Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրը: «Հրազդան» մարզադաշտում կայացած «Կիլիկիա»-«Գանձասար» հանդիպումը մեկ անգամ եւս ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ խաղային եւ տարածքային առավելությունը դեռեւս հաջողության գրավական չէ: Առաջին խաղակեսում «Գանձասարը» նման առավելություն ուներ, անընդհատ գրոհում էր մրցակցի դարպասը, սակայն այդպես էլ չկարողացավ այն վերածել գոլերի: Գոլային հարմար պահերը չիրացրին Մանուչարյանը, Պետրոսյանը: Իսկ ահա «Կիլիկիան», որը խաղը կառուցել էր հակագրոհների վրա, գերազանց օգտագործեց գոլ խփելու հնարավորությունը: «Կիլիկիայի» առջեւի գծում միմյանց հետ լավ էին համագործակցում Էրզրումյան եղբայրները, որոնք այսօր թիմի գլխավոր հարվածային ուժն են: Նշան Էրզրումյանը եւս մեկ անգամ գերազանց դրսեւորեց ռմբարկուի իր հատկանիշները եւ դեռեւս առաջին խաղակեսում 2 գոլ խփեց:
Ընդմիջումից քիչ հետո աչքի ընկավ Հայկ Ավետիսյանըՙ հաշիվը դարձնելով 3-0: Այդ գոլից հետո հանդիպման ելքը փաստորեն վճռվեց: Հյուրերը հաշտվեցին պարտության մտքի հետ: Նրանք այնքան էին ընկճվել, որ նույնիսկ խաղավերջում չկարողացան իրացնել 11 մ հարվածը: Գագա Թբիլաշվիլու հետ մենամարտում հաղթող դուրս եկավ «Կիլիկիայի» դարպասապահ Վլադիմիր Վարդանյանը:
«Կիլիկիայի» ավագ մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ նախորդ խաղում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո շատ դժվար էր տղաներին հոգեբանորեն նախապատրաստել այսօրվա հանդիպմանը: Թիմն ընտրել էր հակագրոհների տակտիկա, որն իրեն արդարացրեց: Նա նաեւ արդարացիորեն նկատեց, որ եթե Նշան Էրզրումյանը չօգտագործեր գոլային պահերը, հնարավոր էր խաղն այլ ընթացք ունենար:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը բնականաբար դժգոհ էր թիմի ելույթիցՙ նշելով, որ թե՛ պաշտպանները կոպիտ սխալներով խաղացին, թե՛ հարձակվողները չկարողացան օգտագործել գոլային պահերը: Ընթացիկ առաջնությունում առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել «Ուլիսին», թեեւ թիմի խաղը վատ տպավորություն չի թողնում: «Բանանցի» հետ խաղում էլ «Ուլիսը» պարտվեց: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: 53-րդ րոպեին «Բանանցը» 11 մ հարվածի իրավունք ստացավ եւ Արամ Հակոբյանը հստակ իրացրեց այն: Իսկ խաղավարտից չորս րոպե առաջ նույն Հակոբյանը կրկնապատկեց հաշիվը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 6 | 6 | 0 | 0 | 23-1 | 18 |
2. Միկա | 6 | 4 | 1 | 1 | 10-5 | 13 |
3. Բանանց | 6 | 3 | 1 | 2 | 13-5 | 10 |
4. Կիլիկիա | 6 | 2 | 2 | 2 | 8-10 | 8 |
5. Գանձասար | 7 | 2 | 2 | 3 | 5-12 | 8 |
6. Արարատ | 7 | 2 | 2 | 3 | 5-11 | 8 |
7. Շիրակ | 7 | 1 | 4 | 2 | 6-18 | 7 |
8. Ուլիս | 7 | 0 | 0 | 7 | 5-13 | 0 |
Ռմբարկուները
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 6 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 5 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 5 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 4 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 4 |
Բորիս Մելքոնյան | «Փյունիկ» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ