկան երիտասարդը ներկայացել է Հայ առաքելական եկեղեցիՙ մկրտվելու: Դրա համար պետք է միայն գոհ լինել:

4) Տարակուսում ենք, որ պարոնայք Ազնբաուեր եւ Գասպարյան «զանգվածային մկրտություններ կազմակերպած» լինեն. քահանա՞ են, թե՞ վարդապետ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4